copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:43 06-10-2022

Ինչպես է Գառնին պայքարում տրանսպորտի թանկացման դեմ. ուսանողներին կտրամադրվի անվճար տրանսպորտ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Գառնիի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման, պնդում են՝ այս գներով հնարավոր չէ ամեն օր Երևան հասնել։

Գառնի համայնքի Հացավան գյուղի վարչական ղեկավար Շավարշ Սարգսյանը Օragir.news-ի հետ զրույցում ասաց. «Տրանսպորտի գնի պահով մի պահ ակցիաներ եղան, հիմա լռել են»։

Հարցին, թե ինչքանով է ավելացել գումարը, պատասխանեցին. «Այն ժամանակ մեզ մոտ գյուղից մինչև Երևան վճարում էին 250, հիմա դարձել է 400, մրցույթում շահել են այդ գնով»։

Հարցին, թե ինչով է արդարացվում գների բարձրացումը, արդյոք ավելի լավ տրանսպրտային միջոցներ են սպասարկում գյուղերին, դրա համար են գինը բարձրացրել վարչական շրջանի ղեկավարն ասաց. «Մոտ 10 օր այդ մեկն է սպասարկում, ամբողջությամբ նոր մեքենաներ են»։

«Սկզբի օրերը դժգոգության հայտնեցին, մի մասն էլ ասում է՝ ավելի լավ է այս մեքենաները, այն գազելների մեջ կոտորվում էինք, իսկ հիմա մաքուր գնում, մաքուր գալիս ենք։ Մարդիկ կան, որ նախորդ գինն են գցում, իջնում, մարդիկ էլ կան, որ բարձրացված արժեքով են վճարում։ Կան վարորդներ, որ դժգոհում են, կան վարորդներ էլ, որ ընդհանրապես չեն խոսում»,- ասաց Սարգսյանը։

Գառնի համայնքի ղեկավար Գարիկ Չիչյանն էլ, խոսելով տրանսպորտի գնի բարձրացումից, ասաց, որ չի կարող պատճառը նշել․ «Տեղյակ եմ ընդհանուր թանկացումից բայց, թե ինչն է պատճառը, չեմ կարող ասել»։

Հարցին, թե համայնքի բնակիչները շարունակո՞ւմ են բարձրացված արժեքով վճարել, թե նախկին գինն են տալիս, Չիչյանն ասաց. «Բնակիչներն օգտվում են, դե ես այդքան շատ չեմ օգտվում, չեմ կարող ասել՝ ով ինչքան է վճարում»։

Գառնի համայնքի Գողթ գյուղ վարչական ղեկավար Էմին Ղարիբյանն էլ, Օragir.news-ի հետ զրույցում, խոսելով խնդրից, ասաց. «Նախկինում ուրիշ կազմակերպություն էր սպասարկում, բայց հիմա փոխվել է, հոկտեմբերից արդեն ուրիշ կազմակերպություն է սպասարկում, ընդհանուր գինը թանկացել է, երեկվա այդ դժգոհությունը կապված էր հիմնականում ուսանողների գնալ-գալու հետ։ Հիմա համայնքը տրամադրել է մեքենա, որ անվճար ուսանողներին տանի Երևան»։

Հարցեն, թե ուսանողների վերադարձն էլ է անվճար տրանսպորտով տեղի ունենում, Ղարիբյանն ասաց. «Ճիշտն ասած՝ այս պահին միայն գնալն է, վերադարձը չէ, բայց դրա վրա էլ ենք աշխատում, որ կարողանանք հետ գալն էլ անվճար դարձնել»։

Ղարիբյանն ասաց, որ այդ խնդիրը միայն Գողթ համայնքին չի վերաբերում, այլ խոշորացված համայնքին է վերաբերում, և համայնքապետարանը այդ կերպ փորձում է լուծել ամբողջ խոշորացված համայնքի ուսանողների Երևան անվճար գնալ-գալու խնդիրը։ Համայնքի ղեկավարը շեշտեց. «Ես՝ որրպես վարչական ղեկավար, կուզեմ, որ գինը ցածր լինի, բայց պետք է անկեղծ գտնվեմ և ասեմ, որ տրանսպորտի որակը, մեքենաները, գրաֆիկը իդեալական է դարձել»։

Oragir.news-ը կապվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի հասկանա Մրցակցային հանձնաժողովը արդյոք անելիք չունի տրանսպրտի գների բարձրացման, արդեն շարունակական դարձած պրոցեսը կարգավորելու համար։

Հանձնաժողովից պատասխանեցին, որ հարցը իրենց տիրույթում չի գտնվում։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ Զովունի համայնքի բնակիչներն էին դժգոհում տրանսպորտի գնի բարձրացումից և ասում, որ անընդունելի է, որ Զովունի- Դավիթաշեն՝ 5-6 կմ-ի համար ժողովուրդը 200 դրամ վճարի։

Ամենից շատ դիտված