Ես հեռու եմ այն մտքից, որ 17 գերիների վերադարձը տեղի է ունեցել բացառապես իմ ջանքերի շնորհիվ։ Մենք որոշակի առումով ներդում ունեցել ենք փաստաթղթավորելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ներկայացնելու, մեր գործընկեր կառույցներին և պետության ներկայացուցիչներին ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու գործում։ Այս մասին
Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն, ում անվան գործունեության հետ են կապում այս գործընթացի հաջողությունը։
«Ես բազմիցս պնդել եմ, որ վերադարձնելը պայմանավորված են քաղաքական գործընթացներով և քաղաքական գործոններն են ազդեցիկ հայրենադարձման պրոցեսում։ Այս անգամ ամերիկյան կողմի միջնորդությունն է եղել։ Մի բան կա, որ կարևոր է ու պետք է ընդգծենք, ցանկության դեպքում այս խնդիրը նույնիսկ օրերի ընթացքում լուծելի է որոշ պետությունների համար, որքանով նրանք աշխարահաքաղաքական իրավիճակից ելնելով կուզենան բանեցնել իրենց ազդեցությունը և արագ կերպով լուծել՝ հարց է։ Ես մշտապես նշել եմ, որ ռուսական և արևմտյան մրցակցությունը մեր տարածաշրջանում հաճախ վնասում է մեր գերեվարված հայրենակիցների խնդրի արագ հանգուցալուծմանը, որից օգտվում է Ադրբեջանը»։
Նա ընդգծեց, որ երբ դոմինանտություն է ձեռք բերում ԱՄՆ-ն, ինչպես տեսնում եք, հակառուսական մեծ հրապարակումներ են տեղի ունենում հայկական մեդիայում, ընդ որում՝ շատերի հետևում անմիջականորեն կանգնած են իշխանության ներկայացուցիչներ, նաև իշխանության ներկայացուցիչներ քննադատում են։ Մյուս կողմից ինտենսիվացել է շփումները արևմտյան գործընկերների հետ, նրանք շատ ազդեցիկ են, նրանք կարող են որոշակի բաներ խոստանալով, կամ ճնշում գարծադրելով այդ խնդիրները լուծել, նրանք անգամ կարող են պատժամիջոցների թեթև սպառնալիք ստեղծելով՝ խնդիրները արագ լուծել։
Մենք, իսկապես, շնորհակալ ենք, որ այս իրավիճակում ԱՄՆ-ը գործագրեցին իրենց ձեռքի տակ եղած հնարավորությունները, որոնք մեծ են, իրական են և կարողացան լուծել մարդասիրական խնդիրները»։
Սահակյանն ընդգծեց նաև, որ վերադարձվածները սեպտեմբերի 13-ին գերեվարնածներն են։ «Ինչպես գիտենք՝ նոյեմբերի 16-ին գերեվարված խումբն էլ ավելի արագ հայրենադարձվեց, մինչդեռ, ավելի վաղ գերեվարվածները չեն հայրենադարձվում։ Բանն այն է, որ նոյեմբերի 16-ը և սեպտեբերի 13-ը տեղի են ունեցել ՀՀ սուվերեն տարածքում, իսկ Հայաստանի տարածքի անձեռնմխելիությունը առավել սուր են ընկալվում այլ երկրների կողմից, այդ երկրները առավել զուսպ են Արցախի հարցում իրենց հայտարարություններում և ավելի կոշտ են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունների հարցում։
Կարծում եմ մյուս գործոնն էլ այն է, որ մեր տղաները գերեվարվել էին նաև Խծաբերդում, որտեղ ռուս խաղաղապահների գործոնն է եղել։ Ռուսական կողմի համար այլ հավասար պայմաններում առաջնահերթ է այնպիսի դրվագներով գերեվարվածների վերադարձնելը, որտեղ ռուսական դերակատարություն չի եղել։ Այս հատվածում ռուսները կարող էին կանխել գերեվարումը»։
Սահակյանն ասաց նաև, որ սեպտեմբերի 13-ին հաստատված բոլոր գերիները հայրենադարձվել են, բայց գերեվարման թիվը ավելի մեծ էր ու դրա ապացույցն է նաև հրապարակված տեսանյութը, այլ հարց է, որ նրանք ենթարկվել են արտադատական սպանությունների։ «Այսինքն, մի բան է ունենալ գերեվարման դեպքեր, մեկ այլ բան է զինծառայողները ներգրավվում են արտադական սպանությունների մեջ»։
Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանում դեռևս պահվում են 44 –օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված 33 գերիներ, չհաստատված դեպքերը, սակայն հասնում են 80-ի։ Հարցին, թե որքանով է հավանական համարում, որ վերադարձված գերիների նկատմամբ կարող են քրեական հետապնդումներ սկսվել՝ նա պատասխանեց, որ նոյեմբերի 14-16-ին Իշխանասարի դեպքով կան հարուցված գործեր, կան մեղադրյալներ և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է։
«Այս խմբից զատ այլ խմբերի առնչությամբ քրեական հետապնդումների վերաբերյալ մենք տեղեկություններ չունենք, ուստի չեմ կարող հաստատել։ Չեմ բացառում, որ փաստերի ուսումնասիրության արդյունքում կարող են հետապնդումներ սկսվել, բայց դրանց հավանականությունւ մեծ չեմ համարում»։