Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:37 28-10-2022

Բարդ ու խնդիրներով լի կյանքը նրան երբեք չչարացրեց. ինչ են պատմում Գայանե Փայտյանի ուսանողները

Երկարատև հիվանդության պատճառով կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, հաղորդավար, դասախոս Գայանե Փայտյանը: Ընտանիքում եղել է սպասված երեխա, իսկ 14 տարի շարունակ՝ նաև ընտանիքի միակ երեխան։

Դպրոցական տարիներին Գայանեն ցանկացել է բժշկուհի դառնալ։ Տասներորդ դասարանում, երբ արդեն պետք է սկսեր կրկնուսույցների մոտ քիմիա, կենսաբանություն առարկաները պարապել, հանկարծակի որոշել է դառնալ լրագրող։

1991 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին և սկսել է թղթակցել «Ավանգարդ» թերթին։ 1993 թվականին սրտի կաթվածից մահացել է հայրը, որը Գայանեի կյանքում առանձնահատուկ դեր է ունեցել, եղել նրա գաղափարակիցը, թիկունքն ու հենարանը։

19-ամյա Գայանեն ուսմանը զուգահեռ տարբեր աշխատանքներ է կատարել՝ վատառողջ մոր և 5-ամյա քրոջ ապրուստը հոգալու համար։ Նույնիսկ տպարանում գիշերային ժամերին սևագործ բանվոր է աշխատել, տառերի շարվածքն արել, երբ արդեն հեռուստատեսության աշխատակից է եղել, շատերի համար արդեն ճանաչելի դեմք, բայց բանվորի աշխատանքից չի խորշել ու չի ամաչել. ընտանիքի բեռը երիտասարդ աղջկա ուսերին է եղել։

1991 թվականին, երբ դեռ առաջին կուրսի ուսանող է եղել, աշխատանքի է ընդունվել Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում։

1991-92 թվականներին եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Մայրաքաղաք» հաղորդման մեկնաբանը, 1992-94 թվականներին` «Ա1» հեռուստաընկերության «Թափանցիկ դռներ», «Հաու դու յու դու», «Մամուլի ակումբ» հաղորդումների թղթակիցը, հեղինակը և հաղորդավարը։

1994 թվականին մասնակցել է Ֆրանսիայի Պոռ դը Բուք քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային կինոփառատոնին և Երևանի կենդանաբանական այգու մասին պատմող տեսաֆիլմով ընդգրկվել է մասնակիցների լավագույն հնգյակում։

1996 թվականին Գայանեն ավարտել է համալսարանը, գերազանց պաշտպանել ավարտական աշխատանքը։

Ազգային հեռուստաընկերության նոր ղեկավարությունը որոշել է փոխել եթերային քաղաքականությունը. Գայանեն, չհամաձայնելով պարտադրվող փոփոխություններին, որոշել է հեռանալ։

Տեղափոխվել է նոր հիմնադրված «Նորք» հեռուստաընկերություն (հայկական երկրորդ պետական հեռուստաընկերություն), 1998-99 թվականներին եղել «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը։

2006 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի լրատվամիջոցների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել և որակավորվել է ԱՄՆ-ում, իսկ 2009 թվականին դարձյալ ԶԼՄ ներկայացուցիչների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել է Եգիպտոսում, մասնակցել է միջազգային բարձրակարգ դասընթացների եվրոպական մի շարք երկրներում։

Բազմաթիվ դոկումենտալ ֆիմերի հեղինակ է` «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները», «Բահրեյնի թագավորության հրաշքը», «Քուվեյթ», «Ալբանիա. պատերազմ և խաղաղություն», «Հռոմ․ հավերժական քաղաք», «Փարիզ. սեր ու գույն» և այլն։

Որպես լրատվական մեկնաբան՝ 1995-99 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015 թվականներին՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004 թվականից եղել է միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ։

2006 թվականին Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017 թվականից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։ Տարբեր տարիներին դասախոսել է Հայաստանում ֆրանսիական և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։

2008 թվականին հիմնադրել և ղեկավարել է հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV իդեալ» դպրոց-ստուդիան։ Մասնագիտական ակտիվ գործունեության, բարձր պրոֆեսիոնալիզմի համար Գայանե Փայտյանն արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրին, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։

2009 թվականին Գայանեն ամուսնացել է մասնագիտությամբ ինժեներ Էդուարդ Միհրանյանի հետ։ 2017 թվականին՝ երկար տարիների սպասումից հետո, նրանց ընտանիքում ծնվել են երկվորյակ աղջիկներ՝ Էվա և Էլլա։

Ցավոք, երկարատև հիվանդությունը նրա բազմաթիվ գործերը, պլանները կիսատ թողեց, և մահը այս անգամ չշրջանցեց սիրելի լրագրողին։ Մենք զրուցեցինք իր ուսանողներից երկուսի հետ, որոնց բախտ է վիճակվել անձամբ ճանաչել Փայտյանին։

Գրող, լրագրող Սյունե Սևադան, Oragir.news-ի հետ զրույցում պատմելով սիրելի ուսուցչի մասին, ասաց. «Իրականում Գայանեն շատ բազմակողմանի զարգացած մարդ էր, անկախ նրանից, որ իրականում կյանքում շատ խնդիրներ ուներ ու բարդ կյանք է ունեցել, որի մասին պարբերաբար խոսում ու պատմում էր տարբեր հեռուստանախագծերի շրջանակներում, հարցազույցներում և այլն, միշտ կարողացել է ներքին լավատեսությունը պահել ու կարողացել էր չչարանալ: Իսկ որպես մասնագետ, որ խոսում ենք, ես շատ կարևորում եմ ու շատ լավ հիշում եմ, որ դասերի ժամանակ, մասնավորապես 2013-2014 թվականներին եմ սովորել իր մոտ, ինքը շատ կարևորում էր թվացյալ անկարևոր բաները մասնագետի մեջ: Օրինակն ինքն ասում էր, որ ճիշտ է, մենք այնտեղ սովորում ենք ինչպես ճիշտ հաղորդակցվել, ինչպես ճիշտ հարցազրույցի համար սկսել խոսել, ճիշտ հագնվել: Այսինքն՝ դրանք թվում են տարրական մանրուքներ, որոնք ի վերջո բերում են այն իմիջին, որոնք դու կարողանում էիր կառուցել, ու Գայանեն շատ նրբանկատ էր հենց այդ դետալների նկատմամբ, համարում էր, որ օրինակ է կերտում եթերի հետ աշխատող մարդուն, ու երկրորդը, որը շատ գնահատում էի իր մեջ, եթերի նկատմամբ պատկառանքն էր, շատ հարգանքով էր վերաբերում կադրին, խոսքին՝ ուղիղ եթերի ժամանակ սուֆլյոռից սկսած, ամեն ինչից վերջացրած․ դրանց վերաբերում էր շատ հարգանքով, և փոխանցում էր մեզ։

Ինքը շատ ծանր էր տանում, որ հեռուստատեսությունը հիմա չես հասկանում, թե ի՞նչ կրթությամբ մարդիկ են գալիս եթեր, բայց փոխարենը բողոքելուն, նաև կրթում էր այն սերնդին, որ գար, կկրթեր ու հեռուստատեսույունը բարձր որակի վրա կդներ, քանի որ ինքը հենց այդպիսին էր։

Վստահ եմ, որ կլինի մեկը, ով կշարունակի իր գործը, որովհետև չի կարող չլինել, ուզում եմ ավելի լավատեսորեն տրամադրվել, որովհետև Փայտյանն ինքը շատ լավատես էր։ Ես չեմ կարծում, որ ճիշտ մարդն եմ, որ Փայտյանի իրական արժեքը կարող է նկարարգրել, ինքը շատ մեծ ու պրոֆեսիոնալ էր։ Մեր մեդիա ընտանիքը շատ կարևոր մարդ է կորցրել, ինչպես նկատած կլինեք այս օրերի գրառումներով»։

Կապ հաստատեցինք նաև լրագրող, հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ, ով, մեզ հետ զրույցում պատմելով իր ուսուցչի մասին, ասաց.

«Ո՞րն է ուսուցչի կարևոր առաքելություններից մեկը․ սովորեցնել և ճիշտ ուղու վրա դնել աշակերտին, իսկ Գայանե Փայտյանն ուսուցիչ էր՝ ուսուցչին հատուկ բոլոր առաքելություններով: Լրագրության իմ առաջին ուսուցիչն էր, իսկ մենք բոլորս ինչքան սիրով ենք հիշում մեր առաջին ուսուցիչներին, դպրոցում նրանք են մեզ այբուբենը սովորեցնում, սովորեցնում գրել, կարդալ: Գայանե Փայտյանն էլ ինձ լրագրության այբուբենն է սովորեցրել: Անհնար է նրան չհիշել՝ ժպիտը դեմքին, լիաթոք ժպիտով, ու հենց ժպիտ բառն է նրան բնութագրող ամենադիպուկ բառերից մեկը։ Ու դա, թերևս, միայն իմ կարծիքը չէ, որովհետև նրա ժպիտը վարակիչ էր։

Նրա հետ անհնար էր տխրել, հուսահատվել ու հուսալքվել, որովհետև իր աշակերտին թև էր տալիս, իր աշակերտին ճիշտ ճանապարհ էր ցույց տալիս նաև իր խորհուրդներով։ Ոչ միայն գիտելիք էր փոխանցում, այլև գիտելիքի հետ միաժամանակ խորհուրդներ էր տալիս, իր օրինակով նաև փորձում ցույց տալ այն ճանապարհը, որով ինքն անցել էր: Իր անցած ճանապարհը օրինակ էր նաև մեզ համար:

Հիշում եմ՝ տասնվեց տարեկան էի, առաջին անգամ այդ ժամանակ եմ հանդիպել իրեն հենց դպրոցում: Գնացել էի ընդունելության, ոգևորված մտա դպրոց ու իրեն ասացի, որ ուզում եմ հեռուստամեկնաբան դառնալ։ Չհեգնեց, ինձ չկոտրեց, չհիասթափեցրեց: Տվեց մի շատ կարևոր խորհուրդ, որը նաև ուղենիշ դարձավ նպատակիս հասնելու համար: Ասաց՝ հեռուստամեկնաբան դառնալու համար նախ պետք է լավ լրագրող դառնաս, որովհետև հեռուստամեկնաբանը փոխանցում է այն, ինչ լրագրողն է տալիս, իսկ երբ հասկանում ես, թե ինչ ճանապարհով է լրագրողը դա գտնում, այդ ժամանակ դու կարողանում ես ճիշտ փոխանցել ամեն բան քո հեռուստադիտողին ու հավատ ներշնչել նրան։

Նրա ժպիտը յուրահատուկ ձայն ուներ, յուրահատուկ էր ժպտում: Նրա խորհուրդներն ու ժպիտը անհնար է մոռանալ»:

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
16:15 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ