Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:27 13-10-2022

Դիվիզիայի հրամանատարը գումարտակի՝ շրջափակման մեջ հայտնվելու մասին իմացել է օրեր անց

2020 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հադրութ քաղաքի մոտակայքում՝ Խուռհատ սարի վրա, Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը հայտնվել էր շրջափակման մեջ:

Չիմանալով հակառակորդի տեղակայման վայրը, չունենալով կապի միջոց և մնալով առանց հրամանատարի՝ գումարտակը ցաքուցրիվ է եղել։ Մի մասը նահանջել է Վանք գյուղով անցնող ճանապարհով, մյուս մասը՝ դեպի Սարինշեն։ Վերջին ստորաբաժանմանը հաջողվել է դուրս գալ շրջափակումից, դեպի Վանք գյուղ նահանջածների մեծ մասը զոհվել է։

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։

Ինչպես հայտնում է «Հետք»-ը, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Վահանյանի խոսքով՝ ինքը վիրավոր է եղել։

Հոկտեմբերի 11-ին կայացավ գումարտակի հրամանատարի գործով հերթական դատական նիստը, որին հրավիրվել էր երկու վկա՝ 44-օրյա պատերազմի ժամանակ դիվիզիայի հրամանատար (Ջրականի զորամասը դիվիզիայի կազմում էր) Կարեն Առուստամյանը և օպերատիվ բաժնի շտաբի պետի տեղակալ Ռյուրիկ Սեմյոնովը։

Նորակոչիկների գումարտակը եղել է բարոյալքված վիճակում

Դիվիզիայի հրամանատարը նշում է, որ 5-րդ գումարտակն ընդգրկվել է մարտական գործողություններում, զբաղեցրել իր պաշտպանության շրջանը, որը գտնվում է երկրորդ գծում, սակայն, հաշվի առնելով հակառակորդի գրոհի զարգացումները, ստացվել է այնպես, որ գումարտակի աջթևյան հատվածը դարձել է առաջնագիծ, բայց ձախթևյան հատվածում հակառակորդը չի եղել։

Հոկտեմբերի 3-ին զեկուցել են, որ 5-րդ գումարտակի մի վաշտը նահանջել է, հրամանատարական կազմից պարզաբանում չի եղել՝ ինչո՞ւ է այդպիսի որոշում կայացվել։

«Անձնակազմը տեղափոխվել է Հադրութ։ Ոչ իմ կողմից, ոչ հրամանատարի կողմից չի եղել թույլտվություն, սակայն այնտեղից հոկտեմբերի 4-ին՝ գիշերվա ժամը 1-2-ի կողմերը զեկուցել են, որ մնացած անձնակազմը նահանջ է կատարում, ցուցում եմ տվել զորամասի հրամանատարին, որ շտապ ներկայանան զորամասի շտաբի տեղակալները, գնացել եմ այնտեղ, հանդիպել եմ նրանց, իրենք արդեն իրենց պաշտպանության շրջանից 2-3 կմ հետ էին եկել, նահանջել էին։

Ես որոշել եմ գնալ ու տեսնել նրանց, մեջները կային հիվանդ զինվորներ, հոգեպես վատ վիճակում։ Խոսել եմ սպաների ու զինվորների հետ։ Անձնակազմը թրջված և բարոյալքված վիճակում է եղել։ Ցուցում եմ տվել, որ առաջին խրամատին հաջորդող խրամատ գնան, ես էլ մոտ 400-500 մետր քայլել եմ, հետ եմ վերադարձել իմ ղեկավարման կետ։ Որոշ ժամանակ անց ինձ հայտնի է դարձել, որ այդ անձնակազմը էլի նահանջել է»,- նշեց Առուստամյանը։

«Խոսե՞լ ես հետները, թե՞ կրակել ոտքերի տակ»,- արձագանքեց ծնողներից մեկը։

«Եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստով էին և խոսում էին հայերեն». Կարեն Առուստամյան
Դիվիզիայի հրամանատար Կարեն Առուստամյանը նշեց, որ Իշխան Վահանյանը, լինելով 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, հոկտեմբերի 8-ից անցել է պաշտպանության Դյուլդուլ-Խուռհատ-Սարիշեն բնագծով։

Հոկտեմբերի 8-9-ը մարտական գործողություններ են տեղի ունեցել՝ սկզբից հեռահար միջոցներով։

«Հոկտեմբերի 10-ին հակառակորդը նախ դիվերսիոն խմբերով է ներթափանցել Հադրութ, Նորաշեն ուղղություններով։ Եղել են դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստով էին և խոսում էին հայերեն։ Հոկտեմբերի 8-ին մենք անցել ենք պաշտպանության, հոկտեմբերի 8-9-ին, մարտական գործողություններն ընթացել են հեռահար ու հրետանու միջոցներով։ Արդեն հոկտեմբերի 10-ին հակառակորդը դիվերսիոն խմբերի ուժերով սկզբից ներթափանցում է իրականացրել Ցոր, Հադրութ, Դյուլդուլ, Նորաշեն ուղղություններով։

Կրելով կորուստներ՝ ստորաբաժանումները Նորաշենի, Խուռհատի, Սարիշենի ուղղություններից նահանջել են դեպի «Թութակ» կոչվող տեղամաս։

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ այդ մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը, վիրավորում ստանալով կամ այդ պատրվակով, ես չեմ կարող ասել, թողել է այդ տեղանքը և հայտնվել հոսպիտալում։ Արդեն ավելի ուշ տեղեկացել եմ, որ շրջապատման մեջ ունեցել ենք զինվորներ, ցավոք սրտի՝ նաև զոհեր»,- ասաց նա։

Դիվիզիայի հրամանատարին չեն զեկուցել գումարտակի՝ շրջափակման մեջ հայտնվելու մասին

Դատախազ Գևորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ արդյոք դիվիզիայի հրամանատարին զեկուցել են, որ Խուռհատ սարի բնագծից զինծառայողները կատարել են ոչ կանոնակարգված նահանջ, չեն անցել շրջանաձև պաշտպանության, և տիրել է քաոսային իրավիճակ։

«Տենց բան իմացել եմ շատ ուշ, կոնկրետ այդ պահին ես չեմ իմացել դրա մասին»,- ասաց Առուստամյանը։

«Զորամասի հրամանատարը չի՞ զեկուցել»,- ճշտեց դատախազը։

«Ոչ մի կերպ, ոչ մեկը՝ ո՛չ զորամասի, ո՛չ գումարտակի հրամանատարները, ո՛չ էլ որևէ մեկը չի զեկուցել»,- ասաց դիվիզիայի հրամանատարը՝ նշելով, որ ինքը զինծառայողների շրջափակման մասին իմացել է հոկտեմբերի 16-ին կամ 17-ին։

Ավետիսյանը հարցրեց՝ ի՞նչ միջոցներով է իրականացվում գումարտակի հրամանատարի փոխարինումը։ Կապի միջոցների հանձնում պարտադի՞ր է, թե՞ ոչ։

«Իհարկե, պարտադիր է։ Եթե գումարտակի հրամանատարն ի վիճակի չէ, ասենք՝ մի կերպ դուրս են հանում տարածքից, պետք է իր որոշման համաձայն՝ կապի միջոցը փոխանցվի իր տեղակալին»,- հայտնեց հրամանատարը։

Դատախազը նշեց, որ գործում առկա տվյալների համաձայն՝ 5-րդ գումարտակի անձնակազմի մի մասը, չիմանալով հակառակորդի տեղակայման վայրը, նահանջել է տարբեր ուղղություններով, մի մասին հաջողվել է փրկվել։

Առուստամյանը հայտնեց՝ եթե տվյալ ստորաբաժանման հրամանատարը տեղյակ լիներ հակառակորդի դիրքերի և դիվերսիոն խմբերի տեղակայումների մասին, վտանգավոր ուղղության մասին, դրա հետ մեկտեղ կապի միջոց, ղեկավարում լիներ, իհարկե, ստորաբաժանումն այն ճանապարհով կտաներ, որով ինքն է գնացել։

«Հակառակորդի շարժի հետ կապված տեղեկություն եղել է, անօդաչու սարքերով արձանագրել ենք, ունեցել ենք զգոնության բարձրացման հրաման». Կ. Առուստամյան

Կարեն Առուստամյանի խոսքով՝ զգոնություն եղել է, բայց ոչ ոք չգիտեր, որ սեպտեմբերի 27-ին պատերազմ է սկսվելու։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ արդեն 3 վկա իր ցուցմունքում նշել է՝ տեղյակ են եղել, որ պատերազմ է լինելու։

«Որևէ մեկը ղեկավար կազմից չի նշել և չկա էդպիսի որևէ փաստաթուղթ, որ կոնկրետ սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվելու է»,- հայտարարեց Առուստամյանը, որից հետո նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։

«Հեռախոսը դրել են ականջին, ասել են՝ սերժանտն օգնություն է խնդրում, հեռախոսը շպրտել է»,- տեղից հայտնեց ծնողներից մեկը։

«Հակառակորդի շարժի հետ կապված տեղեկություն եղել է, անօդաչու սարքերով արձանագրել ենք, ունեցել ենք զգոնության բարձրացման հրաման»,- նշեց հրամանատարը։

«Նախապես իմացե՞լ եք, որ պատերազմ կսկսվի»,- ճշտող հարց տվեց դատավոր Ջոն Հայրապետյանը։
«Ոչ մի կերպ»,- պատասխանեց հրամանատարը։

Ըստ վկա Ռյուրիկ Սեմյոնովի՝ տեխնիկայի կուտակումները տեսել են պատերազմից մի քանի օր առաջ

Օպերատիվ բաժնի շտաբի պետի տեղակալ Ռյուրիկ Սեմյոնովն ասաց, որ սեպտեմբերի 24-25-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով տեսել են կուտակումները։ Այդ ժամանակ դիվիզիայի հրամանատար Կարեն Առուստամյանը եղել է նրանց հետ։
Սակայն, դիվիզիայի հրամանատարն իր ցուցմունքում ոչ միայն նշեց, թե տեղյակ չի եղել, որ պատերազմ պետք է սկսվի, այլև հայտնեց, որ այդ ժամանակ գտնվել է արձակուրդում և միայն սեպտեմբերի 26-ին է ծառայության վերադարձել։

«Հրամանատարությունը տեղյակ է եղել, սակայն միայն զգոնությունը բարձրացնելու հրաման են ստացել»,- ասաց վկա Սեմյոնովը։

Ըստ նրա՝ կուտակումների դեպքում դիվիզիայի հրամանատարը կարող էր կուտակված տեխնիկան խոցելու հրաման տալ, սակայն այդ հրամանը չի եղել։

Սեմյոնովը նաև նշեց, որ անտառային պայմաններում, որպես կանոն, մարտական գործողությունների են մասնակցում հատուկ ստորաբաժանումները, իսկ այս դեպքում առաջադրանքը տրվել էր նորակոչիկների գումարտակին։

Դիվիզիայի հրամանատարը՝ Լելե Թեփեի օպերացիայի մասին

2016 թ.-ի քառօրյա պատերազմի ժամանակ Լելե Թեփե բարձունքն օկուպացվել է ադրբեջանցիների կողմից:
44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը փորձել է ետ գրավել բարձունքը: Սակայն, տալով մարդկային և զրահատեխնիկայի մեծաքանակ կորուստներ, հայկական կողմը նահանջել է:

Կարեն Առուստամյանը նշեց՝ Լելե Թեփե բարձունքը դիվիզիային ենթակա չի եղել, դիվիզիայից ընդամենը ապահովող ստորաբաժանում է մասնակցել։
«Ձեր լիազորությունների տիրույթում չի՞ եղել»,- հարցրեց դատավորը։
«Ոչ մի կերպ»,- պատասխանեց հրամանատարը։

«Մինչև պատերազմի սկսվելը Ջրականի զորամասը չի՞ ապահովել Լելե Թեփեի դիմացի դիրքերի ապահովումը»,- կրկին հարցրեց դատավորը։
«Նշված օպերացիան կազմակերպել է վերադաս հրամանատարությունը, ընդգրկվել են դիվիզիային ոչ ենթակա զորամասեր, բայց այդ հատվածի ուղղությունը եղել է դիվիզիայի պաշտպանության տեղամասում»,- հայտարարեց Առուստամյանը։

«Արդյոք այդ օպերացիան ազդե՞լ է Ձեր հրամանատարության տակ եղած զորամիավորման հետագա գործընթացի վրա»,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։
«Իհարկե, եթե նշված օպերացիան հաջողությամբ պսակվեր, միանշանակ շատ լավ կլիներ մեր դիվիզիայի համար»,- ասաց հրամանատարը՝ նշելով, որ գործողությանը գնահատական տալ չի կարող։ Կա քրեական գործ, ինքը որպես վկա է և մանրամասներ չի կարող հայտնել։

«Հակահարվածից հետո այդ հատվածը բաց է մնացել, և մենք միջոցներ ենք ձեռնարկել այդ մեծ հատվածը փակելու համար՝ ընգրկելով ենթակա բոլոր զորամասերը, խնդրել ենք վերադասին, որ լրացուցիչ ստորաբաժանումներ մեզ տրամադրի, տեղանքում այդ մարդկանց հետ լրացուցիչ աշխատանք ենք իրականացրել և ընդգրկել այն տեղանքում, որտեղ սպասելի է եղել հակառակորդի առաջխաղացում, և այդ ուղղությունը փակ է մնացել մինչև ամսի 15-ը ներառյալ։

Դիվիզիային ենթակա ստորաբաժանումներն իր զորամասերում մինչև ամսի (հոկտեմբերի) 2-ը ներառյալ՝ 7 օր, պահել և կատարել են իրենց առաջադրված խնդիրները։ Այդ ընթացքում բոլորին վիճակի մասին զեկուցվել է, բոլորն էլ գիտեին դրա մասին։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ էնքան զորք, զորամասեր ունենայինք, որ բերեինք 2-րդ, 3-րդ գծեր ամրացնեինք»։

Ինչո՞ւ պաշտոնից ազատվեց գնդի հրամանատար Արտյոմ Պողոսյանը

Տուժողի իրավահաջորդ Արսեն Ղուկասյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պատերազմի ժամանակ պաշտոնից ազատվեց զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանը։

Կարեն Առուստամյանը պատասխանեց՝ Արտյոմ Պողոսյանին պաշտոնից ազատել են դեռևս հոկտեմբերի սկզբին՝ 5-րդ գումարտակի անկազմակերպ նահանջի և գաղտնիություն պարունակող ևս 2 հարցի համար, որը բարձրաձայնել չի կարող։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։