Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:23 11-10-2022

Ինձ հետևելու համար պետության մոտավորապես 70 հազար դոլարի վնաս է պատճառվել․ Վահագն Վերմիշյան


Ինձ հետևելու համար պետության մոտավորապես 70 հազար դոլարի վնաս է պատճառվել, այս մասին այսօր դատական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը։

Նա նշեց, որ իր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել ու իր նկատմամբ հարուցված քրեական գործն արդեն ջախջախել է դատարանի դահլիճում։ «Ինձ գաղտնալսելու թույլտվությունը դատարանը տվել է նոյեմբերին, սակայն ինձ գաղտնալսումների ու գաղտնի տեսագրությունների կադրերում երևում էր այն բազմոցը, որը ես մայիսին փոխել եմ։

Տեսախցիկններ էին տեղադրված ոչ միայն իմ աշխատասենյակում, այլև իմ բնակարանում, անգամ իմ սանհանգույցում՝ լոգարանի հայելու մեջ տեսախցիկներ կային։ Ինձ հետևող տղաներն արդեն ծանոթ ու հարազատ էին դարձել, երբ գնում՝ նստում էի որևէ սրճարանում, այդ տղաները նստում էին իմ հարևան սեղանի մոտ, ու այդպես մի քանի ամիս շարունակ։ Ես արդեն դեմ չէի, ասում էի՝ Ձեր ներկայությամբ ինձ ավելի ապահով եմ զգում»,- ասաց Վերմիշյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Չիլինգարյանի, անդամակցությամբ դատավորներ Տարոն Նազարյանի եւ Նորա Կարապետյանի, այսօր քննում է Վահագն Վերմիշյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքը: Վերմիշյանը պահանջում է դատարանից պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել իրեն զրպարտելու համար։

Վերմիշյանը վիրավորական և զրպարություն է համարել այն, որ իր ձերբակալման հաջորդ օրը ՝ 2020 թ-ի փետրվարի 6-ին Վրաստաում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը վկայակոչել է իր ձերբակալումը և ասել, թե մի «կաշառակեր նախարարի ենք ձերբակալել»։

«Այդ հայտարարությամբ Փաշինյանը զրպարտել է ինձ, քանի որ դատարանի կողմից դեռ ապացուցված չի եղել իմ նկատմամբ հարուցված մեղադրանքը, նա խախտել է իմ անմեղության կանխավարկածը։ Այդ արարքը պետք է համարժեք գնահատական ստանա, քանի որ դա կարող է դառնալ նախադեպ, ցանկացած մեկը կարող է մեկ այլ անձի նկատմամբ նման զրպարտող հայտարարություններ անի ու դա մնա անպատիժ»։

Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Վերմիշյանի բողոքը՝ վաղեմության ժամկետով պայմանավորված։ Վերմիշյանը պարզաբանեց, որ ինքը չի իմացել այդ արտահայտության մասին և չէր կարող իմանալ, ու ժամանակին բողոք ներկայացնել այդ արտահայտության համար, քանի որ ինքն այդ օրերին ձերբակալված է եղել և զրկված է եղել կապի որևէ միջոցներից։

«Ես այդ ժամանակ ԱԱԾ նկուղում եմ եղել, զրկված հարազատների հետ տեսակցության հնարավորույթունից ու կապի որևէ միջոցից։ Փաշինյանի այդ արտահայտության վերաբերյալ ինձ հայտնել է իմ փաստաբանը, 2021 թ-ի ամռանը։ Այդ տեղեկությունը ստանալու հենց հաջորդ օրը դատական հայց է ներկայացվել։ Վաղեմության ժամկետից դուրս հայցի ներկայացումը բացառապես սրանով է պայմանավորված»։

Նա նաև ընդգծեց, որ Վրաստանում՝ Թբիլիսում, որտեղ այդ արտահայտությունն արվել է, իրեն ու իր ընտանիքի անդամներին շատ լավ են ճանաչում, քանի որ բոլորը հայտնի ճարտապետներ են ու հատկապես այդ քաղաքում նման արտահայտություններ իր հասցեին առավել քան վիրավորական է համարում։

«Ես պնդում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում, որի հեղինակը Նիկոլ Վովայի Փաշինյանն է»,- ասաց նա և ներկայացրեց, թե որոնք են այն պատճառները, որի համար իր նկատմամբ հետապնդում է իրականացվել։

Նշենք նաև, որ դատական նիստի ընթացքում Oragir.news-ին թույլ չտվեցին նկարահանում իրականացնել, թեեւ պատասխանող կողմը ներկա չէր նիստին և առարկություն ներկայացնելու հնարավորություն չուներ, իսկ հայցվոր կողմը չառարկեց նիստը նկարահանելուն։

Մեզ, այդուհանդերձ, թույլ տրվեց աուդիո ձայնագրություն իրականացնելու, որից մենք օգտվել ենք և քիչ անց ներկայացնենք Վերմիշյանի կողմից դատական նիստի ընթացքում ներկայացված բացահայտումներն այն մասին, թե որոնք էին իր նկատմամբ իրականացված հետապնդումների իրական պատճառները։

Նշենք նաև, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 1-ին։

Ձեզ գուցե հետաքրքրի