copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:23 28-10-2022

Մեղք բարդելով՝ ստեղծել նոր պայմաններ

Երեկ Պուտինը «Վալդայ» ակումբի ժողովի ժամանակ հայտարարել էր, թե իրենք երկար տարիներ հայկական կողմի հետ երկխոսում էին ու առաջարկում Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ. Հայաստանը փաստացի տնօրինում էր Ադրբեջանի 7 շրջանները, հանձնել 5 շրջանները ու այդպես լուծել ԼՂ հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով։

Այս մասին Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։

«Ըստ էության` այն, ինչ Վլադիմիր Պուտինը հնչեցրեց Վալդայում, իրականության հետ աղերս չունեցող երևույթ էր։ Եվ մենք կարող ենք նկատի առնել այն հանգամանքը, որ փորձ է կատարվում մեղքի չափաբաժին գլորել պարտված կողմի՝ Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ զարգացնել այնպիսի տեսակետ, որ այն, ինչ տեղի է ունեցել, հայկական կողմի ուղղակի մեղավորության պատճառով է, ինչը որ իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Սիմոնյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում Պուտինի նման հայտարարությունը։

Սիմոնյանը հավելեց, որ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցրած այդ հայտարարությունը մեղքի կոծկում էր որպես ռազմաքաղաքական դաշինքի մաս, որ այդ կոնֆլիկտում չսատարեց իր դաշնակցին։

«Մեղքը բարդելու գործ էր, քաղաքականություն էր պարտված կողմի վրա, որ ապագայում ևս բարոյական հիմք ձևավորեն, իրենց քաղաքականությունը զարգացնեն այլ ճնշողական, շանտաժի համար, որ հետագայում էլ նորից հայկական կողմին ներկայացնեն պայմաններ, պատճառներ և ստիպեն, որ հայկական կողմը դա իրականացնի»։

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է կամք դրսևորի և ի պատասխան այդ հայտարարության` հստակ նշի, որ հայկական կողմը ոչ միայն մերժել է, այլ նաև հայկական կողմի, չակերտավոր ասված, վզին փաթաթված յոթ շրջանների հարցը տեղավորել է իրական քաղաքականության համատեքստում։

«Այսինքն, բանակցային գործընթացում դա քննարկվել է, և ոչ միայն բանակցային գործընթացում։ Մենք գիտենք, որ ամբողջ այդ մադրիդյան սկզբունքները նաև կազանյան սկզբունքները հիմնված են այդ գաղափարի վրա, որ յոթ շրջանները պետք է վերադարձվեն, իսկ դա ռուսական ծրագիր էր։ Եվ բացի դա Սերժ Սարգսյանը բազմաթիվ հանդիպումների նաև քաղաքական զրույցների, երկխոսությունների, Արցախի բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քանիցս բարձրացրել է այդ հարցը, որ հայկական կողմը եթե յոթ շրջանները վերադարձնի, ապա կոնֆլիկտը, մեղմ ասած, կառ կախվի կամ գոնե կհետաձգվի, իսկ վերջնական նպատակ՝ կոնֆլիկտի հիմքերը կվերանան»,- ընդգծեց Սիմոնյանը։

Քաղաքագետը նկատում է, որ հայկական կողմի նմանատիպ պատրաստակամությունը շարունակաբար, ընդ որում հայկական կողմի համար, շատ ցավալի և ոչ բարենպաստ իրողությունների ընդունում է, բերել է մի այլ հանգամանքի, որ Ադրբեջանի հանրապետությունը շարունակաբար բոյկոտել է դա և չի գնացել այդ պայմանավորվածությունների իրականացմանը։

Խոսելով Ադրբեջանի՝ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշման մասին՝ Սիմոնյանը ասաց․ «Այստեղից, մենք հստակ տեսնում ենք, որ Ադրբեջանը, հաշվի առնելով իր առավելապաշտական քաղաքականությունը, որը հենվում է ուժի կիրառման գաղափարի վրա, տարիներ շարունակ ռազմական բյուջե և բանակի ծավալներ էր մեծացնում։ Նպատակ ուներ ավելին կորզելու, բացի այդ յոթ շրջանները, անգամ ասեմ ավելին, արդեն իսկ պարզ է, որ Լեռնային Ղարաբաղից անդին նրանք հավակնություններ ունեն ՀՀ-ի ինքնիշխան տարածքների նկատմամբ և նրանք զարգացնում էին այդ հիպոթեզը։ Եվ չմոռանանք, որ երեքից չորս միլիարդ դոլարի սպառազինություն է մատակարարվել վերջին տարիներին Ադրբեջանի հանրապետությանը հենց ՌԴ-ից, Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, դաշնակցի կողմից»։

Սիմոնյանը կարևորեց այն հանգամանքը, որ այդ քաղաքականությունը հայկական կողմը ոչ միայն բոյկոտել և մերժել է, այլև գնացել է դրան, և դա շարունակաբար տապալվել է Ադրբեջանի կողմից։