Քրեական դատավարության նոր օրենսգիրքը նախատեսում է, որ դատախազի թույլտվությամբ՝ քննիչը կարող է անձի անձնական կյանքի մասին ստանալ այնպիսի տեղեկատվություն, որը նախկինում ստացվում էր բացառապես դատարանի կողմից տրված սանկցիայով։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այն, ինչ կարելի էր ստանալ դատարանի որոշմամբ միայն, հիմա դատախազի հաստատմամբ քննիչի պահանջով պիտի հասանելի դառնա։ Բանն այն է, որ ՔՕ 3-րդ հոդվածի առաջին կետում նշվում է, որ հսկող դատախազի կողմից հաստատված քննիչի որոշմամաբ կարող են պահանջել նաև ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով հաղորդակցվողների հեռախոսահամարները, հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները և այլն։
Oragir.news-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ շատ չի տիրապետու ինֆորմացիային, այն ավելի շատ իրավական խնդիր է, բայց այն, որ դա իր մեջ մի շարք տեղեկատվական, անձի տվյալների գաղտնիության վերաբերյալ խախտում է պարունակում՝ դա փաստ է։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ինչ-որ բաներ, որոնք նախկին կարգավորումներով ՔՕ կամ քրեական դատավարության դատարանի որոշմամբ էր, հիմա թուլյատրվում է, որ քննիչը ստանա ինֆորմացիա։
«Քրեական գործի շրջանակներում նախկինում նույն բանն անում էր դատարանը, այսինքն քննիչը համապատասխան միջնորդություն էր ներկայացնում, դատարանը բավարարում էր։ Հիմա՝ նոր քրեսական դատավարական կարգավորումով ամեն ինչ դրված է քննիչի վրա՝ հսկող դատախազի թուլտվությամբ։ Անկեղծ ասած մի մտահոգություն կա, որ ՀՀ-ում չեմ կարծում, որ քննիչներին նման լիազրություններ տալը այս պարագայում այդքան բարեխիղճ է, որ միայն քրեական գործի շրջանակում է դա ստանալու, կամ փարձելու ստանալ՝ հաշվի առնելով տիրող իրավիճակը՝ հնարավոր է անխնա մարդկանց անձնական տվյալների հասանելիություն ունենալ։ Բացի դա, հաշվի առնելով հանգամանքը, որ ամեն դեպքում հեռախոսային խոսակցության գաղտնիությունը դա անձի սահմանադրական իրավունքն է, ես ինքս միշտ հակված եմ եղել կարծելու, որ այդ իրավունքի այսպես կոչված հաղթահարումը սահմանափակման վերացումը, ամեն դեպքում դա մի փոքր ավելի բաց պրոցեսով է իրականացվում, որովհետև քննիչը՝ հնարավոր է սուբյետիվ վերաբերմունք օրինակ դրսևորի տվյալի վերաբերյալ, գտնի, որ իրեն պետք է, բայց ոչ էական նշանակությամբ, ու դա ստանա։ Նախկինում, եթե նման իրավիճակ լիներ, դատարանը զսպող օղակ էր , և հնարավոր էր , որ դատարանը չբավարարեր, իսկ հիմա աջ ու ձախ իրար հետ կպայմանավորվեն ուղղակի»։