Երևան +12°
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 18:27 01-11-2022

Ինչ իրավիճակ է «Փյունիկի» շուրջ․ Արմենները՝ գլխավոր մեղավոր և պատասխանատու

Նոյեմբերի 3-ին Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է հայկական ֆուտբոլի 30-ամյա պատմության կարևորագույն հանդիպումը․ Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» փորձելու է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել։ Այդ պատմական նվաճման համար երևանյան թիմը պետք է հաղթանակ տանի։ Այդ հաղթանակի համար անհրաժեշտ է համախմբվել առավել, քան երբևէ․․․

Սկսենք սկզբից․ «Փյունիկը», ինչպես նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտը», նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Հայկական ֆուտբոլային ընտանիքը համախմբված էր «Ալաշկերտի» շուրջը, որը անփառունակ ելույթներ ունեցավ և ընդամենը 1 միավորով եզրափակեց խումբը։ Այդժամ «Ալաշկերտի» բոլոր տնային հանդիպումներին ՀՖՖ-ն ներկայացված էր ամենաբարձր մակարդակով․ Արմենները Բագրատ Նավոյանի հետ vip-оթյակում ասում-խոսում էին, ներկա էին գրեթե բոլոր հանդիպումներին: Նիկողոսյանին էլ մերթընդմերթ կարելի էր տեսնել նաև առաջնությունում «Ալաշկերտի» տնային խաղերում․ դարձյալ vip-оթյակում, դարձյալ ջերմ շփումներում․․․

ՀՖՖ-ի հետևողական անհետևողանակության արդյունքում ֆուտբոլային ընտանիքը պառակտվել է։ Պառակտումը այն աստիճանի է, որ Եղիշե Մելիքյանը, ով կապառոսներից, ֆլորեսներից մի քանի գլուխ ադեկվատ է արձագանքում ամեն ինչին, մամուլի ասուլիսների ընթացքում դրսևորում է պատշաճ պահվածք, ստիպված անդրադարձավ ՀՖՖ-ի պահվածքին․

«Ես հարց ունեմ ֆեդերացիային. որտե՞ղ էիք անցած ամիսների ընթացքում, ինչո՞ւ «Փյունիկի» հետ չէիք, ոչ մի խաղին ներկա չեք գտնվել ու չեք աջակցել մեզ: Ես ցանկանում եմ լսել այս հարցի պատասխանը: Իմ միտքն այն էր, որ ֆեդերացիային չեն մտահոգում մեր ապագան ու արդյունքները: Եթե նրանք սրտացավ լինեին, մեր կողքին կլինեին, իսկ մենք դա չենք զգում: Առաջինը սպասում ենք պարզաբանման նրանցից: Պետք է հիշեցնեմ, որ ֆեդերացիայի նախագահին, փոխնախագահին ընտրել ենք մենք` ֆուտբոլային մարդիկ, և դա չենք արել, որպեսզի նրանք ինչ-որ մեկին համակրեն, մյուսին` ոչ, այլ, որպեսզի մտածեն հայկական ֆուտբոլի զարգացման մասին: Մենք նրանց չենք հրավիրում մեր խաղերին, այլ պարտադրում ենք ու պահանջում, որ լինեն հայկական ամեն ակումբի կողքին, որոնք պատմություն են կերտում ու պայքարում հանուն զարգացման և առաջընթացի: Եվ խոսքը միայն «Փյունիկի» մասին չէ: Օրինակ` «Սլովանի» հետ խաղից առաջ, մեր հանդերձարանում են եղել Սլովակիայում Հայաստանի հյուպատոսն ու Ավստրիայում մեր դեսպանը: Նրանք ընդամենը երկու խոսք ասացին, բայց մենք հասկացանք, որ եկել ենք երկիր, որտեղ Հայաստանը պետական մակարդակով ունի ներկայացուցիչներ ու նրանք եկել են մեզ աջակցելու: Մեզ համար դա շատ հաճելի էր: Մեզ պետք չէ սովորեցնել` ինչպես աշխատենք: Նախ իրենք պետք է սովորեն ճիշտ աշխատել»։

Մելիքյանը խոսեց ճիշտ պահին։ Նա ասաց այն, ինչ անհանգստացնում է իր ակումբին։ Իհարկե, այսպես չէր կարող խոսել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը, քանի որ այդժամ ակումբը վայելում էր ՀՖՖ-ի անվերապահ աջակցությունը։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում մանրամասնորեն անդրադառնալ Եղիշե Մելիքյանի՝ իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններին մինչև «Բազելի» հետ հանդիպումը: Մենք համարում ենք, որ ներկայումս առավելագույնը, ինչ կարելի է անել, համախմբվել և «Բազելի» հետ կարևորագույն հանդիպումից առաջ «Փյունիկին» աջակցելն է: «Փյունիկ»-«Բազել» հանդիպման ավարտից հետո ՀՖՖ-ն հանդես կգա ավելի մանրամասն պարզաբանմամբ»։

Սա էլ ՀՖՖ-ի պատասխանն է։ Ֆեդերացիան Հայաստանի հավաքականի՝ Նորվեգիայից 0։9 հաշվով պարտությունից հետո ցույց տվեց «իր ողջ հմայքը» և հասկացրեց, որ հայտարարություններ անել ուղղակի չգիտի։ ՀՖՖ-ի նման պահվածքը թեժացնում է մթնոլորտը, խեղում է հաղթական տրամադրությունը։ Հիշենք՝ ինչպես ժամանակին Արմենների գլխավորած կառույցը մեղադրեց «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանին հաղթական մթնոլորտին բացասաբար ազդելու համար, ինչպես նախկինում Վարուժան Սուքիասյանը մեղադրեց լրագրողներին ֆուտբոլիստների վնասվածքների և «գաղջ» մթնոլորտի համար․․․

Անմեղսունակ ՀՖՖ-ն, որը չի կարողացել յուրայինների ցանկում տեղավորել «Փյունիկին», կամա, թե ակամա, ցանկանալով, թե ոչ այնքան, թուլամորթությամբ, թե ոչ այնքան բացասաբար է ազդում «Փյունիկի» շուրջ համախմբման գործում։ Սա այն նույն պարոններն են, որոնք չմեկնեցին Իտալիա՝ դժվարին ժամանակաշրջանում Հայաստանի հավաքականի կողքին լինելու համար։ Դե հասկանում ենք նրանց, կարող են նաև «Փյունիկ» - «Բազել» հանդիպմանը չգալ, քանի որ խորհում են Իսպանիայից «խոպանչիների նոր բրիգադ» հայթայթելու համար․․․

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին