copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:27 24-10-2022

«Իրավաբան-գիտնականի» անվան տակ մի շարք անձանց նշանակումը հակասահմանադրական է․ ինչու է խեղաթյուրվում իրավաբան-գիտնական հասկացությունը և մասնագիտական աշխատանք ասվածը

Եթե մեր երկրում Սահմանադրական դատարանը ծառայեր Սահմանադրությանը եւ պետությանը, ոչ թե օրվա իշխանությանը, դատական համակարգի որոշ ատյաններում մի շարք անձանց գործուղելու փաստով իր հեղինակավոր կարծիքը կասեր՝ թույլ չտալով խեղաթյուրել իրավաբան-գիտնականների անվան տակ ցանկացած յուրայինին խցկելու պրակտիկան։

Ամեն դեպքում՝ ՍԴ-ի համապատասխան եզրակացության, որոշման համար նախ դիմում է պետք, գուցե դիմողների իրավասու շրջանակը եւս չի պատկերացնում խնդրի կարեւորությունը կամ դա համարում է տասներորդական հարց։ Այս թյուր կարծիքը արմատախիլ անելու համար հարկ ենք համարում շատ ավելի մանրամասն եւ մասնագիտական հարթությունում անդրադառնալ իրավաբան-գիտնականի «վաստակը» ամեն երկրորդին կպցնելու արատավոր պրակտիկային։

Իրավաբան-գիտնականներին ներգրավելու սահմանադրական նպատակը

Նախ եւ առաջ պետք է նշել, որ իրավաբան գիտնականներին դատական համակարգի որոշ ատյաններում ներգրավելու սահմանադրական նպատակն այն է, որ նշված ատյաններում՝ Բարձրագույն դատական խորհուրդ, Վճռաբեկ դատարան, Վերաքննիչ դատարան և այլն, անհրաժեշտ է ապահովել գործունեության նաև տեսական մտածելակերպը, քանզի խոսքը տվյալ դեպքում, «իրավունքի ատյանների» մասին է։ Այսինքն՝ նշված ատյաններում վճռորոշը ոչ այնքան փաստերի, որքան զուտ իրավական հիմքերի վերլուծությունն ու գնահատումն է, ինչը պահանջում է գիտական մոտեցումներ։ Մյուս կողմից, փորձ է արվում դատական համակարգը հեռու պահել քաղաքական թիմի պաշտոնյաներից և համալրել բացառապես պետական կոռուպցիայի հետ աղերսներ և քաղաքական ակտիվ գործունեության մեջ չներգրավված գիտնականներով։

Ըստ այդմ էլ՝ հենց Սահմանադրության 174-րդ հոդվածով ամրագրվել է ոչ միայն պարզապես «իրավաբան գիտնական» եզրույթը, այլև «մասնագիտական աշխատանքի» պահանջը։ Սակայն այս երկու սահմանադրական պահանջները քաղաքական ուժերի ձեռքին դարձել են խայտառակ մեկնաբանություններով՝ զուտ իրենց քաղաքական ու խմբային շահերին ծառայող ձևակերպումներ։

Ով է «իրավաբան-գիտնականը» եւ ինչ է նշանակում «մասնագիտական աշխատանք» պահանջը

Ներկայումս պրակտիկան այնպես է խեղաթյուրվել, որ «իրավաբան-գիտնական» համարում են սոսկ իրավաբանի գիտական աստիճան ունեցող անձանց։ Ինչ վերաբերում է մասնագիտական աշխատանքին, ապա այն խեղաթյուրել և նույնացրել են ծայրահեղ դեպքում դասախոսական աշխատանքի հետ, իսկ ոմանց պարագայում անգամ՝ պարզապես իրավաբանի մասնագիտական պրակտիկ գործունեության հետ։ Օրենսդրության համաձայն՝ մասնագիտական է համարվում ոչ թե պարզապես մանկավարժական, այլ գիտամանկավարժական գործունեությունը, ինչը ենթադրում է գիտական ծրագրերի իրականացում, առնվազն մասնագիտական աշխատանքի համար սահմանված ժամկետում նվազագույն թվով գիտական աշխատանքների իրականացում և հրապարակում։
Ընդ որում, գործող օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ գիտական կոչումը և մանկավարժական աշխատանքն ինքնին բավարար չեն «իրավաբան-գիտնական» ճանաչելու համար, քանզի խոսքը գնում է այն իրավաբանի մասին, ով դե ֆակտո զբաղվում է գիտական մասնագիտական աշխատանքով։ Այս կարգավորումների նպատակն այն է, որպեսզի պետական ապարատում հայտնված և գիտական աստիճան ունեցող սուբյեկտները անարգել չսողոսկեն սահմանադրական այն ատյանները, որոնք բացառապես նախատեսված են իրավաբան-գիտնականների համար։

«Իրավաբան-գիտնականների» անվան տակ յուրայիններին գործուղելու քաղաքական նպատակները

Գործնականում «իրավաբան-գիտնականների» անվան տակ ցանկացածին համակարգ մտցնելու պրակտիկան պայմանավորված է մի շարք գործոններով․

1) իշխանությունների համար չափազանց դժվար է ընտրել իրենց քիմքին համահունչ, վերահսկելի և հնազանդ իրական իրավաբան գիտնականների,

2) իրավաբան գիտնականներն իրենք էլ առանձնակի ցանկություն չունեն համագործակցել այս դեսպոտ իշխանությունների հետ և վերածվել կամակատարների, իսկ ովքեր էլ համաձայնվում են, առանձնակի հեղինակություն չունեն գիտական աշխարհում,

3) այսպիսի խեղաթյուրված հակասահմանադրական քաղաքականությունը հնարավորություն է տալիս նվիրված ու հնազանդ պետական պաշտոնյաներին մշտապես շահագրգռել «գրավիչ» բարձր պաշտոններով և այլն։

Այսպիսով՝ եթե որեւէ մեկը դիմեր ՍԴ՝ վիճարկելով վերջին շրջանում ԲԴԽ-ում, Վճռաբեկում ընտրված անձանց՝ սահմանադրական պահանջներին համապատասխանությունը՝ բազմաթիվ իրավական հիմքեր կան այս նշանակումները հակասահմանադրական ճանաչելու՝ վկայակոչելով Սահմանադրությունը (174-րդ հոդվածի 3-րդ մաս), «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (77-րդ հոդվածի 15-րդ մաս, 80-րդ հոդվածի 5-րդ մաս) եւ ոչ միայն։ Իսկ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 1-ին հոդվածում բացատրվում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեությունը, ովքեր են այն իրականացնում եւ այլն։

Այսպիսով՝ իրավական հիմքերի մեկնաբանությունը թույլ է տալիս ապացուցելու, որ վերջին շրջանում դատական համակարգ գործուղվածները ոչ մի կապ չունեն «իրավաբան-գիտնականի» կոչման եւ մասնագիտական աշխատանք հասկացության հետ։

Դրանում համոզվելու համար բավական է մեկ առ մեկ ուսումնասիրել այդ անձանց գործունեությունը՝ վերահաստատելու, որ նրանք գիտական կոչումը մի կերպ պոկելուց հետո այլևս երբեք չեն զբաղվել գիտությամբ, իրենց հետաքրքրել է միայն փողն ու կարիերան։

Ինգա Մարտինյան