copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:55 27-10-2022

Կանադան, ՀՀ-ում դեսպանատուն բացելով, թուլացնում է ՌԴ-ին, քանի որ Ուկրաինային պարտության մատնելուց հետո հաջորդ հարձակման թիրախը մենք ենք լինելու

Հայաստան-Կանադա հարաբերությունները բարեկամության նոր փուլ են մտնում, քանի որ Հայաստանում շուտով կբացվի Կանադայի դեսպանատուն:

Oragir.News-ը զրուցեց Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք դեսպանատան բացվելով՝ ինչ դրական ազդակներ կլինեն ՀՀ-ի համար։

Պապյանը պատասխանեց. «Դեսպանատուն բացելու որոշումը դեռևս մի քանի ամիս առաջ էր։ Բնականաբար ողջունում եմ, ՀՀ միջպետական հարաբերությունները ինչքան խորանան ու ընդլայնվեն տարբեր երկրների հետ, այնքան լավ, առավել ևս, եթե այդ երկիրը Կանադան է։ Մեծ յոթնյակի անդամ երկիր է, տնտեսապես զարգացած, տեխնոլոգիապես առաջընթաց ապրող երկիր, բավականին աշխույժ և մեծացող հայկական համայնքով, ինչպես նաև բավականին մեծ դերակատարություն ունեցող և ստանձնող տարածաշրջանում, և կարծում եմ, ԱՄՆ հետ զուգահեռ։ ԱՄՆ-ի հետ նրանք շատ են համադրում իրենց քաղաքականությունը»։

Հարցին, թե ինչու որոշվեց հենց այս ժամանակաշրջանում բացել, պատասխանեց. «Մենք Կանադայում ՀՀ դեսպանատուն ունենք դեռ 1995 թվականից և միշտ փորձել ենք այնպես անել, որ իրենք էլ ՀՀ-ում բացեն, բայց կանադացիները նախընտրում են ընդհանրապես՝ գոնե այդ ժամանակահատվածում աշխատել միջազգային կառույցների միջոցով, ու միտքը այն է, որ իրենք շատ շեշտադրումներ էին կատարում տնտեսական առավելությունների վրա։ Ես լավ հիշում եմ, և քննարկումներ եղել են Կանադայի նախկին վարչապետի հետ, ասում էր՝ գիտեք, մեզ մոտ չգրված օրենք կա, որ մեկ միլիարդի պետք է հասնի ապրանքաշրջանառությունը, որպեսզի մենք դեսպանատուն բացենք, իսկ այդ ժամանակ ՀՀ արտաքին առևտուրը հազիվ մեկ միլիարդի էինք հասցնում, կամ մի քիչ ավել էր, այդուհանդերձ՝ որոշակի պայմանավորվածություն կար, ինքն ասել էր, որ Կանադան դեսպանատուն կբացի որպես բացառություն՝ հաշվի առնելով այդ ժամանակ մոտ հարյուր հազարի հասնող հայկական համայնքի առկայությունը։ Չստացվեց տարբեր պատճառներով, իրենք բավականին դժգոհ էին ՀՀ-ում ընթացող տարբեր ընտրություններից։ Մի կերպ հաջողվում էր համոզել, որ դատապարտող հայտարարություններ չանեին, բայց ներքին կարգով դա գնում էր։ Իսկ հիմա ԱՄՆ-ն հստակ որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ այլևս նախկին սովետական տարածքներ չկան, այլևս նախկին սովետական հանրապետությունները չեն դիտարկվում որպես ՌԴ մի մաս, հետևաբար պետք է արևմտյան երկրներն ակտիվացնեն և դրանով իսկ թուլացնեն ռուսական ազդեցությունը, որովհետև ՌԴ-ն դիտարկվում է որպես դեստրուկտիվ ուժ, որը ձգտում է վերականգնելու սովետական միությունը, որը բնավ չի ողջունվում Արևմուտքի կողմից»։

Հարցին, թե ի վերջո, արդյոք նոր դեսպանատան բացումը ՌԴ թուլացման համար է արվելու, պատասխանեց. «Այն ՀՀ ինքնիշխանությունն ուժեղացնելու համար է արված, և բնականաբար դա հանգեցնելու է ՌԴ թուլացմանը, որովհետև ռուսներն ուզում են, որ ՀՀ-ն լինի կամակատար պետություն այստեղ, իսկ կանադացիներն ու ամերիկացիները չեն ուզում, բայց թե ինչու չեն ուզում, ոչ թե որ նրանք հուզառատ մտածում են ՀՀ-ի մասին, պարզապես իրենք մտածում են, որ ՀՀ-ն ավելի անկախ է ՌԴ-ից։ Պատերազմը, որը ՌԴ-ն սանձազերծեց Ուկրաինայի դեմ այս տարվա փետրվարից, շատ արմատական բաներ է փոխել արևմտյան մտածողության մեջ, ու դրանցից մեկն էլ այն է,որ չպետք է թույլ տալ ՌԴ-ին, որ նա ճնշի հարևաններին, որովհետև դա շատ ավելի ապակայունացնող է և լուրջ վտանգներ է պարունակում, այսինքն՝ պետք է կանխել, ու սա կանխելու միջոց է դիտարկվում, և հասկանում են, որ ՌԴ-ն եթե Ուկրաինային պարտության մատնի, հաջորդ հարձակման թիրախը Հայաստանն ու Վրաստանն են լինելու, դե փառք Աստծու, Ուկրաինային չի կարողանում պարտության մատնել, սակայն այնուհանդերձ այդ երկրները պետք է ուժեղացնեն իրենց ներկայությունը մեզ մոտ»։