Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:34 08-09-2022

Մարդկանց կահաբեկեն, մինչև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը կճանաչվի հակասահմանադրական․ Ռոբերտ Հայրապետյան

ՀՀ գլխավոր դատախազությունը պարբերաբար տեղեկացնում է դատարան ընդունված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումների վարույթ ընդունման մասին։ Մասնավորապես, դատարանը վարույթ է ընդունել Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը։

Դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա։ Դատախազությունը դատարանից պահանռում է Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձել 28 անշարժ գույք, 16 տրանսպորտային միջոց, 668 մլն դրամ։ Դատարանը վարույթ է ընդունել Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 8.2 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը։

Գագիկ Բեգլարյանից դաախազությունը պահանջում է բռնագանձել 16.8 մլրդ դրամի ապօրինի գույքն ու ակտիվները Տարոն Մարգարյանն ու Գևորգ Կոստանյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել են դատախազություն։

Oragir.news-ի տեղեկություններով՝ դատախազությունը դիմել է դատարան՝ Հովիկ Աբրահամյանի գույքի վրա կալանք դնելու հարցով։ Դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող գույքի օրինականության հարցը։ Դատախազությունը դատարանից պահանջել էր ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից՝ «Բուլկի Արամից», նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանաոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ։ 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ։ Բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդը։ 4․391․805․299 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Ցանկը կարելի է էլի շարունակել։

Սակայն հարցն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանը օրենքն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ չնայած օրենքի սահմանադրականության հարցը դեռ քննարկվում է, սակայն այն ամբողջությամբ ուժի մեջ է, ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մաս է։

«Այլ հարց է, որ գործը ՍԴ-ն ընդունել է վարույթ, որի արդյունքում ուղարկել է համապատասխան միջնորդություն՝ Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու, ինչից մասնագետները ակնհայտորեն կարող են ենթադրել, որ ՍԴ-ն հակասահմանադրականության որոշակի տարրեր է տեսնում, ինչպես օրինակ Քրեական օրենսգրքի 300,1 հոդվածի դեպքում էր, երբ ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողով ուղարկեց օրենքը՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար , որպեսզի կայացնի որոշում, ինչի արդյունքում այդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական։

Հիմա դատախազությունը ակնհայտ պրիմիտիվ վարքագիծ է դրսևորում, այսինքն, ըստ իս՝ Դատախազությունում գտնում են, որ օրենքը մոտ ապագայում ճանաչվելու է հակասահմանդրական, քանի այդ օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ որոշում չկա, որոշում են գործերն ուղարկի դատարան, որպեսզի հանրության մի ստվար զանգվածի կերակրի միֆերով, թե տեսեք՝ մենք զբաղվում ենք այս գործերով»։

Իրավաբանի դիտարկմամբ՝ դատախազությունն այս հարցում կարճամիտ է, որովհետև երբ ՍԴ-ն կայացնի օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ որոշում՝ կանգնելու է լուրջ խնդրի առջև։

«Բոլոր գործերով, որոնցով ապօրինի կերպով գույք է բռնագանձվել, մարդիկ այդ գույքը վերադարձնելու համար դիմելու են դատարան։ Եթե այդ գույքերը, օրինակ, դրված են բիզնեսի մեջ ու մարդիկ կորուստներ են ունենում, որոնք չէին ունենա, եթե գույքը ապօրինի կերպով չբռնագանձվեր, ապա ռեգրեսիվ հանցերի խնդիր է առաջանալու՝ մարդիկ դիմելու են դատարան՝ չստացված եկամոտների վերաբերյալ համապատասխան օգուտները ետ վերցնելու։ Մենք էլի կանգնելու ենք ինչ-որ անիմաստ իրավիճակի առջև, որի առաջ կանգնում ենք վերջին 4 տարիներին՝ դատախազության և իրավապահ մարմինների անմտածված և ոչ իրավունքի տառից բխող գործողությունների արդյունքում»։

Նա ընդգծեց, որ նույն տրամաբանությամբ, եթե զուհգահեռներ անցկացվի, օրինակ, ծանր վիրավորանքի քրեականացումից հետո ստեղծված իրավիճակի հետ, ապա երբ ակնհայտ էր, որ այդ հոդվածը չի լինելու, այդուհանդերձ, իրավապահները շարունակում էին մարդկանց այս կամ այն ստատուսով հարուցել քրեական գործեր։

«Այդ քրեական գործերն հարուցելուց հետո մարդկանց քարշ էին տալիս այս ու այն կողմ և դեռ մարդիկ կան, որոնց էջերը փակ են, դատավորներ կան, որոնք նիստեր են անցկացնում։ Այս ամենը կրում է մարդկանց ահաբեկելու բնույթ, մարդկանց կահաբեկեն, մինչև օրենքը կճանաչվի հակասահմանադրական։ Մինչդեռ Դատախազության ներկայացուցիչները պիտի գիտակցեն, որ օրենքի հիմքում պետք է շատ ավելի հիմնավորվածություն դնեն, քանի որ եթե հարցը ՍԴ-ն վարույթ է ընդունել, ապա ինչ-որ իրավունքի մեկնաբանման հարց, կա, որին ՍԴ-ն պետք է անդրադառնա։ Միգուցե, ՍԴ-ն ճանաչի հակասահմանադրական, բայց օրինակ, այնպիսի մեկնաբանություններ տա, որի արդյունքում քրեական քաղաքականություն պետք է փոխվի։ Ընդ որում՝ ամբողջ աշխարհում թեպետ ապօրնի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթները քաղաքացիաիրավական գործընթաց է, սակայն ՀՀ –ում այդ քաղաքացիաիրավական գործընթցները ակնհայտորեն թաքցրել է քրեական գործընթացների տակ և մարդկանց փորձելով ահաբեկել մարդկանց»։

Ձեզ գուցե հետաքրքրի