copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:25 13-10-2022

Մենք պետք է զգոն լինենք․ Թուրքիան և Ադրբեջանը երբեք իրենց մտքից չեն հանելու, որ երբևէ կկարողանան միավորվել․ քաղաքագետ

«Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, նաև այն հանգամանքը, որ ինքը հաղթել է պատերազմում և Թուրքիան կանգնած է իր թիկունքում, մտածում է, որ այս իրավիճակում կարող է Հայաստանից ավելին ստանալ։ Նույնիսկ ավելին, քան պայմանավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով, որի երաշխավորը Ռուսաստանն է։ Բայց հիմա, երբ Ադրբեջանը տեսավ, որ Արևմուտքը կոշտ ձևով միջամտեց և զինադադարի վերաբերյալ խոսք եղավ, որ պետք է զորքերը հետ քաշեն, պետք է նորից չփորձեն ուժով վերանայել սահմանները և նաև զուգահեռներ անցկացրեց՝ Ուկրաինայի հետ կապված, Ադրբեջանը հիմա հասկանում է, որ եթե կարող է մի քիչ էլ չափը անցնի, ուղղակի իրեն նույնպես կհռչակեն ագրեսոր, իսկ Միացյալ Նահանգները հատկապես ագրեսորներին պատժելու հարուստ փորձ ունի։ Դա է պատճառը, որ հիմա վերադարձան գոնե այն վիճակին, ինչը որ քննարկվում էր»։ Այս մասին այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե խաղաղության պայմանագրի կնքմամբ և դելիմիտացիայի իրականացմամբ մինչև տարեվերջ, իսկապե՞ս խաղաղության երաշխիքներ կան Ադրբեջանի կողմից, և խաղաղության պայմանագրի հինգ կետերը որքանո՞վ են խաղաղ հարաբերությունների գրավական։

Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը և դելիմիտացիայի իրականացումը տեղի կունենան։

Անտինյանը նկատում է․ «Նիկոլ Փաշինյանը երբ ասում էր, որ մենք պետք է խոսենք քանինը հազար քառ․ կմ-ի մասին և պարզաբանում էր, թե որտեղից է այդ թիվը։ Այդ թիվը Խորհրդային Միությունից փոխանցված ժառանգություն ստացած թիվ է, որը 1991 թվականի Ալմա Աթայի փաստաթղթով և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ֆիքսել են։ Հիմա, երբ մենք խոսում ենք խաղաղության փաստաթղթի մասին, մենք շատ լավ գիտենք, որ դեմարկացիան բավական երկար տարիների գործընթաց է, այսինքն՝ սպասել դեմարկացիա անել, հետո խաղաղության պայմանագիր, դա արդեն իրատեսական չի լինի, առավել ևս, որ Ադրբեջանը ոտնձգություններ է անում՝ ասելով, որ «տարածքներ վերցնեմ, պետք է դրանով ուրեմն բանակցեմ ու էլ հետ չեմ գա»։ Իհարկե դելիմիտացիան շատ ավելի հեշտ գործընթաց է, որովհետև դելիմիտացիայի ժամանակ քարտեզի վրա ստանում ես պատկերը, թե ինչի մասին է խոսքը, դա իհարկե հնարավոր է անել նաև կարճ ժամանակում և հնարավոր է նաև գալ, հասնել մինչև տարեվերջ։ Եթե Հայաստանի համար «կարմիր գծերը» չհատվեն Ադրբեջանի կողմից, իսկ դա Հայաստանի տարածքն է, որով ինքը դարձել է ՄԱԿ-ի անդամ, այն տարածքն է, որը փոխադարձաբար ճանաչել են Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ 1991 թվականին։ Այն տարածքն է, որը 1999 թվականին Եվրոպայի Անվտանգության խարտիայով հիմնավորված է, որը որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն են ստորագել, իհարկե դա հուսադրող է, և մյուս «կարմիր գիծը» Հայաստանի համար Սյունիքով անցնող ճանապարհներն են, երբ խոսքը վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, չի կարող լինել ճանապարհ, որը լինի Հայաստանի իրավազորությունից դուրս։ Եթե այս երկու հարցը ընդունելի է, մնացածին բանակցային ճանապարհով կարելի է հասնել, որովհետև եթե Ադրբեջանը նորից փորձի ագրեսիվ ձևով հարցը լուծել, հնարավոր է իրեն ուղղակի նույնացնեն Ռուսաստանի հետ, և ինքը խնդիր կունենա»։

Պատասխանելով այն հարցին, որ հասարակության ներսում կա դրական վերաբերմունք խաղաղության պայմանագրի նկատմամբ, շատերը հավատում են, որ իրոք պայմանագիրը խաղաղություն կբերի Հայաստանին, քաղաքագետը ասաց․ «Մենք պետք է իմանանք, որ գործ ունենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որ նրանք երբեք իրենց մտքից չեն հանելու, որ երբևէ կկարողանան միավորվել։ Եթե նույնիսկ Մեծ Թուրան չստեղծեն, ապա գոնե երկու պետությունները կմիավորեն, որի իրականացմանը խանգարում է Հայաստանը։ Այսինքն՝ մենք միշտ էլ պետք է զգոն լինենք, խաղաղության պայմանագիր ստորագրելը երաշխիք կարող է լինել նաև այն պարագայում, որ ազդեցիկ դերակատարները դրա երաշխավորը լինեն, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ ՄԱԿ-ը իր կենսունակությունը պարզապես սպառեց մեր աչքի առաջ ուկրաինական պատերազմով, որ սուվերեն պետության տարածքային ամբողջականությունը երաշխավորելու ոչ մի հնարավորություն չկա։ Արևմուտքը տալիս է փող, Արևմուտքը տալիս է զենք, ուկրաինացիները կռվում են։ Այսինքն՝ սա է գտնված լուծումը և այդ պատերազմը արդեն ութերորդ ամիսն է, մենք նման շքեղություն մեզ թույլ տալ չենք կարող, նույնիսկ եթե մեզ տան զենք և փող։ Մենք չունենք Ուկրաինայի չափ տարածք և բնակչություն։ Եվ, եթե նույնիսկ ունենայինք էլ Թուրքիայի հետ, որը տարածաշրջանի ամենահզոր բանակն ունի հակամարտելը իրատեսական չէ։ Նշանակում է, որ մենք նոր աշխարհակարգի պարագայում ագրեսորները պետք է պատժվեն և նշանակում է, որ այդ զուգահեռները ինչ անում է Ռուսաստանը, որ ավելի ուժեղ պետությունը մտել է թույլ հարևանի տարածք և ցանկանում է ուժով վերաձևել, նույն բանը անում է Ադրբեջանը։ Այսինքն՝ Ադրբեջանը արդեն վտագավոր գծի վրա է։ Իսկ եթե ուկրաինական պատերազմը ավարտվելուց հետո ստեղծվի նոր աշխարհակարգ, կարծում եմ նաև կլինեն զսպման մեխանիզմներ, այլապես աշխարհը չի կարող անընդհատ անկայուն մնալ, առավել ևս, երբ կոնֆլիկտները ենթադրում են, որ կարող են լուծել միջուկային զենքի միջոցով, ինչը անթույլատրելի է և կործանարար։ Այսինքն՝ մենք պետք է կարողանանք ձգել մինչև ուկրաինական պատերազմի ավարտը, որպեսզի մեր տարածքային ամբողջականությանը կամ մեր պետականությանը վտանգ չսպառնա»։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
13:54 Աննա Հակոբյանին ստորացնում են անմար կրակի մոտ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
14:57 Ինչո՞ւ եք խոժոռվել, չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է. քաղաքացին՝ Աննա Հակոբյանին
16:15 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ