Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:10 19-08-2022

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողներին զենք կրելու, ուժ գործադրելու և շներ օգտագործելու իրավունք կտան

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողներին զենք և հատուկ միջոցներ կրելու, ինչպես նաև ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք տալ։

Մասնավորապես նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում և այն լրացնել 7,1 գլխով, որը հենց վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, զենք, հատուկ միջոցներ, այդ թվում՝ տեխնիական միջոցներ, նյութեր ու նույնիսկ շներ օգտագործելու իրավունքների տրամադրմանը։

Ուսումասիրելով Գլուխ 7․1-ը՝ տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք հատուկ նշանակության ստորաբաժանման կամ գոնե ոստիկանության հետ, որովհետև այն գործառույթները, որոնք վերապահվում են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին, ավելի շատ ոստիկանությանն են համապատասխանում։ Ստորև ներկայացնենք մի քանի մեջբերում նախագծից․

Հոդված 45.3. Հատուկ միջոցների գործադրումը

1. Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է:

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման կամ այլ գործառույթներն իրականացնելիս իրավունք ունեն հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցներ գործադրել`
1) քաղաքացիների և հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս.
2) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.
3) ենթադրյալ հանցանքի կատարման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.
5) կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցանք կատարած անձանց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով հակակոռուպցիոն կոմիտե բերելիս կամ ձերբակալելիս, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին.
6) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.
7) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին. ենթադրյալ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել`
1) ռետինե մահակներ` սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում.
2) արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.
4) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) արգելանքներ քանդելու միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.
6) մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետերով նախատեսված դեպքերում.
7) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ` սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում. հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքերում.
9) ծառայողական շներ` սույն հոդվածի առաջին մասի 1-6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 45.4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:

4. Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:

5. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի օգտագործել իրեն հասանելի բոլոր հնարավոր միջոցները:

6. Արգելվում է հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

7. Հատուկ միջոցները գործադրելու և դրանք հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 45.4. Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը)

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման կամ այլ գործառույթներն իրականացնելիս իրավունք ունեն զենք գործադրել`
1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.
2) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.
3) պատանդներին ազատելիս.
4) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
5) կոռուպցիոն բնույթի ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաև նրանց բռնի ազատման փորձերը հետ մղելիս:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործել`
1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի ու առողջության համար և չի ենթարկվում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.
2) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
3) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Կառավարությունը: Արգելվում է հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ զենքի կամ ռազմամթերքի այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք պատճառում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվածից առավել ծանր վնասվածքներ կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր:

6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաև հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: