Կոնսերվատորիայի շրջանավարտն էլ իրավունք ունի աշխատել ուսուցիչ, թող Ֆիզկուլտինստիտուտը միացնեին կոնսերվատորիային
copy image url

Կոնսերվատորիայի շրջանավարտն էլ իրավունք ունի աշխատել ուսուցիչ, թող Ֆիզկուլտինստիտուտը միացնեին կոնսերվատորիային

Ներքին 2 տարի առաջ - 22:13 13-10-2022
«Ճիշտն ասած՝ մենք դեմ ենք, հստակ հիմնավորումներ էլ ունենք, ուղղակի այս պահին դրանք չենք հրապարակում, քանի որ ծանոթ չենք նախագծի հետ։ Երբ որ նախագիծը կլինի հստակ, մենք մեր հիմնավորումները կներկայացնենք»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը՝ խոսելով երեք բուհերի միավորման գաղափարից։

Պատասխանելով դիտարկմանը, որ նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավելի վաղ ռեկտորին տեղեկացրել էր միավորման մասին, Խիթարյանն ասաց. «Այո, մոտավորապես երկու ամիս առաջ երեք բուհերի ռեկտորները հանդիպում են ունեցել նախարարի հետ, և դրանից առաջ էլ ես երկու հանդիպում փոխնախարարի հետ եմ ունեցել, որտեղ ընդհանուր տեսակետներ ենք կիսել, իսկ նախարարի հետ հանդիպմանը ասաց, որ գաղափար կա բուհերի միավորման և բնականաբար, քանի որ երեք ռեկտորներս էինք ներկա, ես ենթադրեցի, որ խոսքը մեր երեք բուհերի մասին է։ Ես նախարարի մոտ էլ իմ բացասական կարծիքը հայտնեցի, բայց քանի որ շատ հարցեր ունեինք, և նախարարը ասաց, որ դեռևս դա գաղափարի մակարդակում է, և նախագծ է մշակվում, ես խնդրեցի նախագիծը պատրաստ լինելու դեպքում ուղարկեն, որպեսզի մենք մեր դիրքորոշումը, առաջարկությունները, կարծիքները հիմնավոր կերպով ներկայացնենք, և քանի որ հիմա նախագիծը շրջանառված չէ, մենք չենք ուզում եթեների վրա հիմնված կարծիք ասել»։

Խոսելով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կարևորությունից՝ Խիթարյանն ասաց. «Մենք նեղ մասնագիտական բուհ ենք և պատահական չէ, որ նախարարն էլ իր խոսքում ասաց, որ մենք ինստիտուտ ենք մնացել, այսինքն՝ մենք որպես համալսարան այդպիսի գործառույթ չենք իրականացնում։ Մենք մնացել ենք ինստիտուտ, որովհետև սպորտը և սպորտը սպասարկող բոլոր մասնագիտությունների որակավորումը մենք ենք տալիս, այսինքն՝ այստեղ խոսքը գնում է մեծաթիվ մարզիչների մասին, այստեղ խոսքը գնում է ֆիզիկական վերականգնողների մասին, որոնք այսօր աշխատանք են տանում մարզիկների վերականգման պրոցեսում, և ոչ միայն մարզիկների, մարզիչների միակ դարբնոցը մենք ենք։ Սպորտի կաեավարում, սպորտի հոգեբանություն, սպորտի մարկետինգ, սպորտային տուրիզմ, մարզական լրագրություն, այսինքն՝ մերը ոլորտային բուհ է, այդ տրամաբանությամբ, եկեք դիտարկենք կոնսերվատորիան։ Կոնսերվատորիայի շրջանավարդն իրավունք ունի՞ դպրոցում աշխատի ուսուցիչ, ունի, դե թող Ֆիզկուլտինսիտուտը միացնեին կոնսերվատորիային, կլինե՞ր»։

Խիթարյան շեշտեց, որ եթե պետությունը խոսքը տանում է համալսարանների միացման, ապա շատ կարևոր է, որ առաջնահերթ դիտակվեն այն համալսարանները, որոնք նույն կրթությունն են իրականացնում, ոլորտային բուհեր են։ Ըստ Խիթարյանի՝ այս գործընթացում պետք է կարևորել միջազգային փորձը․ «Յուրաքանչյուր նախագիծ անելուց առաջ պետք է անպայման հետազոտություն իրականացվի, ուսումնասիրվի միջազգայի փորձը, արդյոք այլ երկրներում նման դեպքեր եղել են, որ այս կոնտեքստով միավորվեն բուհերը, և եթե եղել են, դրա վերջնարդյունքն ինչ է եղել, դրական, թե բացասական է անդրադարձել ոլորտի կամ կրթության որակի վրա»։

Դիտարկմանը, որ նախարարն այսօր ասաց, որ միավորման արդյունքում մարդիկ չեն կորցնի իրենց աշխատանքը, միայն երկու ռեկտորների փոփոխություն է լինելու, Խիթարյանն ասաց. «Դուք ինչպես եք պատկերացնում, եթե ամեն բուհ ունի չորս պրոռեկտոր, այսինքն՝ այդ բուհը ունենալու է 12 պրոռեկտոր։ Հարյուրավոր մարդկանց շահերի հետ է կապ ունենալու դա։ Այս ամենի համար ճանապարհային քարտեզ է պետք, այսինքն՝ պետք է կոնկրետ նախագիծ լինի, որտեղ այս ճանապարհային քարտեզը երևա՝ որ կետից որ կետին ենք հասնելու, և մենք հասկանանք՝ դրան կողմ ենք, թե դեմ ենք։ Կարող ա շատ լավ բան է լինում, մենք ասում ենք՝ շնորհակալ ենք, չնայած եթե ասեն, որ այդ բոլորը միանում են Ֆիզկուլտինստիտուտին մենք էլի դեմ ենք, որովհետև մենք նեղ մասնագիտական ոլորտային բուհ ենք»։

Խիթարյանն ասաց, որ բուհերի միավորման մասին խոսակցությունները լսել է 2013-14 թվականից սկսած։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը Օragir.news-ի հետ զրույցում, խոսելով շրջանառվող որոշման և համալսարանի տեսակետի մասին, ասաց. «Մենք հետևում ենք իրադարձություններին, և որևէ հստակ բան այս պահին հայտնի չէ, ամենայն հարգանքով բոլոր բուհերի իրավունքների նկատմամբ, երբ կլինի պաշտոնական նախագիծ, կամ հայտարարություն, և երբ հստակեցվի միավորման տրամաբանությունը, այդ ժամանակ մենք կարտահայտենք մեր հստակ տեսակետը»։

Դիտարկմանը, թե նախարարը հայտարարեց, որ այս թեմայի շուրջ օգոստոսի 9-ին քննարկում են ունեցել, պատասխանեց, որ քննարկում չի եղել, այլ այդ օրը տեղեկացրել են, որ նման հեռանկար կա, բայց ինչ սկզբունքով, որ բուհը որին, սրա մասին քննարկում չի ծավալվել։