Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:33 26-10-2022

Այդ անձը կարող է հաշվետվություն ներկայացնել, թե ընդդիմադիրներին սա է ասել, ու հերթական պարգևավճարը ստանալ․ Քրիստինե Վարդանյան

Նախօրեին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ընդդիմադիր խմբակցության պատգամավորների ելույթները միանշանակ չընդունվեցին իշխանական խմբակցության ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ելույթներին, նշել էր․ «Երկարատև դադարից հետո ԱԺ հայտարարությունների ժամին նույնաբովանդակ, դատարկ, կեղծ ու քաղաքականապես սնանկ տեքստերով հանդիսատեսի դատին կրկին ներկայացավ խորհրդարանական ընդդիմությունը։ Ելույթների կամ ավելի շուտ Աժ ամբիոնից հնչած շարադրությունների բովանդակությունը լսելով՝ կարող ենք այսօրվա ներկայացումը վերնագրել «Ինչպես անցկացրեցի ամառային արձակուրդները»»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ զերծ կմնա որևէ ՔՊ-ականի ասածը մեկնաբանելուց․ «Մարդիկ այս իրավիճակում, երբ թշնամական զորքերը Հայաստանի տարածքում են, երբ հայտարարվում է 240 զոհի մասին, և այդ 240 զոհի դիակներն ամբողջությամբ դեռ դուրս բերված չեն, տրամադրություն ունեն անելու նման հայտարարություններ։ Նրանք ԱԺ-ի քառօրյա նիստն ավարտում են 4 ժամում ՝ կնոպկա են սեղմում պարգևավճարի համար, էդ մարդկանց ինչպե՞ս կարելի է մեկնաբանել։ Իսկ մեր բոլոր մյուս հայրենակիցներին կարիք կա ասելու, որ մենք բոյկոտել էինք ԱԺ լիագումար նիստերը, բայց նշել էինք, որ ԱԺ-ի գործիքակազմը օգտագործելու ենք սեփական օրակարգով Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրները բարձրաձայնելու համար, և երեկ՝ հայտարարությունների ժամին, մեր մասնակցությունը դրանով էր պայմանավորված, պայմանավորված էր ընթացիկ գործընթացների մասին ազգաբնակչությանը տեղեկացնելու պարտավորությամբ, որովհետև մեր աչքերին քող են կախում, մեզ ամենատարբեր օրակարգերով շեղում են, որպեսզի չկարողանանք պատրաստ լինել դիմագրավելու այն աղետին, որ իրենք բերում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված»։

Նա նաև անդրադարձավ մի շարք ռուս քաղաքական գործիչների մուտքը Հայաստան արգելելուն՝ ընդգծելով, որ այս ֆոնին Հայաստանի ինքնիշխան տարածքում շարունակում են մնալ թշնամները․ «Հայաստանը գնում է այս անգամ արդեն ոչ թե Արցախի, այլ հենց Հայաստանի կապիտուլյացիային, որը պատերազմը ոչ թե հեռացնելու է կամ կանխելու է, այլ մոտեցնելու է Երևանին, մոտեցնելու է յուրքանչյուրիս տանը։ Մենք պետք է դիմագրավենք այդ ամենին։ Դրա համար մարդկանց պետք է տեղեկացնենք այդ ամենի մասին։ Հայտարարություններին մասնակցել ենք բացառապես դրա համար»։

Նա ընդգծեց, որ իրենց համար բացարձակապես միևնույնն է, թե ինչ է անում «Ալիևի և Էրդողանի հետ համագործակցող խմբակը»․ «Իրենք իրենց դիմակները պատռել են։ Այդ անձն այլ տարբերակ ունե՞ր, ինքը պետք է երեկոյան գնա, հաշվետվություն ներկայացնի, թե ինչ է արել, հիմա նա կարող է հաշվետվությունը ներկայացնել, որ ելույթ է ունեցել, ընդդիմադիրներին սա է ասել ու հերթական պարգևավճարը ստանալ դրա համար։ Իսկ մեզ համար կարևոր է հանրության հետ խոսելն ու բացատրելը վերահաս վտանգը»։

Հարցին, թե արդյոք կարող ենք ակնկալել, որ առաջիկայում ընդդիմությանն ավելի հաճախակի կտեսնենք Ազգային ժողովում, նա պատասխանեց, որ ԱԺ-ն վստահապես լինելու է պրոցեսների կարևոր բաղկացուցիչ մասը․ «Հայաստանում պետք է փոխվի իշխանությունը, դրա բաղկացուցիչ մասը լինելու է ԱԺ-ն, բայց որևէ մեկն այնքան միամիտ չէ, որ հավատա, որ միայն ԱԺ-ն է լինելու միակ գործիքը։ Պետք է լինի փողոցում տասնյակհազարավոր մարդկանց մշտական ներկայությունը և մինչև այժմ նմանը չունեցող ճնշումը, իսկ հանգուցալուծումը պետք է իհարկե լինի ԱԺ-ում»։

Հարցին, թե արդյոք պետք է սպասել փողոցային նոր գործողությունների, նա պատասխանեց, որ այլ տարբերակ չկա․ «Գործընթացները զարգանում են շատ արագ, և դրանք ենթադրում են իրենց տրամաբանությունը, իսկ ԱԺ-ում լինելու ենք՝ ըստ անհրաժեշտության»։