Երևան +13°
copy image url
Ներքին Մշակույթ 1 տարի առաջ - 22:00 13-11-2022

Էմիլ Զոլան լուսանկարիչ

Քչերը գիտեն, որ «Թերեզ Ռաքեն», «Նանա», «Փողը» վեպերի ու բազմաթիվ այլ գրական երկերի հեղինակ Էմիլ Զոլան նաև լուսանկարիչ էր։



Ֆրանսիացի գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ, նատուրալիստական շարժման առաջնորդ ու տեսաբան Էմիլ Զոլայի համար լուսանկարչությունը թեև հոբբի էր, սակայն նրա կարճատև այս հրապուրանքի արդյունքում մեզ են հասել ավելի քան յոթ հազար լուսանկարներ տարբեր թեմաներով` դիմանկարներից մինչև ժանրային ու կոմպոզիցիոն պատկերներ:



Զոլան լուսանկարչությամբ սկսել է հետաքրքրվել 1894 թվականին, երբ արդեն 54 տարեկան էր։ Լուսանկարչության հանդեպ կիրքը նրան չի լքել մինչև իր կյանքի վերջը։ Այս նոր արվեստով գայթակղված գրողը կյանքի վերջին յոթ տարիների ընթացքում իր բոլոր տներում ստեղծել է ֆոտոլաբորատորիաներ: Նա օգտագործել է բազմաթիվ լուսանկարչական սարքեր։





Զոլայի լուսանկարների մեծ մասն արվել է Փարիզում` 19-րդ դարի վերջին և 20-րդի սկզբին։ Երբ 1899 թվականին, Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի փակումից հետո, արվեստների մայրաքաղաքում տեղադրված մնաց Էյֆելյան աշտարակը, դրա դեմ բողոքի նամակ գրած մտավորականների մեջ էր նաև Էմիլ Զոլան։ Նա էլ էր միացաել Ալեքսանդր Դյումա որդուն, Մոպասանին և այլոց, ովքեր փարիզեցիներին կոչ էին անում` «հանուն ճաշակի, հանուն ֆրանսիական արվեստի, որոնց վտանգ է սպառնում, բողոքի պայքար սկսել մեր մայրաքաղաքի սրտում անպետք ու տգեղ Էյֆելյան աշտարակի կառուցման դեմ»։ Իր այս բողոքին ու ընդվզմանը հակառակ, շատ կարճ ժամանակ անց Էյֆելյան աշտարակն անընդհատ հայտնվում է Զոլայի լուսանկարներում։ Նրա օբյեկտիվում առհասարակ Փարիզն է` իր կյանքով, կենցաղով, պատահական անցորդներով։ Նա շատ է նկարել իր ընտանիքի անդամներին` կնոջն ու երեխաներին, սիրուհուն` Ժաննային, որն ապրում էր Իվելինի հատվածում գտնվող իր տան մոտ։




Զոլայի լուսանկարչական հավաքածուն մինչև վերջերս գտնվում էր գրողի թոռան՝ բժիշկ Ֆրանսուա Էմիլ-Զոլայի մոտ։ Սակայն, մի քանի տարի առաջ դրանք վաճառվեցին աճուրդում։ Ներկայացված լոտերի 92%-ը վաճառվել է 370 000 եվրոյով, արդյունքը երկու անգամ գերազանցել է սպասված 150 000 եվրոն։ Այս հավաքածուում ներառված էին լուսանկարներով ալբոմներ, առանձին կլիշեներ, նեգատիվներով ապակյա ափսեներ, վինտաժ տեսախցիկներ և նույնիսկ խալաթներ, որոնք Զոլան հագել էր լաբորատորիայում աշխատելիս:

Աճուրդում ներկայացված մյուս լոտի սեփականատեր է դարձել Ֆրանսիայի ճարտարապետության և ազգային ժառանգության մեդիա գրադարանը` քաղաքային պատկերներով լուսանկարների համար վճարելով 49,4 հազար եվրո։

Գրողի դստերը՝ Դենիսին պատկերող լուսանկարների շարքը վաճառվել է 35000 եվրոյով։ Ֆրանսիայի ազգային գրադարանը ձեռք է բերել Զոլայի որդու՝ Ժակի հիսուն լուսանկարներով ու նաև «Դենիսը և Ժակը. դիմանկարներ» ալբոմները, յուրաքանչյուրը 13000 եվրոյով։
Փարիզի Օրսե թանգարանը նույն գնով գնել է 1897 թվականի «Դենիս և Ժակ. իրական պատմություն» ալբոմը։ Գրողի սիրուհու՝ Ժաննայի պատկերներով լուսանկարչական ալբոմը, որտեղ կար 29 լուսանկար, վաճառվել է 4,4 հազար եվրոյով։





Պատահական չէ, որ այս լուսանկարաները հիմնականում գնել են թանգարանները։ Ճիշտ է, Էմիլ Զոլան պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէր, նկարել է իր հաճույքի ու հետաքրքրության համար, այնուամենայնիվ, նա կարողացել է որսալ հետաքրքիր ու դիտարժան պահեր, պատմությանը թողել է իր սիրելի քաղաքի պատկերը, մթնոլորտը, միջավայրը, մարդկանց դեմքերը, կենցաղն ու ապրելակերպը։ Կարելի է ասել, որ սրանք պարզապես լուսանկարներ չեն, այլ պատմության լուռ ու միևնույն ժամանակ շատ խոսուն վկաներ։

Նաիրա Եղիազարյան