Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:01 07-10-2022

Արցախը․․․ և վերջ․ փաշինյանական տրանսֆորմացիան

2018-ին՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո հաճախ էինք լսում` Փաշինյանը եկել է Արցախը հանձնելու։ Իսկ նա լուրջ կամ հեգնանքով պնդում էր՝ նման բան չկա, Արցախի մասին որոշումը կայացվելու է ազգովի․․․ Ընտրվելուց առաջ Փաշինյանը նշում էր, որ «մերժիր Սերժին»-ը նաև հետագայում «քառօրյա պատերազմի» ելքի պես կորուստները կանխելն է։ Oragir.news-ը դիտարկել է՝ ինչ տրանսֆորմացիա է ապրել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի նկատմամբ վերաբերմունքը վարչապետ ընտրվելուց հետո․ բայց նախ՝ դպրոցական տարիներին գրած իր բանաստեղծությունը։

Դուք Ղարաբաղ եք ասում այդ հողին,

Իսկ մենք հայերեն ասում ենք Արցախ,

Դուք այդ ասելով նմանվում եք գողի,

Իսկ մենք՝ հայկական քաջարի խիզախ։

Ձեզ հայոց զավակն է տվել ազատ կյանք

Ձեզ նման լկտի անպատկառներին,

Եվ հայոց զավակն էլ կտա կալանք

Ինչպես թափառող անտեր շներին։

09.04.2019-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ Արցախի հարցով բանակցություններում ինքը ոչ թե շարունակում է դիտարկել սեղանին դրված առաջարկները, այլ իր սեփական օրակարգն է թելադրում․ «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Սա շատ կարևոր է»:

Օրեր անց՝ 22.04.2019-ին բացատրեց․ «Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ ես նոր էի դարձել վարչապետ, շատերը հարցազրույցներ էին տալիս, մեկն ասում էր՝ էսինչն են ծախել, մյուսը՝ էնինչն են ծախել, մեկն ասում էր՝ եթե չեն ծախել, հեսա կծախեն, մեկը գրում էր հենց նոր ծախեցին պրծան: Որևէ մեկը հարց չի տալիս, որ երբ ես գնում եմ բանակցությունների, ինչի՞ պետք է իմ հետևից էդպիսի խոսակցություն լինի և ինչի կա էդ խոսակցությունը:

Որովհետև երբ դուք բոլորդ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, միանգամից չեք ասում՝ կգնաս և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Այսօր հայ ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ: Ոչ ոք չի ասել, թե ոնց պետք է լուծվի հարցը․․․ Դա պետք է լինի հայ ժողովրդի պատկերացումը, քանի որ հարցը լուծողը հայ ժողովուրդն է, ոչ թե վարչապետը կամ մեկ կառավարությունը»:

16․05․2020-ին նա նշեց Արցախը՝ որպես բանակցային կողմ վերստին ներգրավելու մասին․ «Չենք պատկերացնում լուծում, առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության։ Խոսք է գնում այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան, այնպես ինչպես չի հաջողվել վերջին 22 տարիներին, երբ 98 թվականին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց։ 22 տարի ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբն այս պայմաններում աշխատել է լռելյայն, կոնսենսուսով։ Սա բերում է որոշակի բարդություններ։ Մեր պատկերացումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների, և մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»։

05.08.2019-ին Փաշինյանն ինքնավստահ էր ավելի, քան երբևէ․ «Շատերը կհարցնեն՝ ինչո՞ւ ոչինչ ասված չէ Արցախի մասին: Պատասխանը պարզ է՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Ծրագրերը կիրականացվեն մինչև 2050թ.։ Օրինակ, առողջապահության 100% հասանելիություն մենք կտրամադրենք ավելի շուտ․․․ Յուրաքանչյուր հայ պետք է իրեն երկու հարց տա և պատասխանի դրանց՝ ցանկանո՞ւմ է նա արդյոք, որ Հայաստանը լինի այդպիսի Հայրենիք, և պատրա՞ստ է նա արդյոք ստեղծել այդպիսի Հայրենիք: Դա սկզբունքային հարց է: Իրատեսական ծրագրերը մեզ այլևս պետք չեն: Մեզ պետք են անիրական ծրագրեր: Այն ծրագրերը, որոնք բոլորն անհնար են համարում, հայ ժողովուրդը ապացուցել է, որ անիրականը կարելի է իրականացնել»։

Իսկ հետո սկսվեց պատերազմը և Փաշինյանը 27․ 09․2020-ին հայտարարեց․ «Պետք է մի անգամ կանգնենք ու պաշտպանենք ինքներս մեզ, մեր իրավունքները` չլինելով մոլագար, ոչ ադեկվատ: Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել, և չկա հաղթանակ, որը նախ քո մտքում ու գիտակցության մեջ չի ծնվում: Եկեք պայմանավորվենք. ինչ էլ լինի` մենք մեզ պարտված չենք ճանաչի, մենք չենք դադարի պայքարել հանուն մեր հաղթանակի, հանուն Մոնթեի, Վազգեն Սարգսյանի, Մովսես Գորգիսյանի, Ռուբեն Սանամյանի հաղթանակի, հանուն ապրիլյան պատերազմի զոհերի հաղթանակի»:

18․10․2020-ին նորից կրկնեց այն, ինչ այդ օրերին անդադար ասում էին պաշտոնապես․ «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և Ադրբեջանի տարածքային նկրտումներն Արցախի նկատմամբ միջազգային իրավական հիմք չունեն»: «Կանխե՛ք ցեղասպանությունը, ճանաչե՛ք Արցախը»,- գրեց ՀՀ վարչապետը Twitter-ի իր էջում։

26/10/2020-ն նա արդեն չէր խոսում մեր ցանկությունների, ակնկալիքների մասին, այլ՝ Ադրբեջանի․ «Այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն, ինչի ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա: Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»:

27․10․2020՝ պատերազմի մեկնարկից ուղիղ մի ամիս անց Փաշինյանն ասաց․ «Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումը աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում և բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների և վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։ Սա հնարավոր է դարձել, այդ թվում մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի և հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանը՝ ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների: Իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչև վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու և հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը»:

Իր խոսքը Փաշինյանն ամփոփեց ՝ խոստանալով, որ պահելու է զինվորի ձեռքբերումները։ «Եվ ուրեմն՝ դու հաղթող ես, հայ ժողովուրդ: Գնա և վերցրու քո հաղթանակը, կանգնիր և կերտիր քո հաղթանակը: Եւ վստահ եղիր՝ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից»:

Իսկ հետո եղավ նոյեմբերի 9-ը։
«Կարևոր է քաղաքական վճռականություն ու հանձնառություն արտահայտել Արցախի բնականոն կյանքի վերականգնման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար»,- հայտարարեց Փաշինյանն ամիսներ անց՝ 25.03.2021-ին․ խոսքը, բնականաբար, միայն սոցիալական ծրագրերի մասին էր։

14․04.2022-ին Փաշինյանն արդեն հղկել էր իր արդարացումները․ «Եթե մենք ուզենայինք հանձնել Ղարաբաղը՝ Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք։ Եթե նույնիսկ պետք է հանրաքվե տեղի ունենար, այն պետք է լիներ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, 50 տարի իրար հետ կապրեն կողք կողքի, ադրբեջանական բնակավայրերը կվերադարձվեն, հարյուր տարուց հետո կնայենք, որևէ այլ պայմանի համաձայն չենք»:

Հետո սկսվեցին ակտիվ մեղադրանքները, թե իր կառավարության դեմ Հայաստանի ներսից աշխատել են նաև ի վնաս Արցախի։ 22․04.2022-ին նա գրեց․ «2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին։ Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ոչ մի նախագիծ, ուշադրություն դարձրեք, ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի։ Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է»։

15.06.2022-ին նա կրկնեց, թե ցանկացած փաստաթուղթ ստորագրվելու է հանրային լայն քննարկումից հետո՝ վատ ժառանգության համար կրկին մեղադրելով նախկիններին․ «Բացառում եմ, որ պարզապես գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ։ Սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում։․․․ 1998 թ․-ի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված, այսպես կոչված, ընդհանուր պետություն առաջարկը, որում ասվում է․ «ԼՂ-ն հանրապետական ձևի պետական տարածքային կազմավորում է, և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

Վերջինը՝ երկու օր առաջ 05․10.2022-ին Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ Արցախի մասին պիտի խոսի Արցախը․ «Ես խոսել եմ 91թ․ դեկտեմբերի ութի համաձայնագրի հիման վրա ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին։ Կան նախանշաններ, որ այս հենքը և մոտեցումը կարող են փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար։ Կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա և մեկնարկի խոսակցություն՝ ԼՂ-ի և Ադրբեջանի միջեւ։ Այս երկու ուղղությունները համարում եմ անկյունաքարային»։

Երեկ Պրահայում Ադրբեջանի հետ ընդունած հայտարարության մեջ արդեն Արցախը հիշատակված չէ։
Ամփոփենք Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքից մի հատվածով․ «Ես տեսնում էի այդ պատերազմը․ այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետևում։ Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած ու դրանից երջանիկ աղջիկների, բոզացած ու դրանից երջանիկ տղաների, բոզացած ու դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ, և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի (էջ 338)»։
Եվ վերջ։

Կարմեն Մարտիրոսյան