Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Ավելի ուիշ հայտնի դարձավ, որ ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱկ-ի Անվտանգության խորհրդի նիստին։
Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցներով ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Oragir.news-ը ներկայացնում է օրվա իրադարձությունների ամփոփում, որը պարբերաբար թարմացվելու է։
23.16
ՔՊ-ական պագամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, Հակառակորդի կողմից ցանկացած ռազմական ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ պետք է հակազդվի մեր ամբողջ ռազմաքաղաքական ներուժով։ Նման իրավիճակներում բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պետք է համախմբվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հայկական պետականությունը ոտնձգություններից պաշտպանելու նպատակի շուրջ, քանի որ դրանից ավելի բարձրագույն արժեք մենք չունենք և չենք կարող ունենալ։ Միևնույն ժամանակ, իրավիճակը սթափ գնահատելով և առանց ժամանակ վատնելու պետք է ջանքեր գործադրենք մեր հակառակորդի հետ եղած տարաձայնությունները և հակամարտությունը կարգավորելու և համակեցության կանոններ բանաձևելու շուրջ՝ ինչքան էլ դա այս պահին անիրատեսական թվա, քանի որ առանց այդ կանոնների պահպանման մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը անիրատեսական է»։
22.40
Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: Հաջորդիվ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
22.00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը: Ընդունված որոշումների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես կգա ՀԱՊԿ քարտուղարությունը:
21.28
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
21.21
Կեսգիշերին թշնամու հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալ դիրքերում կանգնած մեր զինվորներին: «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։ «Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար: Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին»:
21.08
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է իր այս պահին հայտնի բոլոր կորուստները: Ըստ այդ տվյալների՝ զոհվել է 50 ադրբեջանցի զինծառայող, այդ թվում՝ 8 սահմանապահ։
21.04
ՀԱՊԿ-ն հայտարարություն է տարածել՝ Հայաստանի ռազմական օգնության խնդրանքի քննարկման արդյունքներով. «Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 09-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը շփման գծում հրադադարի պահպանման գործում։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։
21.00
Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
19․45
Գեղարքունիքի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
19․37
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական ուժերի հարձակմանը՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության ենթարկի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:
19․20
Հայկական կողմի խնդրանքով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների առաջնորդները սեպտեմբերի 13-ի երեկոյան կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը:
18․50
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն հայտարարել է, որ կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ԶՈւ հանցավոր գործողությունները. ՊՆ Ադրբեջանական ստորաբաժանումները կեսգիշերից սկսած մինչև այժմ շարունակում են թիրախավորել սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
18․34
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
18․16
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմում է Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները։
18,08
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի վերաբերյալ, ընդգծելով, որ բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը:
18,06
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի անդամները խիստ մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված և քննարկել են իրադրության կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների հնարավոր գործարկման վերաբերյալ առաջարկները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը:
18․00
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Կեսգիշերից սկսած մինչև այժմ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
ՊՆ-ն կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով: ՊՆ-ն կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, ձեռնպահ մնալ մարտական գործողությունների գոտի մեկնելուց՝ առավել ևս այդ տարածքներից տեսանյութեր հրապարակելուց:
17․42
Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու։
17․30
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
17,10
ՆԱՏՕ- ն մտահոգություն է հայտնել ՀՀ-ում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների վերաբերյալ ։
16,28
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
16․10
Հայաստանը դիմում է ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի:
16,00
5165 շարժման անդամները հավաքվել են Աժ շենքի դիմաց՝ զոհված զինծառայողների ծնողների հետ։
15,00
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
14:00
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ
13:30
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը:
12․30
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ:
Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
12․ 40
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։
Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։
12․15
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
12․10
Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանն հայտնել է, որ մեր դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ
11․55
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ Ադրբեջանը խախտել է Ժնեւի կոնվենցիան՝ հարձակվելով քաղաքացիական օբյեկտների եւ բնակչության վրա։
Հարձակման օբյեկտ են դարձել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
11․50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
11․30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտնեց, որ այս պահին ունենք 49 զոհ, այդ թիվը վերջնական չէ։
11․23
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն այս պահին վիրավոր երկու զինծառայող է տեղափոխվել, ևս մեկը ճանապարհին է: «Մարտունի» բժշկական կենտրոնից նույնպես նշում են՝ դեռ վիրավոր զինվորների են բերում,
11․00
ՊՆ-ն հակառակորդի հարձակման տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում պատկերված է հարձակման փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։
10․53
Արցախի ՊՆ -ն հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։
Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։
Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։
10․50
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Կողմերը պայմանավորվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:
10․30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:
10․26
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։
10․00
ԱԺ նիստում նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց,որ խորհրդարանը ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հայտարարության նախագիծ է պատրաստում։
09․32
Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու ԲԿ տեղափոխվել է 10 վիրավոր, Վիրավորների վիճակը բավարար է գնահատվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից 4 հոգի տեղափոխվել է Երևանի բուժհաստատություններ, քանի որ նեղ մասնագիտական միջամտությունների անհրաժեշտություն կար։
09:30
Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել: Վնասի չափը դեռ պարզ չէ։
9․00
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ:
Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել:
08:00
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։