2022 թվականի, ինչպես ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինն էր ասել, իրենց «լավ կազմակերպված օպերացիայից» հետո, երբ Հայաստանը ծանր պարտությունից դժվարանում էր ուղղել մեջքը, կտրուկ փոխվեց Հայաստանի մասին ռուսական խոսույթը․ պետական լրատվամիջոցներով խոսող գլուխները սկսեցին կոշտ ու վիրավորական արտահայտություններ կիրառել Հայաստանի, հայ ժողովրդի մասին խոսելիս։ Պուտինի արձագանք-Լուկաշենկոն էլ արհամարհական շպրտեց, թե ուր կարող են գնալ հայերը, ում են պետք նրանք ․․․
Հայաստանում և Արցախում խաղաղապահ առաքելություն ստանձնած ռուսները մի շարք դրվագներում, երբ ադրբեջանական իրական ագրեսիայի էին ենթարկվում հայկական տարածքները, հապաղում էին գործուն միջամտությամբ վերականգնել նախնական իրադրությունը։ Հրադադարի ծանր հայտարարությունից հետո մինչ վերջերս էլ հայկական պետությունները շարունակում են տարածքներ կորցնել ռուսական առաքելության «աչալուրջ» հսկողության ներքո։ Պատերազմի օրերին և դրանից հետո էլ ՀԱՊԿ-ի՝ մեր «անվտանգային գործընկերոջ» կողմից աջակցություն չտեսանք։
Իրադրությունը, կարծես, սկսում է փոխվել հիմա, երբ շաբաթներ առաջ Հայաստանը սկսեց անվտանգային խնդիրներն առավել ակտիվորեն քննարկել Արևմուտքի հետ, իսկ մեր տարածքի նկատմամբ սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո հայտարարեց, որ մեզ զենք չի վաճառել նա, ում այդ զենքի համար արդեն վճարել էինք (ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին)։
Սկզբում հայ-ադրբեջանական նոր բախումների մասին եվրոպացի պաշտոնյաները սկսեցին կիրառել արդեն ոչ հավասարաչափ հորդորներ․ «Կոչ ենք անում կողմերին․․․»-ի փոխարեն սկսեցին ուղիղ նշել, որ ագրեսորն Ադրբեջանն է։
Առաջին գործուն քայլը, թերևս, Եվրոպայի խորհրդի կողմից ԵՄ դիտորդական մի խումբ Հայաստան ուղարկելու որոշումը եղավ։ Անշուշտ, այս խումբը չի կարող կանխել ռազմական գործողությունների հավանական ակտիվացումը, այն ընդամենը 40-հոգանոց է և աշխատելու է երկու ամիս։ Այս խմբի աշխատանքն իր կողմից կանխավ սահմանափակել է Ադրբեջանը՝ հայտարարելով, որ համագործակցելու է «այնքանով, որքանով․․․»։
Սակայն արդեն իսկ, կարծես, անվտանգային հարցերին արևմտյան միջամտությունը որոշակի ազդեցություն է ունենում ռուսական վերաբերմունքի վրա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհուրդն առաջիկայում կքննարկի համատեղ քայլերով Հայաստանին աջակցություն տրամադրելու առաջարկները․ Զախարովան, սակայն, չի մասնավորեցրել, թե ինչպիսին կարող է լինել այդ օգնությունը։
Դատելով այն տրամաբանությունից, որով առաջնորդվում են ռուսները, Հայաստանի կողմից հնդկական սպառազինության ձեռքբերման ֆոնին չի բացառվում, որ ՀԱՊԿ-ի այս «օգնությունը» լինի զենքի տեսքով։ Վատ չէ․ մեզ զենք շատ է պետք։
Որքանով գործնական կդառնա, անվտանգային իրական խնդիրներ կկարողանա լուծել Արևմուտքի աջակցությունը, որքանով Հայաստանը կկարողանա մանևրել այս երկու, միմյանց հետ հակամարտող ուժերի միջև, դժվար է ասել։ Սակայն փաստ է, որ ՀԱՊԿ-ի այս պարը հարսանիքից հետո, հնարավոր է՝ մյուս անգամ լինի ժամանակին, եթե իրական ազդակներ տեսնի, որ Հայաստանը կարող է ունենալ առավել կանխատեսելի, առավել իրական աջակից։
Բայց նորից վերադառնանք «աջակից-ընկեր-բարեկամների» տեսությանն ու հիշենք, որ այդպիսիք անխառն ձևով չեն հանդիպում քաղաքականության մեջ․ կան միայն համադրելի ու փոխադարձաբար ցանկալի շահեր։ Իսկ շահ կարող են ունենալ նրա հետ, ով ինքը ուժ ունի և իր կյանքի ու արժանապատվության համար պայքարելու կամք։
Կարմեն Մարտիրոսյան