Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:48 06-11-2022

Շիրազի սիրտն ամփոփվել է Արարատի գագաթին

2006թ. հուլիսին չորս հայ վերելք են կատարել Արարատ լեռ եւ գագաթին ամփոփել բանաստեղծ Հովհաննես Շիրազի սիրտը: Խմբի կազմում էին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Գեւորգ Հաջյանը, նրա լեռնագնաց ընկերներ Ալբերտ Տոնեյանը, Հրաչ Մակարյանն ու Մխիթար Մխիթարյանը:

Այդ տարիներին Արարատը «փակ» լեռ էր հայերի համար: Հայկական ծագում ունեցող անձանց արգելված էր վերելք կատարել: Խմբի մասնակիցներն Արարատ բարձրանալու ու Շիրազի պատգամը կատարելու մասին առաջին անգամ խոսել են վերելքից երկու տարի անց միայն՝ 2008թ.-ին:

Գևորգ Հաջայանի խոսքով Հովհաննես Շիրազն իր ամենահարազատ մարդկանցից մեկի՝ զարմիկի, քանդակագործ Արա Շիրազի հայրն է:

«Դեռ փոքր տարիքում Արան հորն այցելելիս հաճախ ինձ իր հետ էր տանում: Այդ այցելություններից հիշողությանս մեջ քիչ բան է մնացել: Գիտեի միայն, որ ժողովրդի կողմից սիրված մարդու տուն եմ գնում: Իհարկե, այն ժամանակ մտքովս անգամ չէր անցնում, որ կարժանանամ մեծ բանաստեղծի սիրտն Արարատի գագաթին ամփոփելու պատվին:

Շիրազն արտակարգ հիշողություն ուներ: Արդեն համալսարանի երիտասարդ դասախոս էի, երբ մի անգամ Աբովյան փողոցում պատահաբար հանդիպեցինք: Թեեւ շատ վաղուց չէինք տեսնվել, ճանաչեց, ուշադիր նայեց ու հարցրեց՝ «Գեւի՞կն ես» (երբ փոքր էի, ինձ այդպես էին անվանում): Հարցուփորձ արեց՝ ինչո՞վ եմ զբաղվում, մերոնք ինչպե՞ս են: Երբ իմացավ, որ համալսարանի դասախոս եմ, շատ ուրախացավ: Հիշում եմ՝ բաժանվելիս խիստ դեմքով ասաց՝ «ապաշնորհներին ճամփա չտաս»: Բարեբախտաբար, նման ուսանողներ չունեցա:

Հոր մահվանից հետո Արա Շիրազը նրա սիրտը պահել էր տանը՝ ֆորմալինով լցված ապակյա անոթում: Հույս ուներ, որ մի օր կկարողանա կատարել բանաստեղծի պատգամն ու սիրտն ամփոփել Արարատի գագաթի հավերժական ձյուներում:

Գիտեր, որ Արարատի գագաթ բարձրանալը երազանքս է ու ինձ էլ պարբերաբար ասում էր՝ «եթե բարձրանալու լինես ու նույնիսկ ես չլինեմ, սրտի տեղը գիտես, կտանես հետդ»»,- mediamax-ի փոխանցմամբ ասել է Գևորգ Հաջայանը:

«2006թ.-ին մի ամերիկացու շնորհիվ քուրդ ուղեկցորդի տվյալներ գտանք, որը համաձայնեց մեզ Արարատում ուղեկցել:

Չգրված օրենք կա՝ լեռներ բարձրանում են մարդկանց հետ, որոնց վստահում են: Խմբում ընդգրկվեցինք ես, Ալբերտը, Հրաչն ու Գագիկը: Վերջինը, սակայն, անսպասելի վրա հասած պատճառով չկարողացավ գալ ու խմբում ընդգրկեցինք շատ փորձառու լեռնագնաց Մխիթար Մխիթարյանին:

Տարիներ անց՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Գագիկ Ավետիսյանը զոհվեց: Կարծում եմ՝ նրա համար իր ականանետով պաշտպանած բարձունքն Արարատից էլ բարձր էր:

Քրդերը մեզ շատ լավ էին վերաբերվում, բայց զգուշավոր էին, քանի որ հայերին Արարատ ուղեկցելն իրենց համար կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել: Երբ Բայազետ հասանք ու պատրաստվում էինք հյուրանոցում գիշերել, քուրդ ուղեկցորդը հասկացրեց, որ դա անցանկալի է: Նրա առաջարկով գիշերեցինք մոտակա գյուղում՝ իր ազգականի տանը:

Շիրազի սիրտն ամբողջ ընթացքում փոքրիկ ուսապարկի մեջ էր: Դրա ու առհասարակ վերելքի ընթացքում բանաստեղծի ցանկությունը կատարելու մտադրության մասին տեղյակ էի պահել միայն Հրաչին: Պատգամել էի, որ եթե ինչ-ինչ պատճառներով չկարողանամ հասնել գագաթ, ինքն ամփոփի բանաստեղծի սիրտը: Ավելորդ հուզմունքից խուսափելու համար Ալբերտին ու Մխիթարին այդ մասին ոչինչ չէի ասել:

Մեր առաքելությունը բարեհաջող իրականացնելուց հետո դրա մասին մոտ երկու տարի ոչ մեկին չէինք պատմել: Առաջին անգամ խոսեցինք Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերում՝ 2008թ.-ին: Գիտեք, եթե երիտասարդ լինեինք, գուցե, ցանկանայինք, որ մեր անունը թնդար, որ այդ պատմության մասին շատերն իմանային, բայց մեզ համար ավելի կարեւոր էր, որ բարձրացել ենք Արարատի գագաթը ու իրականացրել մեր մեծ բանաստեղծի պատգամը:

Արա Շիրազը պնդում էր, որ նշեմ սիրտն ամփոփելու հստակ տեղը: Բայց Արարատի գագաթ միայն հայերը չէ, որ բարձրանում են: Շատ էի վախենում, որ տեղը հայտնի կդառնա ու հետո չգիտես՝ ով կգնա այնտեղ: Ինձ համար վերելքի զգացողությունից էլ ավելի կարեւոր էր այն, որ կարողացել եմ կատարել ինձ ամենահարազատ մարդկանցից մեկի՝ Արա Շիրազի ցանկությունը, կատարել նրա հոր պատգամը»:

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է