Երևան +13°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:54 17-08-2022

Երբ մեկը իշխանության հասցեին մի բան է ասում, վայրկենական կալանավորում են, երբ իրենց պետք չի, գործը ձգձգվում է․ Րաֆֆի Ասլանյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի 4-րդ օրն է, փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, սակայն որևէ մեկին դեռ մեղադրանք առաջադրված չէ, որևէ պաշտոնատար անձ դեռևս աշխատանքից ազատված չէ։

Փաստաբան, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ դատախազությունում վարույթ նախաձեռնելու հոդվածները դոգմա չեն, այսինքն՝ կարող ես վարույթ նախաձեռնել մի հոդվածով, բայց անձի նկատմամբ հետագայում քրեական հետապնդում հարուցել բոլորովին այլ հոդվածով։

«Սրանք միայն նախնական գնահատականներ են։ Այդ առումով խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է մեղադրյալներ չլինելուն, դատախազության հաղորդագրությունների համաձայն՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դեռևս որոշակի վարությային գործողություններ կան անհրաժեշտ։ Ես քրեական գործերի նյութերին ծանոթ չեմ, չեմ կարող ասել, թե այս պահին ապացույցները բավարա՞ր են անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, խախտումն այդքան ակնհա՞յտ էր, թե՞ ոչ։

Բայց հաշվի առնելով մեր երկրում տիրող պրակտիկան, գործերի քննության դանդաղկոտությունը, գործերի մեջ այլ ենթատեքստեր փնտրելը, գործերը ոչ իրավական չափանիշներով տարանջատելը՝ ես կդժվարանամ օբյեկտիվ գնահատական տալ, որովհետև այն, ինչ տեսնում ենք, դրական ակնկալիքների հիմքեր չի տալիս ո՛չ դատախազությունից, ո՛չ նախաքննական այլ մարմինների կողմից։ Այստեղ իրավաբանություն չկա, այսօր իրավաբանությունը հետին պլան է մղված։ Բոլոր այն դեպքերում, երբ իրենց պետք է, երբ, օրինակ, որևէ մեկը մի բան է ասում իշխանության հասցեին, եթե հատկապես ասողը քաղաքական ընդդիմության շարքերից է լինում, իրենք վայրկյանական ապացույցներ են գտնում, բերում, կալանավորում են։ Եթե իրենց անհրաժեշտ չի, գործը ձգձգվում է»։

Համեմատելով միջազգային փորձը՝ փաստաբանն ընդգծեց, որ եվրոպական երկրներում, երբ մարդկանց մահվան ելքով որևէ պատահար է լինում, անմիջապես կալանավորվում և քրեական հետապնդման տիրույթ են բերվում մի շարք անձինք, այդ թվում՝ պաշտոնատար, օրինակ, լիազորությունների չարաշահման հոդվածով։

Հարցին, թե մեր իրականության մեջ այն մտավախությամբ, թե անձը կարող է խոչընդոտել նախաքննությանը կամ փորձել խուսափել քրեական հետապնդումից, բազմաթիվ կալանավորումներ են տեղի ունենում, իսկ այս դեպքում ի՞նչն է խանգարելու իրապես մեղավորներին հայտնաբերելու, Ասլանյանն ասաց, որ ուշացած արդարադատության բազմաթիվ օրինակներ ունենք և ունենալու ենք։

«Հաշվի առնելով մեր նախաքննական մարմինների գործելաոճը՝ ես ոչ մի քրեական գործով դրական ակնկալիք չունեմ։ Այն, ինչ ես եմ տեսնում, ինձ համար դրական ակնկալիք չի առաջացնում, հերթական անգամ ես էլի ոչ մի ակնկալիք չունեմ։ Տեսեք, իրենք ասում են՝ դեռ ապացույցներ պետք է հավաքվեն և այլն, բայց եթե խոսքը փորձաքննությունների մասին է, ասեմ, որ տարբեր տեսակի փորձաքննությունները տարիներ հետո են ստացվելու, կարող է 2-3 տարի անց շինությունների, տարածքի ուսումնասիրություններ արվեն, այսինքն՝ 2 տարի ա՞նց պիտի տեսնեն՝ մեղադրյալ ունե՞ն, թե՞ ոչ։

Քանի որ վարույթի նյութերին ծանոթ չեմ, դժվարանում եմ որևէ բան ասել, իմ եզրակացությունները կառուցում եմ գոյություն ունեցող տեղեկատվության վրա։ Ես ընդամենը իմ հետևությունները կառուցում եմ ընդհանուր գոյություն ունեցող պրակտիկայի վրա, երբ առաջին պլան են մղվել բոլոր քաղաքական գործերը, և ամբողջ քրեական հետապնդման մարմինները աշխատում են մեկ անձի պաշտպանության ուղղությամբ, մնացած բոլոր քրեական գործերի ճակատագիրն անտեսված է։ Ես չեմ կարող ասել՝ արդյո՞ք սա մնալու է այդ անտեսված գործերի մեջ, արդյո՞ք սա քաղաքական կոմպոնենտ ունի, թե՞ ոչ, արդյո՞ք վարույթն իրականացնող մարմիները քրեական հետապնդման մարմինը զգոն կլինեն՝ հաշվի առնելով, որ արդեն 16 հոգու մահ է արձանագրվել»։