Երևան +15°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:08 22-08-2022

Եթե ադրբեջանցիները մաքսակետով մտնեն Հայաստան, ուրեմն ընդունում ենք, որ օրինական են մտել, և ուր ուզեն, կգնան․ Հենրիկ Քոչինյան

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Ադրբեջանցիների մուտքը Հայաստան ապահովելու համար Հայաստանի կառավարությունը 3 նոր մաքսակետեր կկառուցի։ Մենք արդեն գրել էինք, որ Պետական եկամուտների կոմիտեն կառավարության որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ, և 3 նոր մաքսակետերը, ըստ դրա, կկառուցվեն Սյունիքի մարզի Քարահունջ, Գեղարքունիքի մարզի Սոթք և Արարատի մարզի Երասխ համայնքներում։

Տրանսպորտի և հաղորդակցության նախկին նախարար Հենրիկ Քոչինյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե հաշվի առնելով այդ մաքսակետերի տեղակայությունը, կարելի՞ է ենթադրել, թե ինչ ավտոճանապարհներով են ադրբեջանցիները Հայաստանում տեղաշարժվելու, ո՞ր բնակավայրերով են անցնելու․ « Սոթքից մուտքի դեպքում կարող է հետևյալ կերպ լինել, որ իրենք Սոթքից գան, Սևանի մայրուղով, Երևանով գնան Երասխ, կամ կարող են Սոթքից Վարդենիսով գնալ Մարտունի, Մարտունիով, Սելիմի լեռնանցքով գնալ Եղեգնաձոր և այլն։ Քարահունջից գալու դեպքում պետք է դուրս գան Մ2 մայրուղի, Շինուհայր խաչմերուկում, և գան Վայքով, Եղեգնաձորով գնան Երասխ»,- պատասխանեց Քոչինյանը։

Տրանսպորտի նախկին նախարարին հարցրինք, թե ինչպես է ապահովվելու ադրբեջանցիների երթևեկությունը Հայաստանում, այսինքն՝ նրանք մեր քաղաքացիների հե՞տ են երթևեկելու նույն ժամանակահատվածում նույն ճանապարհով, թե՞ այլ կերպ է կազմակերպվելու նրանց անցումը Հայաստանի տարածքով։ Քոչինյանը պատասխանեց․ « Զուգահեռ։ Հիմա, ասենք, ինչպես պարսիկներն են գալիս, նույն կերպ։ Մ2-ում պարսկական մեքենա կա, հայկական կա, կարող է նաև ռուսական լինել, կամ վրացական լինել։ Երբ մաքսակետով ինչ-որ մեկը սահմանը հատում է, և դու համարում ես, որ նա օրինական է հատել, դրանից հետո նա քո տարածքով ուր ասես կարող է գնալ»։

Քոչինյանին հարցրինք նաև, թե հնարավո՞ր է, որ այս 3 մաքսակետերի կառուցման և Հայաստանով դեպի Նախիջևան ադրբեջանցիներին ճանապարհ տալը հիմք դառնա, որ Ադրբեջանը հրաժարվի Սյունիքի միջանցքից, կարո՞ղ են այս ճանապարհները փոխարինել միջանցքին, թե՞ սրանց զուգահեռ նաև միջանցքի հարցն է շարունակելու առկախված մնալ։
« Իմ կարծիքով՝ ադրբեջանցիները էլ չեն կարող դրոշակ սարքել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապի տրամադրումը, թե միջանցք տվեք և այլն։ Մենք միշտ էլ կարող ենք ասել, և միջազգայնորեն դա ընդունված տարբերակ է, որ կա պաշտոնական մաքսակետ, անցեք այս մաքսակետով, մյուս մաքսակետով դուրս եկեք։ Չեմ էլ կարծում, որ ամսվա ընթացքում 2 անդրբեջանցի Հայաստանով գալու է, գնա Նախիջևան կամ հակառակը։ Այսօր Նախիջևանը Իրանի տարածքով շատ լավ կապ ունի Ադրբեջանի արևմտյան շրջաններ կոչեցյալի հետ, և ովքեր որ տարիներով Իրանով գնացել են, հիմա այս ոլոր-մոլոր ճանապարհներով չեն գա-գնա, բայց մեր ձեռքին գործիք կլինի, որ մենք ասենք՝ ի՞նչ միջանցք, միջազգային չափանիշներին համապատասխան մաքսակետ կա, պայմաններ կան, ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում, գնացեք, ինչպես ուզում եք»,- պատասխանեց Քոչինյանը։

Իսկ վտանգ չկա՞, որ ադրբեջանցիները մաքսակետն անցնելուց հետո ոչ թե միանգամից կուղևորվեն Երասխ, այլ երկար կմնան Հայաստանի տարածքում կամ Նախիջևան այդպես էլ չեն գնա՝ հարցրինք Քոչինյանին․ «Երկար մնալու խնդիրը հետ գնալու ժամանակ դու արդեն կարող ես ֆիքսել։ Սովորաբար երկրները ինչ-որ պայմանավորվածություններ են ունենում, համապատասխան փաստաթղթեր են ստորագրում, որ այլ երկրի քաղաքացու մուտքը թույլ են տալիս 1 ամսով, մի քանի ամսով, անժամկետ և այլն։ Այսինքն՝ միջպետական որոշակի համաձայնագրեր պետք է ստորագրվեն։ Հետո գիտեք ինչ՝ պիտի բաց թողես ու աչքդ վրանները պահես, թե եկավ, ո՞ւր գնաց, Երևանի ռեստորաններից մեկում քե՞ֆ արեց, առևտուր արե՞ց, թե՞ եկավ, տարանցիկ անցավ, գնաց։ Պետք է հետևել։ Երբ ինչ-որ մեկին ուզում ես մեղադրել, ապա առաջինը դու քո բոլոր պարտականությունները պիտի կատարես։ Դա համապատասխան ծառայությունների համար լրացուցիչ աշխատանք է։ Թշնամու հետ գործ ունենք, ուրեմն պիտի մի քիչ քիչ քնենք»։

Այս օրերին, երբ Հայաստանը պատրաստվում է մաքսակետեր կառուցել ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան ապահովելու համար, նույն ժամանակահատվածում էլ Լաչինի միջանցքի հայկական գյուղերն են հայաթափվում՝ Լաչինի միջանցքով դեպի Արցախ նոր ճանապարհով երթևեկությունը կազմակերպելու պատճառաբանությամբ, մինչդեռ շատերը պնդում են, որ սրա հետևանքով կարող է Արցախի և Հայաստանի կապն ընդհանրապես ընդհատվել։ Քոչինյանին հարցրինք՝ արդյոք նման վտանգ տեսնում է․ « Եթե ձևականորեն նայենք՝ Հայաստանի ու Արցախի կորուստ չի նշանակում, որովհետև, ասենք, Կոռնիձորով կարող ենք գնալ, բայց փաստացի իսկապես կորուստ է։ Ձևականորեն այդպես չէ, որովհետև ադրբեջանական կողմը կարող է ասել, որ ճանապարհը կա, էն ժամանակ Տեղ գյուղից էիք մտնում, Բերձորով գնում, հիմա Կոռնիձորով մտեք, այդ ճանապարհով եկեք, գնացեք Լիսագորով ճանապարհը շարունակեք դեպի Ստփանակերտ, բայց ի վերջո դա նշանակում է Արցախի հայաթափում»,- պատասխանեց Հենրիկ Քոչինյանը։