Ուղիղ եթեր
Կոռուպցիոն չարաշահումներ՝ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում
copy image url

Կոռուպցիոն չարաշահումներ՝ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում

Ներքին 1 տարի առաջ - 11:40 17-10-2023
Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69-ամյա բնակչուհին, 2012-2018թթ. հանդիսանալով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, ինչպես նաև «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» և «Իմպրոռիթմ» մշակութային հասարակական կազմակերպությունների նախագահը, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի և «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության միջև կնքել է համագործակցության պայմանագրեր։

Ըստ դրանց՝ հիշյալ հասարակական կազմակերպությունը պարտավորվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի հանձնարարությամբ իրականացնել պայմանագրում նշված` մշակութային միջոցառումներ կազմակերպելու աշխատանքները, իսկ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղը պարտավորվել է վճարել այդ աշխատանքների իրականացման համար:

ՊՈԱԿ-ի տնօրենն, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2012-2018թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 345․692․000 ՀՀ դրամ գումարն առանձնացրել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի գույքային ֆոնդից և փոխանցել վերոնշյալ հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվներին: Այնուհետև նշված գումարները կանխիկացրել է՝ այդ կերպ հափշտակելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը։

Բացի այդ, 2015թ. Գյումրիում անցկացվելիք «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար կնքված պայմանագրերի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Վերածնունդ» հասարակական կազմակերպությանը նվիրաբերվել է 5.000.000-ական ՀՀ դրամ:

Դրանից հետո, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը նշված գումարներից յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամը: Այնուհետև, իր իսկ կողմից կատարված հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով, կեղծել է տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց կազմված դրամարկղային մուտքի օրդերները, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կազմված ծառայությունների մատուցման մասին հաշիվները, հաստատել կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն:

Քննությամբ պարզվել է նաև, որ վերոնշյալ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպությանը փոխանցված 2.904.501,5 ՌԴ ռուբլի գումարից ևս, յուրացման եղանակով, նշված հասարակական կազմակերպության փոխնախագահի օժանդակությամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 23.083.761 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, հիշյալ երկիր մեկնելու ցանկություն հայտնած 8 տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության փոխնախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ