copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:52 14-10-2022

Հավանականությունը 99 տոկոս է, որ 2 շաբաթ հավաքների մեջ գտնվողները դիրքերում չեն կարողանա իրենց առջև դրված խնդիրները լուծել․ Հայկ Նահապետյան

Եռամսյա հավաքներից հրաժարումը և հավաքները 25-օրյա դարձնելու որոշումը կառավարությունը հիմնավորում է սոցիալական հարցերով, սակայն այդ խնդրին պետք է ոչ թե այդ տեսանկյունից մոտենալ, այլ ռազմական տեսանկյունից: Այս մասին Oragir.news- ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա դիտարկմամբ՝ եռամսյա հավաքները գուցե բավարար ժամանակահատված էր, բայց անձնակազմի ընտրությունն, ըստ իս՝ սխալ է արվում։ «Այդտեղ առնվազն 3 կատեգորիայի զորակոչվողներ պետք է լինեն, որոնք միասին պետք է անցնեն հավաքները։ Առաջինը նրանք են, ովքեր բանակում ծառայել են, և իրականացրել են մարտական հերթապահություն։ Այսինքն, իրազեկ են և զենքի տիրապետմանը, և մարտական հերթապահության ժամանակ պահպանություն իրականացնելուն, անհրաժեշտության դեպքում պաշտպանության անցնելուն, այսինքն, ռազմական գործողության մասկացելուն։

Երկրորդ կատեգորիան նրանք են, ովքեր ծառայել են բանակում, բայց չունեն փորձառություն ու գիտելիքներ մարտական հերթապահություն իրականացնելու, որովհետև այդ հավաքների վերջին պետք է մարտական հերթապահություն իրականացվի։

Նրանք կարող են դյուրին կերպով ձեռք բերել այդ փորձառությունը մի քանի ամիս, եթե մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ համատեղ իրականացնեն աշխատանքները երկրրոդ էշելոնում։ Երբեմն անգամ 3 ամիսը դրա համար բավարար չէ, ուր մնաց 25 օրը։

Երրորդ կատեգորիան նրանք են, ովքեր ընդհանրապես չեն ծառայել բանակում։ Չի կարելի բանակում չծառայած մարդկանց հանել դիրքեր։ Դա սկզբունքորեն արգելված է բոլոր երկրների բոլոր կանոններով։ Անգամ 2-3 շաբաթ զենքին տիրապետելը դեռ չի նշանակում, որ այդ անձնակազմը կամ անձը ունակ է մարտական խնդիր կատարել մարտական հերթապահության ժամանակ»։

Նա ընդգծեց, որ դեմ է նախ 3-ամսյա հավաքները մեկ ամիս դարձնելուն, ապա նաև եթե խմբավորված չեն հավաքների մասնակիցներն ըստ փորձառության և գիտելիքների՝ դա ևս խնդիր է առաջացնում սահմանին մարտական հերթապահություն իրականացնող հրամկազմի մոտ։

«Չի կարելի զենքին չտիրապետող, բանակում չծառայածին բարձրացնել դիրքեր և համարել, որ իրենք կարող են հավասար չափով մարտական խնդիր լուծել»։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ ծառայություն անցածները պարբերաբար բարձրանում են մարտական դիրքեր, կտրվում են սեփական գործերից՝ նա ընդգեց, որ դա արդեն իշխանությունների խնդիրն է։

«Այսօր օրվա իշխանությունները, եթե խնդիր են դրել այդ անձնակազմով իրականացնել մարտական հերթապահություն, հետևաբար, դիրքերի պահպանության համար անձնակազմը չի բավականացնում, խնդիրը սա է, իսկ անձանց մարտական հերթապահության ուղարկել, ովքեր 2 շաբաթ հավաքների մեջ են ու հետո հանել դիրքեր, դա նշանակում է, որ հավանականությունը 99 տոկոս է, որ անձը չի կարողանա իր առջև դրված խնդիրները լուծել, առավել ևս, եթե ինքը բանակում չի էլ ծառայել։

Սկզբունքորեն, հակառակորդի հարձակման դեպքում ինքը առաջին թիրախներից մեկն է դառնում։ Նման բան չի կարելի անել։

Օրինակ, մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, երբ գալիս է ուսումնական զորամասում որոկավորում ստացած, օրինակ՝ մոտոհրաձիգ սերժանտը, ջոկի հրամանատար, իրեն միանգամից մարտկան դիրք չէին հանում, առնվազն մի քանի շաբաթ այդ անձը զորամասում ծանոթանում էր տեղանքին, բարձրացնում՝ ծանոթացնում էին խնդիրներին, մարտական հերթապահության նրբություններին, որից հետո ինքը բարձրանում էր մարտական դիրք, այնտեղ որոշ ժամանակ փորձառություն էր ստանում։

Ընդ որում՝ ոչ առաջնագծում, ընդամենը մի քանի ամիս հետո միայն, որպես ջոկի հրամանատար, մարտական հենակետի ավագ էր դառնում։ Սա արվում է, որպեսզի բացառենք այն պատահականությունները, որոնք փորձառության պակասով զինվորի կյանք կարող է արժենա։ Էլ չեմ ասում, որ տարածքի անվտանգությունն է վտանգվում ու խոցելի դառնում։

Ուստի նման՝ ոտքի վրա որոշում կայացնելու համար հիմք ընդունելով տնտեսական բաղադրիչը՝ ճիշտ չէ։

Եթե առաջնահերթ է անվտանգությունը, ապա անվտանգության հետ կապված մասնագիտորեն պետք է մոտենալ։ Սա առնվազն դիլենտանտություն է, եթե ավելի խիստ բառեր չասեմ։ Որևէ հիմնավորում չի կարող գերադասվել անվտանգությանը»։