Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:00 15-10-2022

Չհավատաք․ եթե մնաց այս համակարգը` այս մարտավարությամբ, հաղթել չենք կարող

«Հաղթելո՞ւ ենք, ա՞յս մարտավարությամբ. այդպես մտածելը նույնքան անհիմն է, որքան հուսալը, որ երեսուներորդ անգամ կարող ես քայլերի նույն հաջորդականությամբ շախմատ խաղալ, ու մրցակիցդ չի անի այն նույն քայլերը, որ իրեն արդեն քսանինն անգամ հասցրել են քո նկատմամբ հաղթանակի»։ Oragir.news-ի հետ զրույցում նշեց ԱՏԱՆ ռազմահայրենասիրական կազմակերպության շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը։

«Չհավատաք, եթե մնաց այս համակարգը` այս մարտավարությամբ, հաղթել չենք կարող։ Թշնամին արդեն մանրամասն ուսումնասիրել է մեզ, վայրկյանի ճշտությամբ գիտի` իր ո'ր քայլին ինչպե'ս ենք արձագանքում ինչքա՛ն ժամանակում, և ի'նքն է հերթական անգամ խաղում նույն պարտիան նույն` իր համար հաղթական քայլերով»,- ասաց նա։

Եփրեմ Մարգարյանի խոսքով` ԱՏԱՆ-ի հրամկազմը ՊՆ-ին առաջարկել է տարբեր` ոչ ստանդարտ լուծումներ թե' առաջնագծի կարգավորման և թե' բանակում մարտավարության փոփոխության համար։ Առաջարկները, կարծես, ընդունվում են քաղաքավարի ոգևորությամբ, սակայն պատասխաններ այդպես էլ չեն ստացվում։ Շատ դեպքերում` այդ թվում և հենց այս պահին, ԱՏԱՆ-ի մասնագետները պատրաստ են աշխատել իրենց առաջարկներն իրականացնելու համար սեփական ուժով, ռեսուրսներով, պետք է միայն պետության թույլտվությունը, որն ամենավերջին պահին կրկին ու կրկին հապաղում է կամ վախվորած հետ քաշվում։

«Հաճախ սպայակազմի, տարբեր զորամասերի զինծառայողների հետ մեր անձնական շփումներում մասնագիտական զրույցներում շատերը նշում են, որ չեն տիրապետում այն ամենին, ինչ մենք առաջարկում ենք իրենց սովորեցնել։ Ասում են, որ ուրախ կլինեն ստանալ այդ գիտելիքները, քանի որ վերլուծելով իրենց անցած մարտական ուղին` տեսնում են, որ շատ հաճախ մարտերում կողմնորոշվում են բացառապես գենետիկ-ռազմական հոտառությամբ, բայց ոչ` գիտելիքով»,- ասաց Մարգարյանը։

Oragir.news-ն, անշուշտ, հարցում կուղարկի նաև ՊՆ` խնդրելով պարզաբանել, թե ինչով է պայմանավորված նման կարևոր խնդրով մասնագիտական առաջարկն անպատասխան թողնելը (մենք, իհարկե, վստահ ենք, որ մեր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից նշելու են, որ չեն կարող պատասխանել, քանի որ դա ռազմական գաղտնիք է)։

Բայց որոշեցինք խնդրի մասին խոսել անհապաղ, քանի որ այս խնդիրների լուծման առումով հապաղումը կյանքեր է արժենում։

Սիրով կհրապարակենք նաև ՊՆ-ի պատասխանը։

Ի դեպ, հույս ունենք, որ նախքան մեզ պատասխանելը ՊՆ-ն պատշաճ կարձագանքի ներկայացված առաջարկներին և մեզ կներկայացնի մասնագետների հետ համագործակցության իրական փաստեր` դրանով 10-0 անելով մեզ` ցույց տալով, թե որքան սխալ ենք մենք, որքան ճիշտ` ինքը։

Ուզում ենք պարտվել` որպես լրատվամիջոց, բայց համազորային մարտերում ջախջախել իր ռեսուրսներով մեզ բազմակի գերազանցող թշնամուն։

Կարմեն Մարտիրոսյան