Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:00 12-10-2022

«Դժվար է, բայց ոչ անհնարին»․ իր ամենակրկնվող արտահայտությունը․ հոգեբան

«Պատմությունները՝ դպրոցական տարիներից սկսած, գրում էի, որից հետո դարձավ օրագրի պես մի բան, պարբերաբար կիսվում էի հույզերովս, նամակներ գրում ուսուցչուհուս, բայց չէի ուղարկում, հետո սկսեցի խոսել իր հետ, քննարկել, շատ խորհուրդներ լսել նաև մասնագիտական, որից հետո կար միտք, իր մասին գիրք գրելու դեռ 2017 թվականից։ Ես հոգեբան եմ, և ինձ նրա տեսակը բավական հետաքրքիր էր, անընդհատ շեշտում էի, որ մի օր գրելու եմ»։ Այս մասին այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց հոգեբան Ալվինա Դավթյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես առաջացավ սեփական զգացողությունները թղթին հանձնելու միտքը և հետո արդեն գրքի վերածելը։

Նշենք, որ հոգեբան Ալվինա Դավթյանը «Իմ ուսուցիչը փոխեց իմ կյանքը» գրքի հեղինակն է։ Գիրքը նվիրված է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Վարդուհի Մուրադյանին։

Դավթյանը ընդգծեց․ «Այս տարի նա պատվով հաղթահարեց հայոց լեզվի և գրականության ուսուցիչների կամավոր ատեստավորումը և մեր դպրոցի կողմից 2021-2022 ուս.տարվա լավագույն ուսուցչուհի ճանաչվեց: Ես մտածեցի՝ գաղափարս իրագործեմ, անակնկալ անեմ ուսուցչի տոնին»:

Հարցին, թե իր կյանքն ուսուցչուհին ինչպես փոխեց, Դավթյանը պատասխանում է․ «Ուսուցչուհիս փոխեց իմ կյանքը իր լինելով, իր խորհուրդներով, իր հետաքրքիր տեսակով, կարծում եմ՝ մանկավարժ լինելը ամեն մարդու գործ չէ, իրականում շատ մեծ աշխատանք է»:

«Տարիքային տարբեր շրջաներում իր հետ ունեցել եմ շատ հետաքրքիր զրույցներ, որոնք ինձ համար կյանքի դասեր էին, ուսուցիչ ծնվում են... Եթե մենք՝ բոլորս, գնահատենք մեր ուսուցիչներին և կարևորություն տանք, տարիներ հետո շա՜տ այլ պատկեր կունենանք»,- վստահ է հոգեբանը։

Խոսելով կյանքի տարբեր իրավիճակներում՝ ուսուցչուհու խորհուրդների դրական ազդեցության մասին՝ հոգեբանը նկատում է․ «Շատ անգամներ, նամակագրություններ կան, որոնք գրքի մեջ ևս տեղ են գտել, ես պահում էի և հաճախ կարդում, կամ լինում էր՝ զրուցում էինք, մեկ տողը իր գրած այդ պահին կարող էր իրավիճակ փոխել, աշխատանքային հարցերում, ամեն դեպքում մերժողական էր մոտենում հուսախաբությանը, դժվար է, բայց ոչ անհնարին, իր ամենակրկնվող արտահայտությունը...»։

Հարցին, թե ինչպիսի՞ն էր ուսուցչուհու արձագանքը, Դավթյանը ասաց․ «Ուսուցչուհիս տեղյակ չէր, ես ԱՄՆ-ում եմ ներկա պահին, ամսի 5-ին ուղարկեցի դպրոց, սպասում էի արձագանքի և արձագանքը եղավ. շա՜տ էմոցիոնալ, հուզված, անսպասելի, ես փորձեցի շնորհակալ լինել և ժպիտ պարգևել ինձ մոտ ստացվեց, որից հետո ֆեյսբուքյան հարթակում ինքը ևս կիսվեց իր ապրումներով: Իր տեսակը այնպիսին է, որ երբեք ցույց չի տալիս ինչ զգաց, շատ զուսպ և հավասարակշրված մարդ է, ինձ համար նրան բացահատելը, իր հետ զրուցելը երևի ամենաահետաքրքիր պահերից է»։

Եվ վերջում մեր հարցին, թե ինչ խորհուրդ տալ մարդկանց, որոնք ցանկանում են փոխել իրենց կյանքը, կամ խորհուրդ, որը կփոխի մարդու կյանքը, հոգեբանը նշեց․ «Տեսեք, հոգեբանները խորհուրդներ չեն տալիս, մենք փորձում ենք ցույց տալ ելքեր, իսկ մարդիկ պետք է օգտվեն այդ ելքերից: Ես միայն կարող եմ ասել, որ մարդկանց ձեր կյանքում դեր տվեք, «պաշտոն» թող լինեն ձեր կյանքում լավագույն ընկերը, լավագույն գործընկերը, լավագույն ուսուցիչը, և պարտավորեցնող է, և մոտիվացնող երկու կողմին էլ: Դեր տվողը տալիս է դրական զգացողություններ, իսկ դեր ստանձնողը փորձում է այդ դերը լիարժեք ի կատար ածել»։

«Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Եկեք հաճախ ասենք, որ սիրում ենք և շնորհակալ ենք»,- եզրափակեց հոգեբան Ալվինա Դավթյանը։

Ամենից շատ դիտված