Ուղիղ խոսք Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:43 13-08-2022

Մեր բանակին հրահանգված է լքել դիրքերը Տավուշի մարզում․ Արթուր Վարդանյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Oragir.news-ի հետ զրույցում «Հայոց վահան» հասարակական կազմակերպության ղեկավար, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում դատախազը մեղադրական ճառի ավարտին 16 տարվա ազատազրկում է պահանջել իր համար, իսկ մյուս ամբաստանյալների համար՝ 9-13 տարվա։

«Ակամա հիշեցի Ադրբեջանում դատապարտված մեր հայրենակիցներին, որոնք նույնպես դատապարտվել են մինչև 16 տարվա ազատազրկման։ Զազրելին այն է, որ հաշվի չեն առնվել այն հանգամանքները, որ նույն ամբաստանյալներից շատերը 1990-2020 թվականների պատերազմների մասնակիցներ են։ Նրանցից շատերը առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Օրինակ՝ Էդուարդ Ներսիսյանը շատ լուրջ առողջական խնդիր ունի և ծայրահեղ ծանր իրավիճակում է։ Անհնար է նստել նայել, թե ինչպես են մեկ առ մեկ բոլորիս կոտորում մեր հայրենիքում։ Դատական պրոցեսի ընթացքում անգամ ինձ պարբերաբար զգուշացրել են, որ Արցախի մասին խոսելը, խնդիրների մասին բարձրաձայնելը կարող են վնասել մեր գործին։ Մեղադրական ճառի ընթացքում անգամ դատախազը խոսեց այն մասին, որ ես մասնակցություն եմ ունեցել Արցախյան պատերազմին։ Հիմա ուզում եմ հարցնել՝ կարո՞ղ է մի օր մեզ հանձնեք Ադրբեջանին, ու դրանով ամեն բան ավարտվի»։

Նա նշեց, որ տեղեկություններէ ստացել, որ Ադրբեջանը Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարել այն մարդկանց նկատմամբ, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին, իսկ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլը ընդունել է այդ հետախուզությունը։

«Մի քանի շաբաթ առաջ այն վայրում, որտեղ ես հաշվառված եմ, ոստիկանության համազգեստով մի քանի անձ են այցելել և հետաքրքրվել են, թե արդյոք այդտեղ եմ բնակվում։ Մեր իրավապահների համար ես հասանելի եմ․ թե՛ իմ հեռախոսահամարները, թե՛ բնակության հասցեն նրանց հայտնի է։ Դրանից հետո ես գնացի ոստիկանություն՝ պարզելու համար, թե ինչու են ինձ որոնել, պարզվեց՝ այցելողները ոստիկանությունից չեն եղել, թե ովքեր են եղել, չգիտեմ»։

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նա նշեց, որ տեղեկություններ ունի, որ Տավուշի մարզում ադրբեջանցիների համար ճանապարհ են սարքում։ «Հայաստանում 3 տեսակի ճանապարհ է կառուցվում Ադրբեջանի և Թուրքիայի կապն ապահովելու համար։ Ավելին, մեր բանակին հրահանգված է լքել դիրքերը Տավուշի մարզում և տեղափոխվել այլ տարածքներ»։

Մանրամասները՝ տեսանյութում․