copy image url
Ներքին 1 տարի առաջ - 01:50 12-10-2022

Որտեղի՞ց այնքան եկամուտ, որ վճարեն և՛ զորահավաքի մասնակցին, և՛ նրան փոխարինողին. Սուրեն Պարսյան

Հայաստանում շարունակվում են եռամսյա զորահավաքները, և օր-օրի շատանում են բողոքներն այդ հավաքների կազմակերպման ու իրականացման հետ կապված: Քաղաքացիներին ծանուցագրերը երբեմն տրվում են հավաքակայան ներկայանալու համար նշված ժամին այնքան մոտ, որ մարդիկ չեն հասցնում ամփոփել-փոխանցել աշխատանքային պարտականությունները, լուծել տարրական կենցաղային խնդիրներ, հատկապես փոքր բիզնեսում շատ հաճախ ծանր դրության մեջ է հայտնվում գործատուն, վտանգվում է բիզնեսի կենսունակությունը: Բարդ վիճակում է հայտնվում նաև ընտանիքը, քանի որ նվազագույնը երեք ամսով չի կարողանում ունենալ այն եկամուտը, որով ապրում էր, կրթում երեխաներին, վարկ փակում:

Այս խնդիրների մասին Oragir.news-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ այսպես կազմակերպվող զորահավաքը որոշակի խնդիրներ է առաջացնում մասնավոր սեկտորի և՛ աշխատողների, և՛ գործատուների համար: «Մի կողմից այստեղ Հայաստանի պաշտպանության խնդիրն է, և մարդիկ իրենց պարտքն են կատարում, մյուս կողմից մասնավոր բիզնեսի շահն է: Մասնավոր բիզնեսի մեծ մասը չի կարող վճարել այն աշխատողների համար, որ կանչվում են զորահավաքի, քանի որ այդ աշխատողը պիտի բիզնեսում հավելյալ արդյունք ստեղծեր, ապրանք ստեղծեր, որ գործատուն կարողանար հետո այդ արդյունքը, ապրանքը վաճառեր և գումարը վճարեր աշխատողներին աշխատավարձի տեսքով: Եթե մարդը տեղում չի եղել, այդ արդյունքը չի ստեղծել, բիզնեսին որտեղի՞ց եկամուտ, որ կարողանա այդ աշխատավարձը վճարել: Այս առումով գործատուներն ասում են՝ մենք չունենք եկամուտ, որ վճարենք և՛ այն մարդուն, որ գնացել է զորահավաքի, և՛ այն մարդուն, որ փոխարինում է նրան այդ պահին այդ աշխատանքում»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ ամեն դեպքում զորահավաքի մասին օրենքով մարդը պահպանում է իր աշխատատեղը:

«Պետական աշխատողի պարագայում պետությունը վճարում է այդ մարդուն: Իմ ուսուցիչ ընկերներից մեկը, որ մասնակցել է զորահավաքին, և՛ դպրոցից է ստացել աշխատավարձ, և՛ ստացել է պետության կողմից մասնակիցների համար նախատեսված գումարը: Բայց մասնավորի դեպքում դա խնդիր է՝ ինչպես գտնել այդ գումարը: Պետությունը մասնավորին որևէ հարկերի ներում, որևէ արտոնություն չի տալիս, եթե ինքն իր աշխատողին ճանապարհում է զորահավաքի: Այս առումով բիզնեսմենն իր խնդրի առաջ մենակ է մնում»,- նշեց Պարսյանը:

Ի պատասխան հարցին, թե արդյոք ավելի նպաստավոր չի լինի, եթե հավաքները կազմակերպվեն այլ գրաֆիկով, ինչպես արևմտյան երկրներում է, Պարսյանն ասաց. «Նոր անիվ հորինել պետք չէ. օրինակ՝ Իսրայելը շատ լավ փորձ ունի այդ առումով. ամեն երեք ամիսը մեկ կանչում են զորահավաքների, դրանց մասնակցելը պարտադիր է, մասնակիցներին տրվում են արտոնություններին, բնականաբար, մեկ շաբաթն այն ժամկետը չէ, որ մարդկանց գիտելիքները հնանան, նրանք դուրս մղվեն աշխատաշուկայից, ունենան սոցիալական լուրջ խնդիրներ: Միաժամանակ, զորահավաքին ենթակա մարդկանց մարտունակությունն է պահվում»:

Այս առումով, ըստ Պարսյանի՝ խնդիրն այն է, որ պետությունը վերցնի առկա գործուն օրինակներից մեկը և իր քաղաքացիներին կարողանա համոզել-խրախուսել երեք ամիսը մեկ գալ ռազմական պարապունքների: «Այստեղ խնդիրն այն է, որ օրակարգը, որ այս իշխանությունները տանում են, համահունչ չէ դրան: Երբ մարդը քարոզում է խաղաղություն-խաղաղություն, արդեն անհասկանալի կլինի, երբ երեք ամիսը մեկ կանչի զորահավաքների»:
Հենց այդ պատճառով էլ, ըստ Պարսյանի, իշխանությունը խուսափում է համընդհանուր զորահավաք կազմակերպել. «Զորահավաքը բարձրացնում է սոցիալական դժգոհություն. ակնհայտ է, որ ներկա պայմաններում զորահավաքի համար աշխատանքից կտրվելը բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում քաղաքացու համար»:

Համընդհանուր զորահավաք ու ռազմական դրություն հայտարարելուց խուսափելը տնտեսակա՞ն հիմք ունի, ի՞նչ տնտեսական խնդիրներ ունի այդ դրությունը. այս հարցերին ի պատասխան՝ Պարսյանը նշեց, որ ռազմական դրության պայմաններում բիզնեսն իրեն միշտ անհանգիստ է զգում: «Ռազմական դրության նորմերի համաձայն՝ պետությունը կարող է ցանկացած քաղաքացու զորակոչել՝ նույնիսկ զինծառայություն չանցածներին, կարող է պետության կարիքների համար վերցնել ցանկացած գույք, որը ռիսկ է բիզնեսի համար: Բիզնեսի տեսանկյունից՝ ռազմական իրավիճակում գործընթացները սառում են, և ունենում ենք սպասողական իրավիճակ: 2020 թվականի փորձը հիշենք: Նոյեմբերին առաջին անգամ Հայաստանից ավելի շատ գումար էր դուրս եկել, քան՝ ներս էր եկել»:

Սակայն, տնտեսագետի դիտարկմամբ, անկախ փաստից՝ ռազմական դրություն հայտարարված է, թե՝ ոչ, այս վիճակն իր ուղղակի ու անուղղակի բացասական ազդեցությունն է ունենում երկրի տնտեսության վրա. «Անկախ հայտարարված լինել-չլինելուց, մենք տեսնում ենք, որ փաստացի պատերազմական վիճակում ենք՝ կրակոցներ արևելյան սահմանին, զոհեր, վիրավորներ, մեծ թվով ավերված տներ, ենթակառուցվածքներ: Տուժվեց տուրիզմը, առողջարանային քաղաք Ջերմուկը, և այդ հետևանքները շարունակվելու են նաև եկող տարի: Այդ տարածքների հողերի կորուստն էլ էական է, քանի որ դրանք գյուղատնտեսական նշանակության հողեր էին՝ վարելահողեր, արոտավայրեր: Առանց այդ էլ այս տարի բավական կրճատվել էր անասնագլխաքանակը՝ պայմանավորված արցախյան պատերազմի հետևանքներով՝ արոտավայրերի, խոտհարքների կորստով»:

Սակայն այս դիրքորոշումն ունի ոչ միայն տնտեսական հիմք. «Ռազմական դրություն հայտարարելուց հետո պետք է ցանկացած իշխանություն շարունակական քայլեր իրականացնի հանրութան համախմբելու, հանրության ռեսուրսները մեկտեղելու, ֆինանսական ռեսուրսներն ըստ այդմ կառավարելու, զենքի մատակարարման հարցերը լուծելու ուղղությամբ: Բայց ակնհայտ է, որ այս իշխանություններն այդ կարողությունը չունեն. նրանք նույնիսկ չեն կարողանում ներքին համերաշխության մթնոլորտն ապահովեն, էլ ուր մնաց այդ ամբողջ ռեսուրսները կառավարեն: Ռազմական դրությունը հայտարարելուն պետք հետևեն քայլեր, բայց ակնհայտ է, որ այս իշխանությունները այդ անելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ կարողություն»,- նշեց Սուրեն Պարսյանը:


Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել