Երևան +21°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:36 17-10-2022

Գերմանիայի կանցլերը ԵՄ-ին անդամակցելու հավանական երկրների շարքում Թուրքիային չի հիշատակել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ անհրաժեշտ է Եվրամիության դռները բացել նոր անդամների առաջ և բարեփոխումներ իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի Ձայն»-ը, Շոլցը ելույթ ունենալով Բեռլինում կայացած Եվրոպական սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունների համագումարում՝ հայտարարել է, որ ԵՄ-ն նույնպես պետք է արդիականացնի իրեն։

Շոլցը շեշտել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստվի ընդլայնմանը և դրա համար պետք է արդիականացնի իր կառույցներն ու որոշումների կայացման գործընթացները։ Նա նշել է, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին տրված անդամակցության խոստումը պետք է կատարվի՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ ինքն անձամբ կողմնակից է կառույցի ընդլայնմանը։

Գերմանիայի կանցլերը հիշեցրել է, 27 անդամներից բաղկացած ԵՄ-ի բնակչությունը կազմում է 450 միլիոն մարդ։ Շոլցը պնդել է, որ ԵՄ անդամ երկրների թիվը 30-ի կամ 36-ի հասցնելու հետ մեկտեղ իր ավելի քան 500 միլիոն ազատ և հավասար իրավունքներ ունեցող բնակչությամբ աշխարհում կաճի կառույցի հզորությունը։

Վերջինս անդրադառնալով դեպի Արևելյան Եվրոպա և Բալկաններ ԵՄ-ի ընդլայնմանը՝ հիշատակել է Ուկրաինան, Մոլդովան, արևմտյան Բալկանների երկրներն ու Վրաստանը և նշել, որ ընդլայնման գործընթացից կշահի ողջ միությունը։ «Իհարկե, թեկնածու երկրները պետք է համապատասխանեն անդամակցության չափանիշներին։ Մենք կաջակցենք նրանց լավագույն ձևով»,- ասել է Շոլցը:

Ուշագրավ է, որ Գերմանիայի կանցլերը Եվրոպական սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունների համագումարում և դրանից առաջ ԵՄ-ի ընդլայնման վերաբերյալ հայտարարություններում, չի հիշատակել Թուրքիային, որը տասնամյակներ շարունակ գտնվում է անդամակցության գործընթացում։

Մարտին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպման ընթացքում Շոլցը հայտարարել էր, որ իրենք Թուրքիայի և ԵՄ-ի միջև նախաձեռնելու են բարձր մակարդակի երկխոսության ձևաչափեր և նշել, որ մաքսային միության շուրջ բանակցությունները կշարունակվեն։ Նա նաև հավելել է, որ միգրացիայի և փախստականների հարցում Թուրքիայի և ԵՄ-ի համագործակցությունը շատ կարևոր է։

«Այս պահին Ուկրաինայի հարցում տեսնում ենք, որ այս խնդիրները չեն ավարտվում, և քանի դեռ բռնություն կա, ցավոք, մարդիկ դեռ գաղթելու են և ապահով վայրեր են փնտրելու»,- եզրափակել է Գերմանիայի կանցլերը։