copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:39 29-09-2022

Պետբյուջեից ֆինանսավորվող Հ1-ը չի լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու նորությունները. ՀԺՄ ուսումնասիրությունը

Հայաստանի ժուռնալիստների միությունը սեպտեմբերին փոքրիկ մոնիթորինգ է անցկացրել այն մասին, թե ինչպես է պետական բյուջեից՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու նորությունները:

Ուսումնասիրությոան համաձայն՝ 2018թ. թավշյա իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է օրվա իշխանությունների շահերը և չի արտահայտում հանրության կարծիքը՝ ըստ այդմ բարձրաձայնելով, որ ՀՀ քաղաքացիների հարկերի միջոցով աշխատող հեռուստաընկերությունը պարտավոր է անկողմնակալ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը և հանրությանը պատշաճ կերպով իրազեկել տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Այս իմաստով առավել կարևոր է հանրային կարևոր նշանակություն ունեցող ինստիտուտների լուսաբանման ընթացքը:

«Հանրայինի ֆինանսները ձևավորվում են հանրային աղբյուրներից, իսկ վերջինիս առաքելությունն օբյեկտիվ ինֆորմացիա հաղորդելն է, մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունը ընտրովի է լուսաբանում թե՛ պաշտոնական հաղորդագրություններն ու միջոցառումները, և թե՛ առհասարակ երկրի հանրային կյանքը»,-նշվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում է նաև, որ Հանրայինը գրեթե չէր լուսաբանում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունը հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ վերջինս ակտիվորեն քննադատում էր ադրբեջանական ներխուժումներն ու մեր իշխանությունների ոչ համարժեք արձագանքն ադրբեջանական կողմի գործողություններին, գերիների խնդրին, սահմանային հատվածների բնակիչների խնդիրներին: 2022թ. փետրվարի 18-ին՝ իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ, Արման Թաթոյանն առավել հանգամանալից անդրադարձավ Հ1-ի «Լուրեր»-ով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չլուսաբանելու խնդրին՝ նշելով, որ դա Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է․ վարվում է նաև Հ1-ով Պաշտպանի հաստատությունը վարկաբեկելու նոր քաղաքականություն: Փոխարենը՝ ՄԻՊ աշխատանքը Հանրային հեռուստաընկերության եթերում ակտիվորեն լուսաբանվում է այսօր, արդեն նոր Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի օրոք:

Հայ Առաքելական եկեղեցու գործունեության լուսաբանման հետ կապված ուսումնասիրություններին Ժուռնալիստների միությունը ձեռնամուխ եղավ այն բանից հետո, երբ շուրջ մեկ ամիս առաջ մամուլը տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերությանն առանձին հրահանգ է իջեցվել չլուսաբանել Մայր Աթոռի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը: Առկա բաց աղբյուրներից կատարված ուսումնասիրության արդյունքները փաստում են՝ Հանրային հեռուստաընկերությունն ըստ պատշաճի չի լուսաբանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հատկապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը: Այսպես, սույն թվականի սեպտեմբերի 1-26-ն ընկած ժամանակահատվածում Մայր Աթոռի պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում ներկայացված լուրերը թերի կամ ընտրողաբար են լուսաբանվել «Առաջին լրատվական» ալիքի ֆեյսբուքյան լրահոսում։

Հայաստանի ժուռնալիստների միության 2022թ. սեպտեմբերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Լուրեր» ծրագրի թողարկումներում հանրային նշանակություն ունեցող մի շարք կարևորագույն նորություններ, որոնք առնչվում են Մայր Աթոռին և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանրային գործունեությանը, անտեսվել են և չեն հրապարակվել, կամ դրանք իրականացվել են թերի, ոչ պատշաճ կերպով։ Օրինակ՝ 2022 թ․ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ, որի մասին տեղեկություն հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սակայն «Առաջին լրատվականում» սույն նյութը չի հրապարակվել։

«Հայաստանի անկախությունից ի վեր նման հանդիպում երբևէ տեղի չի ունեցել. այն կարելի է համարել պատմական իրադարձություն՝ հաշվի առնելով, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության հարցն է դրված ամբողջ հանրության առջև, իսկ Հանրայինի լրատվական կայքում և նաև ֆեյսբուքյան էջում այս մասին ակնարկ անգամ չկա: Հանրային հեռուստատեսությամբ չեն լուսաբանվել կամ մասամբ ու կենտեքստից կտրված են լուսաբանվել նաև Առաքելական եկեղեցու կողմից իրականացված մյուս միջացառումներն ու նախաձեռնությունները, ինչպես օրինակ, 2022թ․ սեպտեմբերի 21-ին Սբ․ Գայանե վանքում տեղի է ունեցած Հանրապետական մաղթանք, որի ընթացքում Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել կարևոր ուղերձով: «Լուրեր»-ի սեօտեմբերի 21-ի թողարկման ժամանակ ոչ մի խոսք այդ մասին չի եղել, փոխարենը՝ հաղորդավարը Մայր Աթոռի տարածքը ցուցադրող հին կադրերի ներքո ներկայացրել է Վեհափառ Հայրապետի ուղերձը մասամբ՝ կոնտեքստից առանձնացրած: Չեն հիշատակվել Հայրապետի կոչն իշխանություններին և ժողովրդին: Հատկանշական է նաև, որ սույն ռեպորտաժում խախտվել է նաև ընդունված աստիճանակարգությունը՝ Հայոց Կաթողիկոսի խոսքը ներկայացնելով ամենավերջում՝ ԱԺ նախագահից և ԱՀ նախագահի ուղերձներից հետո: Նույն օրը անտեսվել է նաև Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի այցելությունը «Եռաբլուր» պանթեոն։ Այդ մասին հիշատակում կա միայն Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում հոդվածի ձևաչափով՝ վերստին դուրս մնալով սոցիալական կայքերում տարածվելու հնարավորությունից։

Հանրայինի եթերաժամից դուրս են մնացել նաև Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումները առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի և բազմաթիվ այլ պատվիրակությունների հետ հանդիպումները, տարբեր առիթներով կատարված հայտարարություններն, ցավակցագերեն ու ուղերձները, կատարված արարողությունները:

Կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ պետական բյուջեից՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունն իսկապես խուսափում է լուսաբանելու եկեղեցական նորությունները:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի