copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:45 01-11-2022

Իրականությո՛ւնն է լավագույնս ապացուցել Տեր-Պետրոսյանական թեզի սնանկությունը, որը գռեհիկ կերպով իրականացնում է Փաշինյանը․ ՀՅԴ անդամ

Եկեք դուրս գանք փողոց ու ՀՀ քաղաքացիներին հարցնենք, թե որ թիմ գաղափարախոսությունն է կրում Նիկոլ Փաշինյանը, որ թիմից է եղել, ում հոգեզավակն է , ու տեսեք՝ ինչ կպատասխանեն։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի ասուլիսին հնչեցրած տեսակետների վերաբերյալ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի հրապարակած պատասխանին։

Հիշեցնենք, որ այնտեղ հրապարակման մեջ Մուսինյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, եղել է Փաշինյանի կոալիցիոն կառավարության մաս ու պատասխանատվություն է ստանձնել Փաշինյանի արցախյան քաղաքականության համար։ Նա նաև հայտարարել էր, որ այդ կոալիցիոն գործարքների շնորհիվ էլ Իշխան Սաղաթելյանը ստանձնել էր հայրենի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ «Այդ առումով, երևի իրեն ամենալավը կպատասխանեն հայ մարդիկ։ Էդտեղ շատ ասելու բան չկա։ Եվ, ընդհանրապես, քաղաքական դիակապտությամբ զբաղվել երևի պետք չէ։ Հիմա շատ ավելի լուրջ և կարևոր հարցեր կան։ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցն է սեղանին դրված։ Եվ, մեկնաբանել ինչ-որ ներխմբակային․․․ Նիկոլին ինչ-որ մեկի գրպանը գցելու էժանագին փորձերը՝ ինձ թվում է՝ չարժե»,- ասաց նա։

Դրա փոխարեն՝ ՀՅԴ անդամն ուշադրություն է հրավիրում, իր բնորոշմամբ, մեկ այլ, ավելի կարևոր փաստի վրա։ Իր խոսքով՝ արդեն արձանագրված պարտությունից հետո այդպիսով փորձ է արվում քաղաքական ձախողումները բարդելու այլ մարդկանց վրա։ «Այս մարդիկ հետևողականորեն, շատ զարմանալիորեն նույնական ձևով ներկա իշխանությունների հետ փորձում են էնպես անել, որ մարդիկ, ովքեր չեն հրաժարվել իրենց հողը պաշտպանելուց, չեն համաձայնել այդ միակողմանի զիջումներին, չեն համակերպվել արյունով պահածը հանձնելուն՝ իրենց ինչ-որ մեղավոր զգան, կամ վատ զգան։ Ոչ միայն չեմ ամաչում, որ գաղափարախոսության կրողն եմ, որ ասում եմ՝ հողը չի կարելի հանձնել, ո՛չ միայն չեմ ամաչում, որ պարտվողականությունը մերժում եմ, այլև իրականությունը ցույց տվեց, որ դա Հայաստանի համար միակ կենսունակ գաղափարախոսությունն է։ Դա ասելով նկատի ունեմ այն գաղափարախոսությունը, որ ասում է՝ մենք իրավունք ունենք մեր պատմական հողում ինքնորոշվելու, ապրելու, պետականություն ունենալու, այն պաշտպանելու»,- ասաց նա։

Ըստ ՀՅԴ անդամի՝ խնդիրն այստեղ միայն տարածքային վեճ չէ։ Իր խոսքով՝ այն գոյաբանական նշանակություն ունի և միայն տարածք զիջելով չի ավարտվի։ «Իրականությունն է լավագույնս ապացուցել Լևոն Տեր-Պետրոսյանական թեզի սնանկությունը, որն աղավաղված ու գռեհիկ կերպով իրականացնում է Փաշինյանը։ Այսինքն, իրականությունն ավելի լավ պատասխան չէր կարող տալ։ Եթե հարցը միայն հողային էր ու հող հանձնելով հնարավոր էր ադրբեջանցիներին կանգնեցնել՝ ադրբեջանցիներն Արցախի 75 %-ն օկուպացրել են, Ջերմուկում ի՞նչ գործ ունեն։ Ինչո՞ւ են շարունակում իրենց ագրեսիան՝ ՀՀ նկատմամբ, «միջանցքի» հարցն ինչո՞ւ են հնչեցնում, ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններն ինչո՞ւ են դեռ արդիական։ Այդ պարզ հարց պատասխանները պետք է տան։ Եվ ես վստահ եմ, որ պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու»,- ասաց նա։

Անդրադառնալով Արման Մուսինյանի գրառմանը, որ «Եթե հետևենք Իշխան Սաղաթելյանի տրամաբանությանը, ապա Տեր-Պետրոսյանի հոգեզավակներն են նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Իշխանն էլ հոգեթոռն է»․՝ Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ «Ես գնալով ավելի քիչ պատճառահետևանքային կապեր եմ տեսնում ՀԱԿ ներկայացուցիչների ելույթներում։ Քիչ էին պատճառահետևանքային կապերն առաջին նախագահի վերջին հարցազրույցում։ Երևի իր կյանքի վատագույն հարցազրույցն էր։ Դրանք ավելի պակասել են, երևի, իր ձեռքով գրած իր խոսնակի արտատպած տեքստում։ Երևի ամեն դեպքում տարիքն իր գործն անում է։ Էդտեղ անհայտ է՝ ինչի մասին է խոսում, որ կարողանամ մեկնաբանել։ Կրկնում եմ, որ հատկապես Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների ու աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում այդքան շռայլություն էլ չունենք դերակատարություն չունեցող քաղաքական ուժի հայտարարությունները մեկնաբանեու համար»,- ասաց Վարդանյանը։

ՀՅԴ անդամն անդրադարձավ նաև հայտարարությանը, թե անգամ ներկա իշխանությունների հետ կազմած կոալիցիան լքելուց հետո Դաշնակցությունը շարունակել է ծափահարել Փաշինյանի ոչմիթիզական, հակաբանակցային, հակապետական ու ազգակործան դիրքորոշումներից։ Հայտարարեց, որ ՀՅԴ քաղաքական միակ ուժն է, որն անկյունաքարային հարցերում իր դիրքորոշումները երբեք չի փոխել, իր խոսքով, անկախ ծափ տվողների քանակից։ ««Դաշնակցությունը» 2018 թվականի իրադարձությունների հայտարարել է, որ ժողովրդի պահանջներիմեջ կա ճշմարտություն, կա արդարություն, և դրանք արժանի են սատարման։ Էստեղ մենք մեր կարծիքը չենք փոխել։ Խնդիրն այն չէր, որ ժողովուրդը սխալ բան էր պահանջում կամ մարդկանց արդարության ձգտումը սխալ էր Խնդիրն այն էր, որ հայտնվեց իրենց հոգեզավակը, իրենց գաղափարախոսությունը կրողը, խաբեց բոլորին ու կանգնեցրեց աղետի առաջ։ ՄԵնք, այո, ասել ենք, որ արյունով ազատագրված սուրբ հայրենիքը սակարկման ենթակա չէ, մենք ասել ենք, որ Արցախյան հարցը պետք է կարգավորվի փաթեթային տարբերակով, և առանց Արցախի ինքնորոշման իրավունքը երաշխավորելու լուծման որևէ տարբերակ մեզ համար ընդունելի չէ։ Ուզում եմ հասկանալ՝ որն էր սխալը։ Արցախի 100 հազ․-ից ավելի բնակչությանը ցեղասպանության չենթարկելու և նրանց իրավունքը պաշտպանե՞լն էր սխալը»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այլ տարբերակները որևէ տարբերակով չի երաշխավորվում Արցախի ինքնորոշման իրավունքը։ «Մարդիկ առաջարկել են տարբերակ, որը որևէ տարբերակով չէր երաշխավորում Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ասել են, որ բանակցային սեղանին ավելի լավ տարբերակ երբեք էլ չի լինելու, ասել են, որ ՀԱյաստանը հնարավորություն չունի զարգանալու։ Բարեբախտաբար, այնքան ողջախոհություն են ունեցել, որ դա առաջարկելուց և մերժվելուց հետո հրաժարական են տվել։

Հայաստանն ապացուցել է իրենց ասածի ճիշտ հակառակը, հետագայում՝ բանակցային գործընթացի արդյունքում, սեղանին հայտնվել են տարբերակներ, որում ամրագրվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, Ալիևն արդյունքում՝ 2017 թվականին հայտարարել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, ՌԴ նախագահը հայտարարել է, որ նման տարբերակ եղել է՝ նաև երկու շրջանները պահելու տարբերակ։ Այսինքն, իրենց վեճը մեզ հետ չէ, իրենց վեճը լրիվ այլ տեղում է։ Ուղղակի սա հերթական էժան մանիպուլյացիա է»,- եզրափակեց ՀՅԴ անդամը։

Նազելի Ստեփանյան