copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:04 03-08-2022

Եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ս․թ․ օգոստոսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ահաբեկելու, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի սողացող օկուպացման ծրագրավորված քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ նմանօրինակ ագրեսիայի և հրադադարի խախտման դեպքեր են հանդիսանում այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գյուղի ուղղությումբ, 2020 թվականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ձեռնարկված գրոհը, որոնք նույնպես գտնվում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։

Ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար:

Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա և եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, անհապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված պայմանների իրագործման, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձման ուղղությամբ:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք կետերի չկատարման պատճառը Ադրբեջանի կողմից դրանց կամայական մեկնաբանություններն են, շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները:

Հայաստանի Հանրապետությունը, ևս մեկ անգամ վերահաստատելով իր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին, միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու և դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ»:

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
22:58 Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը. Լևոն Ազիզյան
23:41 Իշխանության նպատակը 2026-ին ընդառաջ մրցունակ բոլոր ուժերին թուլացնելն է կամ մեկուսացնելը. Աբրահամյան
08:55 Վրաստանում կատարակտի բուժման համար օգտագործվող կաթիլները 3–5 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի