Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:16 13-10-2022

Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է Վատիկանի Բ ժողովի բացման 60-ամյա հոբելյանի միջոցառմանը

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հոկտեմբերի 11-ի երեկոյան հանդիսավոր արարողությամբ, որը նախագահեց Հռոմի Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, հիշատակվել է Հովհաննես ԻԳ (XXIII-րդ) Պապի կողմից, 1962 թվականի հոկտեմբերի 11-ին, Վատիկանի Բ ժողովին բացումը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Սբ․ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանից, իր ընդարձակ քարոզում Հռոմի Պապը կոչ է արել վերագտնելու Վատիկանի Բ Ժողովի էությունը և իմաստը։ «Վերհիշելով երջանկահիշատակ Հովհաննես Պապի բացման արարողության ելույթի խոսքերը՝ այն ուրախության մասին, որը պետք է բնակվի Եկեղեցում, Ֆրանցիսկոսը վերահաստատեց, որ Եկեղեցին «եթե չի ուրախանում, ուրանում է ինքն իրեն, որովհետև մոռանում է այս սերը, որ իրեն ստեղծեց» ապա շարունակեց. «Հիսուսին սիրահարված եկեղեցին ժամանակ չունի բախումների, թունավորումների և հակասությունների համար: Աստված ազատի մեզ քննադատական և անհանդուրժող լինելուց, կոպիտ և զայրացած լինելուց: …Քանի որ, ով սիրում է ՝ ինչպես սովորեցնում է Պողոս առաքյալը, ամեն ինչ անում է առանց տրտնջալու։ Տե՛ր, սովորեցրու մեզ քո վեհ հայացքը, որ նայենք Եկեղեցուն այնպես, ինչպես Դու ես նա տեսնում: Քարոզի ավարտին Սրբազան Քհանայապետը իր շնորհակալությունն ուղղեց արարողությանը մասնակցող Քույր եկեղեցիների ներկայացուցիչներին, ապա փառաբանություն մատուցեց Աստծուն՝ Ժողովի պարգևի համար։

Կաթոլիկ Եկեղեցու Վատիկանի Բ. ժողովը մեկնարկել էր Հռոմի Հովհաննես ԻԳ Պապի գահակալության վերջին տարին և ավարտվել 1965 թ․ դեկտեմբերի 8-ին, Պողոս Զ Պապի օրոք։

1963 թվականին Պողոս Զ Պապի հրավերով՝ Վատիկանի Բ ժողովին մասնակցեցին երկուական ներկայացուցիչ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

Վատիկանի Բ ժողովի ընթացքում հաստատվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ տարբեր Քրիստոնեական դավանանքների միասնության մասին Unitatis Redintegratio հրամանագիրը։ Վերջինիս մեջ ընդունված հիմնակետերի և որոշումների շնորհիվ նոր էջ բացվեց միջ-եկեղեցական հարաբերություններում, որոնք այնուհետ լրիվ նոր զարգացում և որակ ստացան։

Դրա ապացույցը եղավ 1970 թ․ մայիսի 8-ից 12-ը Վազգեն Ա. Ամենայն Հայոց Հայրապետի այցը Վատիկան՝ ուղեկցությամբ Երուսաղեմի Պատրիարք Տ. Եղիշե Արք. Տերտերյանի և Կ. Պոլսի Պատրիարք Տ. Շնորհք Արք. Գալուստյանի։ Պատմական այդ այցի ավարտին ստորագրվեց Համատեղ Հայտարարություն:

Այդ հայտարարության մեջ երկու գահակալները հրավիրում են բոլոր քրիստոնյաներին, հատկապես Կաթոլիկ և Հայ Առաքելական Եկեղեցիների հետևորդներին, ավելի մեծ հավատարմությամբ արձագանքել Սուրբ Հոգու կոչին, հորդորելով ավելի խոր միասնության, այդպիսով կատարելով Փրկչի կամքը և արդյունավետ դարձնելով քրիստոնյաների կողմից աշխարհին ծառայելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ձեզ գուցե հետաքրքրի