copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:26 12-10-2022

Վանո Եղիազարյանը կրկին դատական հայց է ներկայացրել ՎՊՀ ռեկտորի դեմ

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը թեև դատարանում պարտվել էր բուհի դասախոս, պրոֆեսոր Վանո Եղիազարյանին, ում աշխատանքից հեռացրել էր 2021 թ․-ի մայիսի 18-ին, սակայն հրաժարվում է Եղիազարյանին վճարել բաց թողնված օգուտը, այդ թվում՝ լրավճարը։

Ռեկտորը հրաժարվում է Եղիազարյանին լրավճարը վճարելուց` նշելով, որ դատարանի վճռում չկա լրավճարի մասին որևէ խոսք:

Եղիազարյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խնդրին՝ գրելով․ «Էս մարդը երևի գլխի չի ընկել, որ ինքը լրավճար է տվել, երբ ինձ արդեն անպօրինի ազատել էր աշխատանքից, իսկ ես հայց էի ներկայացրել դատարան, որից հետո է ինքը լրավճարի հրաման տվել: Ստիպված կրկին դիմում եմ դատարան, և համոզված եմ, որ այս անգամ ռեկտորը ՎՊՀ բյուջեին կպատճառի նոր վնասներ` բանկային տոկոսադրույքների հավելումով: Մնում է, որ ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը հակընդդեմ հայցով դիմի դատարան` ՎՊՀ-ին պատճառված վնասները, այս պահին շուրջ 6 միլիոն դրամ, ռեկտորից հօգուտ ՎՊՀ-ի բռնագանձելու պահանջով: Երբ ռեկտորը խախտում է օրենքը և դիտավորությամբ չի վճարում աշխատողին հասանելիք բաց թողնված օգուտը, միաժամանակ կատարում է պաշտոնական դիրքի չարաշահում` վնաս պատճառելով թե աշխատողին, թե ՎՊՀ-ին»:

Հիշեցնենք, որ Եղիազարյանի ժամերը Սահակյանը բաշխել էր համալսարանի մյուս դասախոսների վրա, ու դրանց դիմաց վճարել նրանց։ Մինչդեռ Եղիազարյանին ապօրինի պարապուրդի մատնելու համար նույնպես պետք է շուրջ 3 մլն դրամ գումար վճարվի։

Եղիազարյանի հեռացնելու պատճառը եղել է գիտխորհրդի անդամներին վիրավորելը, մինչդեռ գիտխորհրդի անդամներից մեկը դատարանում ցուցմունք էր տվել, որ Եղազարյանը որևէ վիրավորական արտահայտություն թույլ չի տվել։

Հիշեցնենք նաև, որ շուրջ մեկ ամիս առաջ Oragir.news-ն անդրադարձել էր ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի գգործունեությանը, երբ նա կրկնակի՝ 350 հազար դրամից բարձրացրել էր սեփական աշխատավարձը և դարձրել 700 հազար դրամ՝ առանց խորհրդի համաձայնության։