Սպորտ 3 տարի առաջ - 12:00 04-10-2022

ՀՖՖ-ն չի կարողանում առանց հովանավորի. հերթական անգամ ծիծաղելի իրավիճակ

Հայկական ֆուտբոլի մասին կան 2 պատկերացումներ. մի կողմում ՀՖՖ-ն է, որտեղ «ամեն ինչ կարգին է», այսպես ասած՝ խաղաղ կրքեր անմեղսունակ յուրայինների ճամբարում, իսկ մյուս կողմում իրականությունն է։

ՀՖՖ-ն կարմիր գծեր չունի։ Երկու տարի առաջ Հայաստանի ազգային առաջնությունը շատ հանգիստ վերանվանվել էր՝ դառնալով (ուշադրություն մեծատառերին) VBET Հայաստանի Պրեմիեր լիգա)։ Թողնենք մի կողմ այն հանգամանքը, որ գոնե լիներ Հայաստանի VBET Պրեմիեր լիգա, սակայն ֆեդերացիայի գիտունները Հայաստանի դիմաց բոլոր բաղադրիչները մեծատառ դարձրած անունն էին «կպցրել» և մատ էին թափ տալիս այն լրատվամիջոցների վրա, որոնք անտեսում էին անհեթեթ պահանջը... անգամ տվյալ կազմակերպությունը մի շարք վայրերում օգտագործում է «vbet» ձևակերպումը, սակայն ՀՖՖ-ում ամեն ինչ այլ կերպ է։ Հարկ է ընդգծել, որ Ուկրաինայի Պրեմիեր լիգան վերանվանվել էր՝ դառնալով ընդամենը «vbet лига»:

Ինչևէ, Հայաստանի Հանրապետությունում ընդունվեցին «Գովազդի մասին» օրենքում կատարված լրացումներն ու փոփոխությունները, ինչով արգելվեց նաև բուքմեյքերական ընկերությունների գովազդը ցանկացած հարթակում։ ՀՖՖ-ն դարձյալ հայտնվեց ծիծաղելի իրավիճակում։ Առանց հեռատեսության աշխատող կառույցի թեթև ձեռքով, փաստորեն, ֆուտբոլի Հայաստանի 2022/23թ. առաջնությունը մեկնարկեց «VBET Հայաստանի Պրեմիեր լիգա» անվանումով և ընդամենը 7 տուր անց վերանվանվեց՝ դառնալով «Հայաստանի Պրեմիեր լիգա»։ Կարծես թե նորմալ էր՝ 8-րդ տուրը կայացավ «Հայաստանի Պրեմիեր լիգա» անվան ներքո...

Սակայն ՀՖՖ-ն ՀՖՖ չէր լինի, եթե չաներ որևէ անտրամաբանական քայլ. 9-րդ տուրից սկսած՝ Հայաստանի առաջնությունը վերանվանվեց՝ դառնալով «Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա»... բնականաբար, ֆեդերացիայում հավաքված պարոնները շտապեցին գովեստի խոսքերով ներկայացնել նոր հովանավորին։

Այսպիսով, Հայաստանի հերթական առաջնությունը դեռևս 3 տարբեր անվանումներով է ընթանում... անգամ այստեղ հայկական ֆուտբոլը ծաղրի առարկա դարձրածները կանգ չեն առնում։ Ասես նրանց օրոք չէ առաջնությունը 2 անգամ վերանվանվում, ասես նրանց օրոք չէ Հենրիխ Մխիթարյանը հեռացել ազգային հավաքականից, ասես նրանց օրոք չէ փորձադաշտ դարձած հավաքականը 0։9 հաշվով պարտվել (և էական չէ՝ ընկերական խաղում), ասես նրանց օրոք չէ Հայաստանի հավաքականը «սիրել» 0։5 հաշվով պարտվելը...

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին