Ներքին 3 տարի առաջ - 16:13 29-08-2022

Շուշի չայցելելով` ԱՄՆ և Ֆրանսիան դեռևս պաշտպանում են Մինսկի խմբի ձևաչափը

Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում կայացած խորհրդաժողովում:

«Այսօր Շուշիում չկան Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները։ Նրանք ցուցադրաբար անտեսել են ադրբեջանական կառավարության հրավերը»,- դժգոհել է Հաջիևը:

Ադրբեջանի նախագահի օգնականը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի այդ քայլը որակել է որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»՝ հավելելով, որ ամերիկյան և ֆրանսիական կողմերի կարծիքով հակամարտությունը դեռ ավարտված չէ։

Հաջիևը նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հասցեին՝ նշելով, որ , որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, այդ երկրները «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը».
«Նրանք վատնել են մեր ժամանակը ամբողջ 30 տարի։ Չընդունելով հրավերը՝ նրանք հերթական անգամ անտեսեցին մեզ»,- բողոքել է Հաջիևը՝ նշելով, որ այլևս հրավեր չեն ուղարկի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններին։

Ավելի վաղ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ադրբեջանում և Թուրքիայում հավատարմագրված շուրջ 70 դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, մասնավորապես՝ Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի:

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք երկու երկրների դեսպանների Շուշի չայցելելը հաղթանակ է մեզ համար, թե՞ ոչ, ի՞նչ մեսիջներ է պարունակում՝ պատասխանեց, որ բավականին վաղ է խոսել հաղթանակի մասին, և բոլոր դեպքերում էլ՝ միջազգային հարթակներում, եթե դրանք չենք կարողանում կապիտալիզացնել,և դրանից էական օգուտ քաղել, ապա դա նշանակում է, որ հաղթանակի մասին խոսելու իմաստ չկա. «ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների չայցելելը Շուշի՝ դրան նախորդել էին որոշակի գործընթացներ՝ մասնավորապես ԱՄՆ կողմից նոր ներկայացուցչի նշանակումը Հարավային Կովկասի հարցերով, միաժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբին որպես համանախագահող, որը նաև Ադրբեջանում բավականին բուռն կերպով էր ընդունվել, և սա պետք է դիտարկել որպես ընդհանուր շղթայի մեկ մասնիկ։ ԱՄՆ փորձ է անում վերակենդանացնել մի մարմնի, որն այլևս գոյություն չունի և Ադրբեջանից նաև դիտողություն եղավ ԱՄՆ-ին, որ նրանք այդ քայլով նաև վնասելու են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱՄՆ ներգրավվածությանը։ Այստեղ պետք է դիտարկել որպես ընդհանուր շղթայի մեկ մասը՝ դեսպանների չայցելելը մեսիջ՝ առ այն, որ առնվազն ԱՄՆ և Ֆրանսիան դեռևս պաշտպանում են Մինսկի խմբի ձևաչափի պահպանումը և արցախյան հիմնախնդրի լուծումը այդ համատեքստում»։

Քաղաքագետի խոսքով, երեկ նաև «Ազատութուն» լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ ստանալու մեկնաբանություն, թե ինչու՞ չէին այցելել. «Այն, որ դա մեսիջ էր, ըստ որում երկու համանախագահող երկրների դեսպանների կողմից՝ սա միանշանակ է, բայց դրան պետք է հաջորդեն որոշակի քայլեր և եթե դրան չեն հաջորդելու որևէ բան, ես կարծում եմ, որ դա մեզ համար կորսված հերթական հնարավորություններից մեկն է։ Այդպիսի հնարավորություններ մենք տևական ժամանակ ունեցել ենք, որոնք չենք օգտագործել, թեև ՌԴ կողմից մեզ տրված այդպիսի մեսիջներ, որոնք մենք կարող էինք կապիտալիզացնել արևմուտքի կողմից,որոնք չենք կարողացել կապիտալիզացնել։ ՀՀ իշխանությունների ՝ ընդհանրապս արտաքին գերատեսչության արձագանքը, թե ինչպիսի աշխատանքներ կտարվեն թե՛ կուլիսներում, թե՛ կուլիսներից դուրս ու դրանից կախված կլինի, դա մեզ համար կլինի՞ հաղթանակ, թե՞ ոչ։ Իսկ այն, որ ադրբեջանական կողմն ինտենսիվ աշխատելու է, որ չեզոքացնի այդպիսի հնարավորությունները՝ դրանում ես կասկած չունեմ և դա մենք արդեն իսկ տեսնում ենք նրանց արձագանքից»։