Երևան +16°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:36 20-09-2022

Ադրբեջանցիները Սյունիքի բնակավայրերը հրետակոծում են այն հայկական դիրքերից, ուր ապօրինաբար ներխուժել էին 44-օրյա պատերազմից հետո․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի փորձագիտական խումբն ամփոփել է փաստահավաք առաքելությունն ու հրապարակել զեկույց, որում նշվում է, որ Ադրբեջանը Սյունիքում Հայաստանի բնակավայրերի վրա կրակում էր, հրետակոծում այն հայկական տարածքներից, ուր նրանք ապօրինաբար ներխուժել էին 44-օրյա պատերազմից հետո։

Ըստ Թաթոյանի՝ այդ ժամանակ՝ ամենասկզբում շատ լավ հիմքեր՝ նրանց հեռացնելու, սակայն իշխանությունը գերադասեց խնդրի վրա աչք փակել՝ առաջնորդվելով անձնական շահերով․ այդ մասին այսօր ասուլիսին հայտնեց Արման Թաթոյանը։

«Փաստերով ամեն օր ցույց էի տալիս, որ նրանք պատճառել են ունեզրկումներ, կրակոցներ են արձակում, մարդիկ զրկվել են ընտանիքն ապահովելու հնարավորությունից, աշխատանքից, ամբողջությամբ անհնարին են դարձրել մարդկանց բնականոն կյանքը։ Բայց ամբողջն անտեսվում էր, և միջազգային մեխանիզմները չօգտագրծվեցին։ Տեսեք այսօր ինչ է լինում՝ ամբողջությամբ ընկել ենք աշխարհաքաղաքական խաղերի, հորձանուտի մեջ։ Մենք միջազգային մեխանիզմները չենք օգտագործել, ապացույցները, հիմքերը, պատշաճ չեն ներկայացվել։ ԱԳՆ-ներից մինչև Մինսկի խմբի համանախագահներ, ակնհայտ էր, որ այդ ժամանակ կար մեծ խնդիրը, և այն չէր օգտագործվում»։

Թաթոյանը նշեց, որ ադրբեջանական զինվորները, երբ Հայաստանի ճանապարհներին նոր էին հայտնվել՝ ազատ տեղաշարժի սահմանափակումները դարձել էին ակնհայտ, նույնիսկ քանի դեռ չէին արգելափակել։

«Իսկ հետո, երբ արգելափակեցին, փոխանակ մենք քայլեր ձեռնարկենք, ցույց տանք, որ մեր գյուղերի համար մեկուսացման խնդիրներ են առաջանում, ցույց տանք, թե որքան հումանիտար խնդիրներ են առաջանում՝ հիշո՞ւմ եք՝ ինչ արշավ սկսվեց։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների փոխվարչապետից սկսած մինչև պատգամավորներ ու համայնքի ղեկավարներ՝ կոնկրետ քաղաքական թիմի ղեկավարներ, հերքում էին կատարվածը․ ադրբեջանցիները իրենց դիրքերում են, մեզ համար որևէ խնդիր չկա, ինչ ուզեն-կանեն՝ իրենց տարածքն է։ Սյունիքը անվտանգ է, իրենք որևէ խնդիր չեն առաջացնում, Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Այս ամենը ամրացնում էր նրանց դիրքերը։ Քանի որ այդ ամենը մենք էինք ասում։ Ու նրանք իրենց տեսախցիկներով անգամ մարդկանց տներն էին մտնում։ Իսկ ինչո՞ւ ոչինչ չէր արվում, դա կոնկրետ քաղաքական վախ էր, որ մարդկանց դժգոհությունն իրենց նկատմամբ չառաջանա։ Սա մաքուր քաղաքական ու անձնական շահ էր, ես այդ ամենն ապացուցել եմ, դրա համար էլ վստահ պնդում եմ։ Որովհետև երկրի անվտանգությունն ավելի ցածր էր գնահատվում, քան իրենց քաղաքական, անձնական շահերը։ Մենք միջազգային կառույցներին ներկայացնում էինք իրավիճակ, որ սա է կատարվում, որ չթողնենք Ադրբեջանը մոլորեցնի, բայց ասում էին, թե ձեր կողմից հայտարարություններ կան, որ իրականության չեն համապատասխանում։ Ստացվում էր, որ մենք սուտ էինք խոսում։ Հիմա տեսնում եք՝ ինչ է կատարվում»,- ասաց նա։


Հայաստանի անվտանգության համակարգի հիմքերի խարխլման համար պատասխանատու են այս իշխանությունները, որ հապաղել են արձանագրել ադրբեջանական ներխուժման փաստերը ժամանակին և կանխելով դրանք՝ հետ մղել թշնամուն․ այսօր ասուլիսին այս մասին ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կապանի անտառներում մի քանի հարյուր մետրի վրա երևում էին ադրբեջանցիները, ու այդտեղ կառուցվում է այլընտրանքային ճանապարհ։ Բա դրա համար է, չէ, որ հիմա արդեն այս պատերազմի ժամանակ, այդ ճանապարհը չէր լինում օգտագործել։ Բա ձեր կարծիքով, ադրբեջանական զինծառայողները եկել-նստել էին մեր ճանապարհին, որ հիանան մեր գեղատեսիլ վայրերո՞վ։ Ու հիմա էլ այն աստիճան լկտի են իրենց պահում, որ անգամ շտապօգնության մեքենաներին են հարվածներ հասցնում»,- ասաց նա։

Ըստ Թաթոյանի՝ այս ամենը պետք է ինտենսիվորեն ներկայացնել միջազգային հանրությանը, մինչդեռ այսօր էլ Հայաստանի իշխանավորները ոչ միայն ուղղակի չեն խոսում այս ամենի մասին, այլև ակնհայտ է շահագրգռվածություն չբացահայտել այս խնդիրները․ «Որովհետև այստեղ քաղաքական շահերի խնդիր կա, որով նաև շուրջ վնաս է հասցվում մեր երկրի շահերի պաշտպանությանը»։

ՄԻՊ-ի զեկույցներում նախորդ տարիներին էլ արտացոլվել են այս խնդիրները․ «Մեր երկրում տարիների ընթացքում կուտակված խնդիրների արդյունքն է, որն արձանագրված են նաև նախորդ տարիների զեկույցներում՝ ընտրությունների նկատմամբ անվստահություն, չարաշահումներ, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, արժեքային խեղաթյուրված արժեքների դեմ պայքարի բացակայություն, խեղաթյուրված կրթական համակարգի արատավոր երևույթների դեմ պայքարի բացակայություն, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք՝ հինունորի, սևուսպիտակի արատավոր դիսկուրսներ»,- ասաց Թաթոյանը։