Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:37 04-10-2022

Տարօրինակ կլինի ակնկալել, որ դեռ երեկ կուսակցության ամենակարևոր անձանցից մեկը այսօր հանկարծ կդառնա ապակուսակցական․ Վարդինե Գրիգորյան

Մենք մի քանի հասարակական կազմակերպություններով հայտարարություն ենք տարածել՝ ներկայացնելով մեր գնահատականները, կարծում ենք, որ անընդունելի է, որ ակտիվ կուսակցական գործիչը դառնա չեզոք սահմանադրական մարմնի ղեկավար։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրմանը։

«Սա սահմանադրական պահանջ է, անձը չի կարող կուսակցական գործունեության դադարեցմամբ դառնալ ապակուսակցական, հարցը թղթի վրա ճիշտ լինելը չէ, այլ իրական չեզոքության ապահովումն է, որը պետք է ԿԸՀ-ում լինի»։ Անդրադառնալով հարցին, թե ինչու բավականաչափ անդրադարձ չէր արվում խնդրին այն ժամանակ, երբ ԸՕ-ի փոփոխություններ էին կատարվում, երբ մինչ այս լրատվամիջոցի կողմից անդրադարձ էր արվում այն մասին, որ ԿԸՀ նախագահի թեկնածուն Հովակիմյանն է, նա պատասխանեց, որ բարձրաձայնել են, սակայն քաղաքական որոշում կայացնողը իրենք չեն։

«Այսինքն, պարտադրել մեր կարծիքը չէինք կարող, բայց մեր մտահոգությունները բարձարձայնել ենք բոլոր մակարդակներում։ Նախաձեռնություններ կային, փոփոխություններ կային, որ խնդրահարույց չէին, հաշվի առնելով այդ պաշտոնի բովանդակությունը, սակայն մենք դրա մասին էլ ենք բարձրաձայնե։ Անգամ այն, որ ԸՕ փոփոխությունների նախաձեռնողն Հովակիմյանն էր, անգամ այդ փաստը, որ քննարկվել է, որպեսզի ինքը չդառնար այս փոփոփոխությունների շահառու։

Մենք այդ մասին բարձրաձայնել ենք ոչ միայն խորհրդարանական լսումների ընթացքում, այլև հրապարակային հայտարարությամբ ենք հանդես եկել։ Այն ժամանակ էլ հիմա էլ կարծում էինք, որ դեռ հնարավորություն կա վերանայելու որոշումը, որովհետև երկարաժամկետ բացասական ազդեցությունը, որ կարող է ունենալ նրա նշանակումը՝ կարծում եմ, թերագնահատվում է։ Մինչդեռ, հետագայում դա դրվելու է բոլոր գնահատակնների հիմքում»։

Նա նշեց, որ դեռ փոփոխությունների ընթացքում կային տեղեկություններ, որ հենց Հովակիմյանն է ՔՊ թեկնածուն։ «Դրա մասին խոսակցություններ եղել են ու մենք միշտ հնարավորություն ունեցել ենք բաց խոսելու խնդրի վերաբերյալ, որովհետև չէինք ուզում, որ սա ընկալվի որպես պարոն Հավակիմյանի դեմ դիրքորոշում։ Խնդիրն անձը չէ, խնդիրն այն է, որ նա կուսակցության հիմնադիրներից է, կուսակցության վարչության անդամ է, կուսակցության ներկայացուցիչ է եղել բոլոր ընտրությունների ժամանակ, զբաղվել է կուսակցության ցուցակի կազմման գործերին ու, փաստացի, ԸՕ փոփոխությունները, որ նա ներկայացրել է՝ միշտ եղել են կուսակցական շահերից դրդված, կուսակցական շահեր ներկայացնող, ոչ թե ընտրական բարեփոխումներին միտված։

Այսինքն, Հովակիմյանը շատ քաղաքական տեսանկյունից է նայում ընտրական գործընթացներին և ես չեմ կարծում, որ նա պետք է ղեկավարի այդ ինստիտուտը, որը զբաղվելու է ընտրությունների վարչարարությամբ, որի նպատակը պետք է լինի ընտրությունների նկատմամբ վստահությունը ապահովելը, չի կարող մարդ, որ ամբողջությամբ քաղաքական է, իր ամբողջ կարիերան կուսակցական է՝ զբաղվել այդպիսի գործունեությամբ անդադար կրել այն կանխավարկածը, որ ինքը քաղաքական շահ է հետապնդում»։

Դիտարկմանը, թե ԿԸՀ-ն միակ ինստիտուտը, որտեղ գործող իշխանությունը փորձում է ներդնել իր «հավատարմ» մարդկանց, այդպես էր ՍԴ–ի դեպքում, այդպես է նաև ԲԴԽ-ի դեմքում, անգամ եթե անձիք կուսակցական չեն, բայց հայտնի է ու ակնհայտ է նրանց քաղաքական դիրքորոշումը՝ նա նշեց, որ Հայաստանում շատ դժվար է գտնել մարդու, ով չունի քաղաքական դիրքրոշում, առավել դժվար է գտնել մարդու, որ հրապարակային չի արտահայտում իր դիրքորոշումը։

«Սա չի նշանակում, որ արդարացնում եմ այդ նշանակումները, բայց հստակ է, որ բարդ է ընտրությունը։ միաժամանկ քաղաքական իրական չոզոքություն պահանջող պաշտոններում անհրաժեշտ է կրկնակի ու քառակի զգույշ լինել։ Ես ԲԴԽ-ի ու մյուսների մասով մասնագետ չեմ, ու չեմ կարող մնացած կարգավորումների մասով խոսել, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ ընտրական վարչարարություն իրականացնող մարմին է, պետք է զերծ լինի կուսակցական շահերից, կուսակցական շահերի ազդեցություններից։

Մենք ունեցել ենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարներ՝ նշանակված նախկին կուսակցությունների կողմից՝ օրենսդրության սահմանված կարգով, ու այն մարդիկ, որ նշանակվել են տարիներ առաջ՝ շարունակել են մնալ նույն կուսակցության շահերի սպասարկողը, որոնց կողմից նշանակվել են։ Ունեցել ենք դեպքեր, երբ կուսակցությունն այլևս գոյություն չի ունեցել , սակայն անձը շարունակել է սպասարկել կուսակցության շահերը։

Ակնկալել, որ դեռ երեկ կուսակցության ամենակարևոր անձանցից մեկը այսօր հանկարծ դառնում է ապակուսակցական, թեևս շատ տարօրինակ կստացվի։ Ստացվում է, կուսակցությունում այսօր վստահում են մի մարդու, որը իրենց կարող է դավաճանել։ Այսինքն, չի լինի իրենց շահերի սպասարկողը, կամ հակառակը ՝ վստահում են, քանի որ վստահ ես, որ կշարունակի մնալ շահերի սպասարկողը։ Երկու դեպքում էլ սխալ է։ Կամ այդ անձը վստահելի է կուսակցության համար, կամ վստահելի չէ, եթե ձեզ համար եղել է հավատարիմ վարչության անդամ, այսօր չի դառնալու անհավատարիմ վարչության անդամ»։

Նա ընդգծեց, որ ԿԸՀ դեպքում իրենք ունեցել են կոնկրետ լուծումներ, մինչդեռ մյուս կառույցների դեպքում ինքը լուծումներ և առաջարկներ չունի։ «ԿԸՀ-ի դեպքում մենք ունեցել ենք կոնկրետ առաջարկություններ, որ ներկայացվել են, ու ես կարծում եմ, որ ԿԸՀ-ի դեպքում մենք պետք է շատ լավ հասկանանք, որ սա ընտրական ամբողջ պրոցեսն է կասկածի տակ դնելու հիմք լինելու։ Մենք՝ որպես դիտորդական առաքելություններ, սա ընդունելու ենք որպես հիմք գնահատելու համար ընտրությունների արդյունքները։ Մենք միշտ կասկածի տակ ենք դնելու նախաձեռնությունները, որով հանդես կգա ԿԸՀ-ն»։