copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:25 18-10-2022

Թուրքական պարբերականն անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ ընթացող զարգացումներին


Թուրքական իշխանամետ «Daily Sabah» պարբերականը «Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի հարցում մերժել է Հայաստանի այլընտրանքային տարբերակները» թեմայով հոդված է հրապարակել, որում անդրադարձել է թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Պարբերականը հիշեցրել է, որ Ադրբեջանը նախօրեին քննադատել է Հայաստանին՝ «Զանգեզուրի միջանցքը բացելու պարտավորությունից խուսափելու փորձերի և Բաքվի կողմից անիրատեսական համարվող այլընտրանքներ առաջարկելու համար»։ «Հայաստանը պետք է վերջ տա կեղծ պատրվակներին՝ խուսափելու Զանգեզուրի միջանցքով ճանապարհները և երկաթուղիները միավորելու իր պարտավորություններից՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնագրի»,- ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հրապարակման մեջ նշվել է, որ «Զանգեզուրը գտնվում էր Ադրբեջանի կազմում, սակայն 1920-ական թվականներին խորհրդային իշխանությունները շրջանը հանձնեցին Հայաստանին»։ «Այս քայլից հետո Ադրբեջանը կորցրեց իր կապը Նախիջևանի հետ և երկու երկրների միջև երկաթուղու որոշ հատվածներ ոչնչացվեցին»,- գրում է պարբերականը։

Թուրքական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին Ադրբեջանն աշխատում է «Զանգեզուրի միջանցքում» իրականացվող նախագծերի վրա, որոնք կներառեն Հայաստանի Սյունիքի մարզի տարածքներով ձգվող ավտոճանապարհներն ու երկաթուղային գծերը: Նշվում է, որ երբ այդ հատվածները վերանորոգվեն, Ադրբեջանի քաղաքացիները կարող են գնացքով անխափան հասնել Իրան, Հայաստան և Նախիջևան։

Բացի այդ «Daily Sabah»-ը տեղեկացնում է, որ պաշտոնական Բաքվի հայտարարությունը հնչել է ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետերի բացման վերաբերյալ թվիթերյան գրառմանը։

Թուրքական լրատվամիջոցը նաև հայտնել է, որ նախկին երկու խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները լարվել են 1991 թվականից, երբ հայ զինվորականներն այսպես կոչված ապօրինի կերպով գրավել են Ադրբեջանի միջազգային մաս հանդիսացող Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները:

Բացի այդ լրատվականը Հայաստանին է մեղադրել 44-օրյա պատերազի համար՝ նշելով, որ «հայկական ուժերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակում են գործել խաղաղ բնակչության վրա և խախտել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները»։

«44-օրյա հակամարտության ընթացքում Ադրբեջանն ազատագրել է մի քանի քաղաքներ և շուրջ 300 բնակավայրեր ու գյուղեր, որոնք գրեթե 30 տարի օկուպացված էին Հայաստանի կողմից։ Մարտերն ավարտվեցին Ռուսաստանի միջնորդությամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված համաձայնագրով, որը փաստեց Ադրբեջանի հաղթանակը և Հայաստանի պարտությունը: Սակայն դրանից հետո հրադադարը մի քանի անգամ խախտվել է» ,- ասվում է հոդվածում։

Պարբերականը նաև հայտնում է, որ հակամարտության ավարտից հետո Բաքուն նախաձեռնեց իր վերահսկողության տակ անցած Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնման գործընթացը։