Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:54 11-11-2022

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարություն է տարածել, որում արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին Հայաստանի կառավարության նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված մեղադրանքներին։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հաջիզադեն մեղադրել է Հայաստանի վարչապետին՝ Ադրբեջանի նախագահի՝ նոյեմբերի 8-ին Շուշիում ունեցած ելույթը աղավաղելու համար։

Վերջինս հայտնել է, որ «հայկական կողմը փորձում է տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, ինչը միանգամայն հիմնազուրկ և անընդունելի է»։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը վնասում է պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին։

Հայտարարության մեջ նշվել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային իրավունքի խախտումների մասին մեղադրանքները ծայրաստիճան կեղծավորություն է։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա այսպես կոչված ազատագրել է իր տարածքները և վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։

Պաշտոնական Բաքուն նաև մեղադրել է Հայաստանին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն ամբողջովին չկատարելու մեջ։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Հայաստանը չի կատարել եռակողմ հայտարարության 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը։

Նշվում է, Հայաստանը մինչև այժմ «Ադրբեջանի տարածքից դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները», ինչի մասին խոստովանել են հայ պաշտոնյաները։ Հայտարարության մեջ ասվում է, դա ադրբեջանական կողմին թույլ է տալիս համարժեք քայլեր ձեռնարկել Արցախի տարածքում գտնվող հայկական ուժերի դեմ։

Ադրբեջանական կողմն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հայկական կողմն իր ստանձնած պարտավորությունների խախտմամբ խաթարում է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման գործընթացին՝ միևնույն ժամանակ նշելով, որ Բաքուն «ազնվորեն կատարում է իր պարտավորությունը» և անցկացնում Լաչինի նոր ճանապարհը։

«Նման դեպքում, Լաչինի ճանապարհը փակելու Ադրբեջանի մտադրության մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը հանդիսանում է ոչ այլ ինչ, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում»,- ասվում է հայտարարությունում։

Այխան Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանը Լաչինի ճանապարհի երկու ուղղություններով երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը, սակայն ռազմական նպատակներով ճանապարհի օգտագործումը անթույլատրելի է։

«Ինչպես խոստովանել են Հայաստանի պաշտոնյաները, հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, ինչպես նաև 2021 թվականին Հայաստանում արտադրված ականները տեղափոխվում են Ադրբեջանի տարածք։ Իսկ դա նշանակում է, որ հակառակ եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհը անօրինական ռազմական գործողությունների համար չարաշահելու դեպքերը շարունակվում են»,- նշել է նա։

Անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարություններին՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Փաշինյանը հայտարարության 9-րդ կետը բոլորովին սխալ է մեկնաբանում։ Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի տակ նկատի է առնվում հենց Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պատմական կապի վերականգնումը, որը նախատեսում է, որ այդ միջանցքն օգտագործվելու է խաղաղ և մարդասիրական նպատակներով։

«Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է բացել անարգել հաղորդակցություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այստեղ, ինչպես Լաչինի միջանցքում, խոսքը գնում է ճանապարհը միայն մարդկանց, բեռների ու տրանսպորտի, այլ ոչ թե զինվորականների համար օգտագործելու մասին։ Այս կապի ապահովման տնտեսական և հաղորդակցական կարևորությանը զուգընթաց, դրա մարդասիրական նշանակությունը անհերքելի է տարածաշրջանում ավանդական աշխարհագրական կապերի վերականգնման և, հետևաբար, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար»,- ասել է պաշտոնյան։