Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:17 21-10-2022

Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է սրընթաց վատթարանալ․ Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է սրընթաց վատթարանալ։ Անշուշտ, Հայաստանի շուրջ ընթացող բացասական գործընթացներում կարևոր դեր է խաղում Հայաստանի ներկայիս իշխանությունների բացարձակ անգրագետ քաղաքականությունը, որոնք իրականում ամեն ինչ արեցին իրավիճակը էլ ավելի սրելու համար։

Փաշինյանական իշխանությունների՝ մի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի, մյուս կողմից հավաքական Արևմուտքի հետ «մի ձեռքով երկու ձմերուկ» բռնելու փորձերը հանգեցրել են նրան, որ Հայաստանի և Արցախի համար ռիսկերի մակարդակը երկրաչափական աճ է գրանցել։ Դատեք ինքներդ։ Պրահայի հանդիպումը, ըստ Հայաստանի իշխանությունների պատկերացումների, պետք է թուրք-ադրբեջանական տանդեմին ցույց տար, որ իբր «ազատ աշխարհը» Հայաստանի կողմից է, և ստիպել Թուրքիային ու Ադրբեջանին թուլացնել ճնշումը Հայաստանի և Արցախի վրա։ Ամեն ինչ ստացվեց ճիշտ հակառակը։

Թեև, իհարկե, Պրահայի հանդիպման ժամանակ եվրոպացի շատ ֆունկցիոներներ մեղրածոր խոսքեր էին շռայլում Հայաստանի հասցեին, սակայն… միայն խոսքեր։ Իսկ գործողությունները ճիշտ հակառակն էին, բազմիցս շեշտվում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը եվրոպացիների համար «էներգետիկ» բարձեր են, և բառացիորեն Պրահայի հանդիպման նախօրեին Եվրամիությունը պայմանագիր ստորագրեց Ադրբեջանից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման մասին։ Նաև «խաղաղության պայմանագրի» եվրոպական տարբերակի լույսի ներքո շատ ակտիվորեն նշմարվում էր «հայակենտրոն եվրոպացիների» հայեցակարգային դիրքորոշումը հայերի համար երկու հիմնարար կետերի վերաբերյալ.

1. Եվրոպացիներն անկեղծորեն վարում են ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու և Իրանի դիրքերը առավելագույնս չեզոքացնելու քաղաքականություն։ Օրինակ, եվրոպացիներին հաջողվեց ժամանակավորապես դուրս մղել ռուսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված սահմանագծման /սահմանազատման գործընթացից։ Իրանը ընդհանրապես ներկայացված չէ այդ գործընթացում։

2. Եվրոպացիները պնդում են Արցախը Ադրբեջանի իրավական դաշտ տեղափոխելու մասին, ինչը նշանակում է Արցախի Հանրապետության՝ որպես քաղաքական ինստիտուտի անվերապահ ոչնչացում և արցախահայության արտաքսում/բնաջնջում։ Միանգամից վերապահում անենք, որ արևմտյան վեկտորի նպատակն է անիմաստ դարձնել ռուս խաղաղապահների մնալն Արցախում, սակայն այն, ինչ տեղի կունենա արցախցիների հետ, նրանց առանձնապես չի հետաքրքրում։ Իհարկե, Արցախը թուրք-ադրբեջանական տանդեմին փոխանցելու ծրագրի եվրոպացի հեղինակները հայերին շատ գեղեցիկ բաներ կասեն, արցախահայության անվտանգության «միջազգային երաշխիքներ» կխոստանան, «մատով» կսպառնան Ադրբեջանի ղեկավարությանը, բայց… վերջիվերջո, մենք կստանանք արմատախիլ արած արցախյան պետականություն և որպես հետևանք՝ հայերի արտագաղթ իրենց ևս մեկ պատմական հայրենիքից՝ եվրոպական խորհրդարանների «զայրացած» բանաձևերի ներքո։ Մոտավորապես սրան են այսօր համաձայնում Հայաստանի իշխանությունները։

Ի դեպ, ևս մեկ անգամ կրկնեմ՝ Արցախի հանձնումը թուրք-ադրբեջանական տանդեմի ոչնչացմանը, չի կարող և չի լինելու Հայաստանի անվտանգության երաշխիք։ Սա ապրիորի անհեթեթություն է, և այստեղ կարևոր է միայն մեկ բան նշել. Երբ Ադրբեջանը կրկին հարվածում է թուլացած Հայաստանին, որը կորցրել է իր վերջին դաշնակցին, ադրբեջանական նավթագազային «կոնֆետը» երաշխավորված չեզոքացնելու է ագրեսորին սանձելու եվրոպացիների բոլոր գործուն քայլերը։ Դուք կարող եք վիճել կամ չվիճել վերը նշված մտքերի շուրջ, բայց իմացեք մի բան. Ոչ ոք դեռ չի չեղարկել «real politic»-ի կանոնները և, ամենայն հավանականությամբ, չի չեղարկի հանուն հայության»։