Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպումից հետո Արցախի խորհրդարանին դեռևս որևէ տեղեկություն չի ներկայացվել։
Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատագամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա հայկական երկու հանրապետությունների ղեկավարների միջև կայացած հանդիպումը լուրջ չի գնահատում՝ դա պայմանավորելով մի քանի հանգամանքով․ «Նախ, չի ընդունվել ողջ պատվիրակությունը։ 2 անձերի հանդիպում է եղել, որի մասին որևէ հաղորդագրություն չկա։ Այսինքն, տեղեկություն էլ չկա, թե ինչ հարցեր են քննարկվել կամ ընդհանրապես քննարկվել է արդյոք որևէ հարց, թե ոչ։ Կարծում եմ, որ որևէ լուրջ հարց չի քննարկվել և դեռևս Նիկոլ Փաշինյանը բոլոր տեսակի հանդիպումները խափանում է, որովհետև այսօր չի կարող կանգնել ո՛չ Արցախի Արտաքին գործերի նախարարի առաջ, ո՛չ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առջև ու ասել այն, ինչն ինքը պատրաստվում է անել։ Իսկ արդեն այդ քանակի մարդկանց մոտ ստել և մանևրել, կարծում եմ՝ չի ստացվի։ Որովհետև իր դիմաց բավականին մեծ փորձառություն ունեցող քաղաքական գործիչներ են»,- ասաց արցախցի պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ իրենք հանդիպումից մեծ ակնկալիքներ չեն ունեցել անգամ մինչև դրա կայանալը։
«Պատկերացնում էինք, որ հենց այսպես էլ լինելու էր։ Արայիկ Հարությունյան ու Նիկոլ Փաշինյան հանդիպումները տեսնում ենք՝ ինչ արդյունք են ունենում։ Այսինքն, զուտ ասողի և լսողի կարգավիճակում երկու անձեր են, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է այն, ինչ ուզում է, իսկ Արայիկ Հարությունյանն էլ դա լսում է ու գալիս էստեղ տեղյակ է պահում»,- ասաց նա։
Պատգամավորը հույս հայտնեց, որ Արցախի պատվիրակության անդամները կկարողանան հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ նրա՝ Աստանայից վերադառնալուց հետո ու հստակ տեղեկություններ ձեռք բերել տեղի ունեցող գործընթացներից։ Իսկ վերադառնալուց հետո պարզաբանումներ կտան նաև իրենց գործողությունների վերաբերյալ։
«Ինձ համար նաև անհասկանալի է, թե մեր պատվիրակության որոշ անդամներ, պարապությունից, երևի, ինչ հանդիպումներ են ունենում ՀՀ-ում։ Ինչի համար են պատվիրակվել և ինչով են զբաղված։ Դա հիմա ավելի անհանգստացող է։ ԱԺ նախագահն ինչ-որ վտանգավոր հանդիպումներ է ունեցել, որոնց մասին հաղորդագրություն տարածվեց և մեզ համար դա խիստ անհանգստացնող է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպման ձգձգման փաստին՝ պատգամավորն ասաց, որ Արցախի իշխանությունների հետ հանդիպելու Հայաստանի իշխանությունների խուսափողականությունն սկսվել է դեռևս 2020 թվականի պատերազմից հետո։
«Ընդհանրապես, երկու հանրապետությունների ԱԺ-ներն այս 4 տարիների ընթացքում որևէ շփում չեն ունեցել։ Պատերազմից հետո արդեն, շատ բացահայտ խուսափում են Հայաստանում և՛ ԱԺ-ն, և՛ Գործադիր մարմնի անդամները հանդիպել Արցախի ԱԺ-ի և Գործադիր մարմնի անդամների հետ։ Երկու տարի շարունակ հանդիպումներ չեն եղել ո՛չ ԱԳ նախարարների, ո՛չ էլ այլ գերատեսչության ներկայացուցիչների միջև։ Ես չգիտեմ՝ նախապես պայմանավորվածություն եղել է, թե ոչ, բայց, այո՛, հանդիպումը ձգձգել են»,-ասաց նա։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ հայկական երկու հանրապետությունների ղեկավարների միջև հանդիպումը նախատեսվում էր անցկացնել տեղի ունեցածից մեկ օր առաջ․ «Սա շատ ցավալի է, որովհետև մենք երբևէ նման հարաբերություններ չեն եղել մեր միջև,- հիշեց պատգամավորը։
«Այս կերպ, ՀՀ իշխանությունները, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ուղղակի իրենց «տերերին» ցույց են տալիս՝ տեսեք, որ մենք ձեր բոլոր պահանջները կատարում ենք։ Այսինքն, ձեր ժողովրդի պատվիրակների հետ, վստահ եմ, որ իրենք մեզ դիտում են որպես Ադրբեջանի ժողովուրդ, չենք հանդիպում։ Իրենք իրենց գործառույթներն ամբողջությամբ կատարում են։ Այն բոլոր խոստումները, որոնք տվել են Ալիևին ու Էրդողանին»,- ասաց արցախցի պատգամավորը։
«Դեռևս սեպտեմբերյան պատերազմի օրերին Արցախում մեկնարկած, այնուհետև հոկտեմբերին Պրահայում կայացած քննարկումների օրերին իրականացված ինքնաբուխ հավաքներն այս պահին մարել են,-
Oragir.news-ին հայտնեց Մետաքսե Հակոբյանը։
«Հետո սոցիալական ցանցերով եղավ կոչը դուրս գալու։ Այդ ժամանակ առանձնապես չէին կազմակերպել, միայն այդ շարժման համակարգողներն էին միայն դուրս եկել՝ ընդհանուր մոտ 300 հոգի։ Էնտեղ էին նաև մեր կուսակցության բավականին շատ անդամներ։ Բայց հետո, երբ կառավարումից դուրս եկավ հավաքը, այսինքն, նախագահականի վրա հարձակվելով հարցերի պատասխաններ ստանալու կոչեր հնչեցին՝ ժողովրդական շարժման համակարգողնեը հետ քաշվեցին՝ հասկանալով ու գիտակցելով, որ կարծես 2018 թվականի սցենարն էր։ Որովհետև ժողովրդական շարժումը չի կարող նման բաների գնալ»,- ըստ պատգամավորի՝ ժողովրդական շարժման մարելուն նպաստեցին նաև այնտեղ ներկա որոշ մարդկանց՝ այդ ուղղությամբ արված գործողությունները։
Այդուհանդերձ, Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ժողովրդական պայքարն այսքանով չի դադարելու․ «Էստեղ մնում է մի բան, որ Արայիկ Հարությունյան, եթե չի գիտակցում, ապա գիտակցի իրականությունը։ Եթե չի գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենամեծ մանիպուլյատորն է և հենց հիմա իրեն ևս օգտագործում է, եթե չի ուզում լինել օգտագործված և դավաճանի պիտակով նախագահ՝ ինքը պետք է ուղղակի թողնի ամեն բան, կանգնի Նիկոլ Փաշինյանին հակառակ և միանա ժողովրդական շարժմանը։ Այսկերպ կարելի է փրկել Արցախը, ինչու ոչ՝ նաև Հայաստանը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։