Երևան +22°
copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 18:05 29-08-2022

Բրյուսելում Ալիևը նորից կբարձրացնի Արցախի ՊԲ կազմալուծման իր պահանջները, հակառակ դեպքում՝ կգնա ռազմական էսկալացիայի

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի Մոսկվայում կանցկացնեն սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ նիստ։ Բայց գլխավոր իրադարձությունը տեղի կունենա հաջորդ օրը Բրյուսելում։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կհանդիպեն երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։

Թե ինչ է նախատեսվում հանդիպումից, և ինչ սպասելիքներ կարելի է ունենալ, Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը նշեց, որ հանդիպումից սպասել, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի, բնականաբար պետք չէ. «Ինչքանով ես եմ պատկերացնում, Ալիևը նորից կբարձրացնի իր երկու հիմնական պահանջները՝ բնականաբար Արցախի ՊԲ կազմալուծում, և երկրորդ՝ ինքը կփորձի պահանջել, ինչպես ինքն է ասում, հստակ ժամկետներ ճանապարհների հետ կապված, և մենք գիտենք՝ նրանց պայմանները ճանապարհներ են՝ առանց սահմանային և մաքսային վերահսկողության»։

Պողոսյանի խոսքով՝ հակառակ պարագայում Ալիևը կհայտարարի, որ եթե կարճ ժամանակահատվածում իր պահանջները չիրականացնեն, ապա ինքը նորից կանի ռազմական էսկալացիա, ինչպես եղավ օգոստոսի սկզբին, երբ դեռ իր պահանջները Բերձորը, Ներքին Սուսն ու Աղավնոն հանձնելու սկզբում մերժվեցին, տվեցին զոհեր, իսկ օգոստոսի հինգին փաստացի ընդունեցինք Ադրբեջանի պահանջները։

«Երևի թե Ադրբեջանը կհայտարարի Արցախի ՊԲ կազմալուծման կամ ցրման պահանջը, ու եթե դա չբավարարի, ապա ինքը նորից կարող է գնալ ռազմական էսկալացիայի, իսկ Զանգեզուրի միջանցքի մասով էլ գիտենք, որ եթե հայերը չեն համաձայնվում առանց սահմանային մաքսային վերահսկողության ճանապարհ տրամադրել Ադրբեջանից Նախիջևան Սյունիքի տարածքով, ապա իրենք անցակետեր կտեղադրեն այդ նոր ճանապարհով, քանի որ սեպտեմբերի մեկից հին միջանցքն այլև չի գործելու, ՀՀ –Արցախ կապն իրականանալու է այդ նոր՝ 32 կմ ճանապարհով։ Ադրբեջանը, այսինքն, ունի երկու պահանջ։ Հայկական կողմից դժվար է մի փոքր պատկերացնել, թե ինչ կլինի, որովհետև ասվում էր, որ Մինսկի խմբի շրջանակում պետք է ամեն ինչ արվեր, ԼՂ հարցը դեռ լուծված չէ, մեզ համար առաջնայինը ոչ թե կարգավիճակն է, այլ անվտանգությունը։ Հայկական կողմից նախաձեռնություն այդքան էլ շատ չեմ տեսնում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը հանդես կգա ինչ-որ պահանջներով, իսկ հայկական կողմը պահանջները դժվար թե ընդունի, քանի որ բոլորն են խոսում, որ ինչ-որ համաձայնագիր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետք է ստորագրվի, անկախ նրանից, որ մենք հույս ունենք, որ դա Ղարաբաղին չի վերաբերվի, և Ադրբեջանն էլ ասում է, որ միանշանակ դրանով պետք է ղարաբաղյան հարցը փակվի, բայց որպես արդյունք՝ երևի թե կլինի Շառլ Միշելի հայտարարությունը, ինչպես երկու նախորդ հանդիպումներից հետո։ Չեմ բացառում, որ ամեն դեպքում վերջում նշվի, որ ձեռք են բերել պայմանավորվածութուն՝ օպտիմացնել խաղաղության պայմանագրի աշխատանքները»։

Ձեզ գուցե հետաքրքրի