Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքից արված լուսանկարի հրապարակումից հետո այնտեղից մեկ բեռնատար աղբ է իջեցվել։ Ավելի վաղ
Oragir.news-ը ներկայացրել էր պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լորենցի
հրապարակումը։ Նա հուշահամալիրում առկա աղբակույտի լուսանկարն էր հրապարակել, բարձրացրել էր Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռի տարածքի աղտոտվածության խնդիրը։
Oragir.news-ի հետ զրույցում Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Հակոբյանը հայտնեց, որ մաքրման աշխատանքներն իրականացրել են տեղի բնակիչները՝ կամավորության սկզբունքով։
«Էնտեղ՝ մատուռից շատ հեռու, աղբի համար գյուղացիները փոս են արել։ Ընդհանուր աղբը բերում ու լցվում է էդտեղ։ Էնտեղ կան նաև աղբամաններ՝ մի 5-6 հատ։ Դրանք նույնպես տանում ու դատակում են այդ փոսի մեջ»,- ասաց Տեր Վաղարշ քահանա Հակոբյանը։
Հուշահամալիրի մոտակա Հարթագյուղ համայնքի ղեկավարն
Oragir.news-ին հայտնեց, որ տարածքում աղբի փոսն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով տեղանքի բարդ լանդշաֆտը։ Իր խոսքով՝ հուշահամալիրի տարածք միայն հատուկենտ մեքենաներ են կարողանում բարձրանալ, ինչի հետևանքով էլ աղբահանության հարցը չի ստացվում լուծել։
«Եթե եղել եք այդ հատվածում, կհասկանաք պատճառը։ Այդտեղ ուղղակի անհնար է բարձրանալ։ Դրա համար են տղաները փոսը փորել ու այդտեղ կուտակված աղբը ժամանակ առ ժամանակ այրվում է։ Սակայն վերջին շրջանում (նկատի ունի նկարն անելու ժամանակը – խմբ․) այդ տեղանքում շատ շոգ էր, անձրևներ չէինք ունեցել։ Այդ պատճառով չէինք այրել այդ աղբը։ Եթե այրեինք, ապա ընդհանուր խոտածածկը կայրվեր, և նաև, կարող էր այդ կրակը հասնել խաչքարերին»,- ասաց Հարթագյուղ համայնքի ղեկավար Աշոտ Գաբրիելյանը։
Հաշվի առնելով, որ տեղից արված լուսանկարում աղբի հիմնական մասը պլաստիկե շշեր են՝ գյուղապետն անդրադարձավ իր հայտարարությունից հետո առաջացած տրամաբանական հարցին՝ օդում թունավոր նյութերի արտանետման ու այրված թափոնների առաջացման վերաբերյալ։
«Այո, վտանգավոր իրավիճակ կստեղծվի, եթե աղբի քանակը մեծ լինի։ Այս պարագայում մենք խոսում ենք ոչ մեծ թվով աղբի մասին։ Իհարկե, էկոլոգիապես անթույլատրելի է պլաստիկն այրելը, և առհասարակ, որևէ աղբ այրելը, սակայն, այդ քանակն էկոլոգիայի վրա այնքան էլ մեծ ազդեցություն չի ունենա։ Իհարկե, սխալ է, բայց այս պարագայում մենք այլ տարբերակ չունենք։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ էնտեղից աղբը տեղափոխեն ներքև։ Մոտ 2500 մ բարձրություն է։ Դա հնարավոր չէ ձեռքով տեղափոխել, որևէ մեկն էլ, չեմ կարծում, կհամաձայնի իր մեքենայով տեղափոխել ներքև»,-
Oragir.news-ի հետ զրույցում ասաց գյուղապետը։
Ըստ նրա՝ պատճառներից մեկն էլ ֆինանսական կողմն է։ Տարածքում աղբահանությունն իրականացվում է համայնքի միջոցներով՝ բեռնատարների վարորդներին վճարելու արդյունքում։ Արդեն կուտակված աղբն ու այրումից առաջացած թափոնները հեռացվում են ամիսը մեկ պարբերականությամբ։ Պատկերացնելու համար տարածքում կուտակված աղբի ծավալները՝ բավական է միայն արձանագրել, որ այդ 1 ամսվա ընթացքում հուշահամալիր այցելող զբոսաշրջիկների թիվն անցնում է 1500-ը։
«Իրենք էլ դժգոհում են այդ առևտրից ու այլ բաներից, սակայն, կարծում եմ, որ այդ հարցին լուծում կտրվի»,- վստահեցրեց Տեր Վաղարշ քահանա Հակոբյանը։
Գյուղապետի խոսքով՝ բլրի ստորոտին մի քանի աղբաման է տեղադրված, որտեղ այցելուները կարող են թողել աղբն ու նոր բարձրանալ հուշահամալիր։ Այդ դեպքում, իր խոսքով, աղբահանությունը շատ ավելի հեշտ կլիներ իրականացնել։ Այդուհանդերձ, Աշոտ Գաբրիելյանի խոսքով, վերջին հրապարակումից հետո նախատեսում են ավելի մեծ աղբամաններ տեղադրել հուշահամալիրի տարածքում։ Աղբը նաև կտեսակավորվի։