copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:15 22-08-2022

Քըլըչը «Սուրմալու»-ն չէր նշել, իսկ Ռուբինյանը տեղանունները կիրառել էր թուրքական ոճով. թուրքագետ

«Ընդհանրապես երկու երկրների միջև դիվանագիտական արարողակարգով շնորհավորանքներ, ցավակցություններ նախատեսվում են, և դա արտառոց երևույթ չէ, եթե այդ երկու երկրներն իրար հանդեպ չունեն որոշակի խնդիրներ, և եթե այդ երկու երկրներից մեկը, դիցուք՝ Թուրքիան, չի մասնակցել այն աղետաբեր պատերազմին, որը հանգեցրել է 4000-ից ավելի երիտասարդների մահվան, չի հանգեցրել ինքնորոշված Արցախի մեծ մասի կորստին և այդ երկիրը՝ կոնկրետ Թուրքիան, չի իրականացրել տասնամյակներով թշնամական քարոզչություն և հիմա էլ չի շարունակում այդ քաղաքականությունը»,-այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և այդ գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի «ջերմ» հարաբերություններին։

Թուրքագետի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, կարծես հայ-թուրքական հարաբերություններում ոչինչ չի եղել, և ամեն ինչ շատ լավ է։

«Ցավակցական փոխադարձ հեռագրերը շատ նորմալ կդիտվեին, եթե չիներ այս ամբողջը, և հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե որևէ բան չի պատահել ընդամենը երկու տարի առաջ, և Հայաստանն ու Թուրքիան կարող են դիվանագիտական արարողակարգով նախատեսված փոխադարձ քայլեր անել»,-նշեց նա։

Մելքոնյանը մի շատ կարևոր առանձնահատկություն շեշտեց՝ ի տարբերություն Ռուբինյանի, ով հայկական պատմական տեղանունները կիրառել էր թուրքական ոճով, Քըլըչը ցավակցական հեռագրում «Սուրմալու» բառն առհասարակ չէր նշել․ «Քըլըչն իր ցավակցական հեռագրում չէր նշել «Սուրմալու» առևտրի կենտրոնի անունը, նշել էր ուղղակի առևտրի կենտրոն, որովհետև «Սուրմալուն» հայկական տարածք է, որն այսօր գտնվում է Թուրքիայում։ Քըլըչը հատուկ ուշադրություն էր դարձրել և այդ տեղանունը չէր օգտագործել՝ ի տարբերություն Ռուբինյանի, որը ցավակցելով հայկական պատմական տեղանունները կիրառել էր թուրքական ոճով։ Նա նույնպես կարող էր խուսափել ուղղակի տեղանունների կիրառումից և պահպանել այդ դիվանագիտական արարողակարգը՝ խուսափելով այն տերմինների կիրառումից, որոնք կարող են երկակի նշանակություն ունենալ հայկական և թուրքական ընկալումներում։ Կարծում եմ՝ նրանց համար չկան այն կարմիր գծերը, հիշողությունը պատմական հայրենիքի հանդեպ, և իհարկե չի կարող չխոսել այն փորձի պակասը կամ փորձի չգոյությունը, որը առաջ է բերում նման երևույթներ»։

Թուրքագետը այս ամենը որակեց այս իշխանության ամենամեղմ սայթաքումը։

«Մեր Արտաքին գործերի նախարարությունը, որը նախկինում ամենապրոֆեսիոնալ կառույցներից էր, այսօր համալրված է ոչ պրոֆեսիոնալներով, ուստի արտաքին քաղաքականության մեջ նման սայթաքումները երևի թե ամենամեղմ սայթաքումներն են, որ կարելի է սպասել այս ոչ պրոֆեսիոնալ և ազգային գիտակցության շատ տարրերից հեռու իշխանությունից»,-եզրափակեց Մելքոնյանը։

Անի Ներկարարյան

Ձեզ գուցե հետաքրքրի