copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:55 11-10-2022

Սա բավականին երկար գործընթաց է, որը մեր հանդեպ էլ է հետևանքներ ունենալու․ վերլուծաբան

«Այն, որ ուկրաինական, նույնիսկ ուկրաինական չի կարելի անվանել, այլ՝ եվրոպական ճակատ, այս ճակատում գործընթացները սրընթաց են զարգանում, առավոտյան՝ արդեն ռուսական կողմը, փաստացի ոչնչացրել է ուկրաինական էներգետիկայի ռեսուրսների ութսունից վաթսուն տոկոսը։ Այս պահին դեռ ընթանում են հաշվարկներ։ Բացի դրանից, կա նաև տեղեկություն, որ ակտիվացել են Ռուսաստանի ռազմական ուժերը՝ Դոնեցկ, Լուգանսկ, Խերսոն, Զապորոժիե ուղղությամբ»։

Այս մասին՝ այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ներկայումս ո՞ր փուլում է գտնվում ռուս-ուկրաինական պատերազմը։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, որը սկիզբ էր առել 2022 թ․ մարտին, վերջերս մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Կիևի կենտրոնում, Ուկրաինայում օդային տագնապը չի դադարում։

Աբովյանն ընդգծեց․ «Այստեղ՝ հաշվի առնելով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը, առ այն, որ իրենք Ռուսաստանի հետ համատեղ ձևավորում են ռազմական բռունցք, զուգահեռելով այդ հայտարարությունը՝ Լուկաշենկոն ասեց, որ պայմանական արևմուտքը նախագծում է հարվածել Բելառուսի տարածքին, նաև միջուկային զենքով, ապա կարելի է միանշանակ կանխատեսել, որ իրավիճակը մտնում է նոր փուլ։

Այսինքն՝ Ռուսաստանը, որը մինչ այս պահն անցկացնում էր, ինչպես իրենք էին ասում, հակաահաբեկչական հատուկ գործողություն, ապա արդեն մենք տեսնոււմ ենք, որ ռուսական կողմն սկսում է կտրուկ ակտիվացնել իր գործողությունները»։

Հարցին, թե ի՞նչքան ժամանակ դեռ կշարունակվի պատերազմը՝ Աբովյանը պատասխանում է․ «Կարծում եմ կտևի բավականին երկար։ Չի կարող լինել, որ սա ավարտվի մեկ, երկու կամ երեք ամիս հետո, սա տարիների պատմություն է, նույնիսկ, եթե այսօր դադարեն ակտիվ ռազմական գործողությունները, ինչը անհնար է, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ երկու բևեռները՝ պայմանական արևմուտքը և արևելքը, ունեն սկզբունքային անհամաձայնություն ու նվազագույնը, թե որտեղով պետք է անցնի Ռուսաստանի Դաշնության սահմանը։

Խոսքը՝ վերջին հանրաքվեների մասին էր, երբ ուկրաինական տարածքները միացան Ռուսաստանին։ Այսինքն, սա բավականին երկար, շատ երկար գործընթաց է լինելու և ունենալու է բազմաշերտ հետևանքներ։ Մեր հանդեպ էլ է հետևանքներ լինելու»։

Խոսելով՝ արևմուտքի կողմից բեկումնային հնարավոր քայլերի մասին, Աբովյանը նշեց․ «Կարծում եմ՝ արևմուտքը սկսելու է ճնշում գործադրել այն պետությունների վրա, որոնք Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական, ռազմական ինչ որ հարաբերությունների մեջ են։ Եվ, բացի դրանից՝ արևմուտքի համար շատ կարևոր է Ռուսաստանի պայմանական մեկուսացումը, բայց իմ գնահատմամբ չի ստացվում, հակառակը՝ տեսնում ենք, որ հիմնական խոշոր խաղացողները՝ Չինաստան, Հնդկաստան, Իրան, որոնք ունեն, թե տեխնոլոգիաներ, թե ռեսուրսներ ավելի շատ պրոռուսական դիրքի վրա են»։

Անդրադառնալով՝ Ռուսաստանի դեպի արևմուտք սևեռվելու ուղղությամբ, Աբովյանը նկատում է․ «Իհարկե դրա հետ մեկտեղ պետք է սպասել թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի ակտիվացմանը՝ Արցախի և Հայաստանի շուրջ, քանզի միշտ այսպիսի լարվածությունը, երբ ուշադրությունը սևեռվում է եվրոպական ճակատ՝ ակտիվանում են Թուրքիան և Ադրբեջանը։ Քանզի չմոռանանք Ադրբեջանի, Թուրքիայի վերջնանպատակը՝ Արցախի ֆիզիկական ոչնչացումն է և Հայաստանի նվազագույնը մասնատումը, ինչը մի քիչ դժվար է իրականացնել, երբ հարաբերական հանգիստ իրավիճակ է աշխարհում,իսկ հիմա աշխարհը մտավ կրկին ակտիվ ռազմական գործողությունների նոր փուլ, ինչը մեզ համար ռիսկերը բավականին ավելացնում են։ Հաշվի առնելով՝ իհարկե մեր իշխանության առհասարակ ոչ ադեկվադ քայլերի տրամաբանությունը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարցում, ապա ցավոք, ռիսկերը կրկնապատկվում են»,- եզրափակեց Աբովյանը։

Ամենից շատ դիտված