Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:14 13-11-2022

Երբ Փաշինյանն ասում է՝ 2007 թ-ին Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, պետք է ասի, թե որ պայմանագրով է ճանաչել, նման փաստաթուղթ գոյություն չունի․ Ալեքսանդր Մանասյան

Վարչապետին պետք է հարց ուղղել՝ ինչ փաստաթղթերի հիման վրա է նաև ասում, որ 2007 թ-ին Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։

Այդպիսի հայտարարությունը պետք է իրավաբանորեն հիմնավորված լինի։ Եթե նույնիսկ բանավոր պետական գործիչը որևէ բան է ասում, դա պաշտոնական հիմք չէ, նման բանավոր խոսքը չունի իրավական ուժ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախօրեին հնչեցրած պնդմանը, թե իրականում Հայաստանը 2007 թ-ին ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազնում։

«Նույնպիսի մի բան ասվում էր 1991 թ-ի Ամլաաթայի հայտարարության մասին, բայց Ալմաաթան էլ իրավական փասատաթուղթ չէ, դա պետությունների հայտարարություն է, բայց խնդիրն այն է, որ այդտեղ ոչ թե պետությունների սահմանների ճանաչման հարցն էր և ոչ թե ավարտված պրոցես կար, այլ ուղղակի պրոցես էր, որը պետք է ճշգրտվեր իրավական հիմքերով։

Տեսեք, օրինակ, երբ ՌԴ նախագահն ասում է, որ քարտեզներն իրենց մոտ են՝ նա բացի քարտեզները ցույց տալուց, պետք է ցույց տա այդ քարտեզների հիմքերը, քարտեզը նկար է, իրական խոսակցությունը կարող է լինել փաստաթղթերի, այդ քարտեզների իրավական հիմքի մասին։

Օրինակ, 1912 թ-ին կնքված Կարսի պայմանագրով՝ Նախիջևանը տրված էր Խորհրդային Ադրբեջանի հովանավորությանը, ընդամենը՝ հովանավորությանը։ Հետագայում այդ պայմանագիրը խախտվել է կամայական ձևով և Նախիջևանը ներկայացվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն։

Այստեղ միջազգային պայմանագիրն է կարևոր, իսկ միջազգային պայմանագրով դա Ադրբեջանի տարածք չէ, այլ Ադրբեջանի հովանավորությանը հանձնված տարածք։

Ընդ որում՝ միջազգային պայմանգրով նախատեսվում էր հայ փասխտականների վերադարձ իրենց տներ, բայց 1928-1929 թթ-ին Ադրբեջանն հայտարարեց, որ այդ հողերը, որոնք ազատվել են դուրս եկած փախստականներից՝ անգամ ադրբեջանցի գյուղացիների համար են քիչ։

Սա, իհարկե, ցինիկ պատասխան էր, որովհետև միջազգային պայմանագրով նախատեսված էր հայ փախստականների վերադարձը Նախիջևան։ Դրանից հետո՝ ոչ մի հիմնավորում միջպետական որևէ պայմանագրով չի եղել Նախիջևանի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ։

Այսօր գործող պայմանագիր է համարվում Կարսի պայմանագիրը, որով Նախիջևանն Ադրբեջանին չի պատկանում։ Մեր քաղաքական այրերը դրա մասին գիտե՞ն»։

Նա նաև անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին՝ նշելով, որ այստեղ էլ կարելի է հղում կատարել խորհրդային հանրագիտարանի առաջին հրատարակության մեջ տպագրված քարտեզին, որտեղ Ալ լճերը Հայաստանի մաս են։

«Այս պայմաններում խնդիր է առաջանում ցույց տալու, թե որ պայմանագրով, որ իրավական ակտերով են այդ հողերը հայտվնում Ադրբեջանի կազում, պետք է խոսել իրավական ակտերով։ Այսինքն, երբ Փաշինյանն ասում է՝ 2007 թ-ին Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, պետք է ասի, թե որ պայմանագրով կամ համաձայնագրով է ճանաչել։

Պետք է խոսել փաստաթղթերով, փաստաթղթի անուն պետք է տա, նման փաստաթուղթ գոյություն չունի։ Կա մեկ փաստաթուղթ միայն, որ ընդունվել է 1992 թ-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից, որտեղ ասված է, որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում որևէ փաստաթուղթ ներքին կամ արտաքին, որով Լեռնային Ղարաբաղը կնշվի Ադրբեջանի կազմում։ Այդ դա փաստաթուղթ էր, իսկ 2007-ին որևէ նման փաստաթուղթ չի եղել։ 1992 թ-ին ընդունված այդ հատուկ փաստաթղթին այն ժամանակ դեմ էր ՀՀՇ-ն, բայց երկար քննարկումներից հետո, այն ընդունվել է։

Դրանից հետո, եթե անգամ երկրորդ կամ երրորդ նախագահը որևէ խոսք ասեին, միևնույն է բանավոր խոսքը դատարկ խոսք է՝ Ազգային ժողովի 1992 թ-ի որոշման դիմաց»։

Նա նաև ընդգծեց, որ Եվրոպան դեռ Ալմաթայի հռչակագրից առաջ էլ ասում էր, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն խաղաղ բանակցություններով։

«Բոլոր որոշումներում էլ, բոլոր միջազգային կառույցները պնդել են, որ անթույլատրելի է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Ընդ որում՝ ուժի գործադրմամբ հարցի կարգավորման անթույլատրելիությունն ամրագրվում էր նաև ՄԱԿ-ի կանոնադրության միջոցով և Հելսինկյան եզրափակիչ ակտով։

Մինչդեռ Ադրբեջանն այսօր գլուխ է գովում, որ ուժ է կիրառել ու որևէ մեկը չի ասում, որ դա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

Այսինքն, ցեղասպանական պատերազմ սկսել, հետո ասել չկա՞ նման պրոբլեմ, սա նշանակում է վերադառնալ նախորդ դարի քաղաքականությանը, թե եթե հայ չկա, ուրեմն պրոբլեմ չկա։

Խնդիրը քաղաքականացված է, եթե մեր փորձագիտական և քաղաքական շրջանակները գրագետ գործեն՝ հարցը հայտնվելու է հենց այն կատեգորիալ շրջանակում, որի մասին ես պարբերաբար խոսում եմ, դա ցեղասպանություն է»։

Քաղաքագետև նաև հիշեցրեց, որ եթե Խորհրդային Ադրբեջանը միայն 1991 թ-ի դեկտեմբերի 29-ին է անկախության հանրաքվե անցկացրել, ապա Արցախը դա արել էր շատ ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին, իսկ արդեն դեկտեմբերի 12-ին կայացել է Ալմաաթիի հռչակագիրը։ Ընդ որում՝ 1988 թ-ին Եվրոխորհուրդը հայտարարել էր, որ արդար է համարում ղարաբաղցիների պահանջը և դեռ այն ժամանակ գտնում էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Խորհրդային Հայաստանի կազմում։

Հետո այլ որոշումներ են կայացվել, օրինակ, որ Արցախը կայացել է նույն հիմքով, ինչ կայացել է Ադրբեջանը և իրավական իմաստով Ադրբեջանը որևէ առավելություն չունի, եթե չհաշվենք, որ Ղարաբաղն ունի առավելություն, որովհետև 1991 թ-ի դեկտեմվերի 10-ին է կայացրել ինքնորոշման ակտ, ավելի վաղ, քան Ադրբեջանը։

Հիմա այդ բոլորը Եվրոպան չի՞ նկատում, մոռոցե՞լ է իր հայտարարությունները, չի՞ տեսել, որ ԽՍՀՄ լուծարման գործընթացում կա մի պետություն, որ օրինական ճանապարհով անկախացել է և ճանաչել է ապօրինի մի պետության՝ Ադրբեջանի Հանարպետությունը։

Նա հաշվի չի առել, որ կա Կարսի պայմանագիրր, որով Նախիջևանը չի ճանաչվում Ադրբեջանի մաս։ Հաշվի չի առել նաև այն, որ Ադրբեջանը 1991 թ-ին հրաժարվել է լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը և վերականգնել է Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը, որի կազմում չի եղել ոչ Նախիջևանը, ոչ Լեռնային Ղարաբաղ։ Այս ամենը ժողովրդավար Եվրոպան անտեսել է ու ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը։

Այս ամենով հանդերձ, եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված լիներ վերջնականապես, ապա Եվրոպան ընդհանրապես այս հարցով չէր զբաղվի։ Զբաղվել է, որովհետև Արցախյան հարցը լուծված չէր։ Իսկ հիմա էլ Հայաստանի ղեկավարն է այսքան իրավական փաստաթղթերն անտեսում, ասում է, թե ինչ-որ մեկը բանավոր ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազնում, դա լուրջ չէ»։

Մանասյանը նաև ընդգծեց, որ ողջ բանակցային գործընթացքում բազմաթիվ սխալներ են թույլ տրվել։

«Նման մի սխալ էր բանակցային գործընթացում ազատագրված կամ գրավված տարածքներ եզրույթի օգտագործումը։ Դրանք ադրբեջանական քարոզչության թեզեր էին, որ նետվում էին շրջանառության ու մենք անգիտակցաբար հաճախ դրանք կրկնում էինք։ Չկար ազատագրված տարածք, դրանք Արցախի հողերն էին, Քարվաճառը, Քաշաթաղը Արցախինն էին, Շահումյանն Արցախինն էր։ Մյուս սխալն այն է, որ բոլորն, այդ թվում՝ Մինսկի խումբը, շարունակ կրկնում էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին։

Ես 30 տարի է փորձում եմ բացատրել, որ հակամարտությունը սկսվել է 1918 թ-ից՝ դրանից 70 տարի առաջ։ Սա 100-ամյա կոնֆլիկտ է, 100 տարի է Արցախը դիմակայում է թուրքակյան ալիքին։

Ես կարծում եմ, որ այսօր էլ լուրջ վերլուծական կենտրոնների աշխատանքի կարիք կա, օրինակ՝ Ադրբեջանն անգամ բանաձևերի ու պայմանագրերի հետազոտության կենտրոն ունի, մենք ինչ ունենք։ Նման կենտրոնները կարևորն են, որպեսզի ողջ պրոցեսը ճիշտ ներկայացվի, այդ թվում պայմանագրերը»։