Պատերազմի մեջ մեղավոր է ոչ միայն Պուտինը, այլև Արևմուտքը. Նոամ Հոմսկի
copy image url

Պատերազմի մեջ մեղավոր է ոչ միայն Պուտինը, այլև Արևմուտքը. Նոամ Հոմսկի

Արտաքին 2 տարի առաջ - 15:09 25-07-2022
Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ամերիկացի գիտնական Նոամ Հոմսկին դարձել է ամենահայտնի արևմտյան մտավորականներից մեկը, որը, դատապարտելով պատերազմը, դրա պատասխանատվությունը դնում է Արևմուտքի վրա՝ կոչ անելով «հակամարտությունը խաղաղ կարգավորել»:

2022 թ. մարտի սկզբին՝ պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում, «TruthOut»-ին տված հարցազրույցում նա Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է 20-րդ և 21-րդ դարերի պատմության ամենավատ ռազմական հանցագործություններից մեկը՝ համեմատելով ԱՄՆ-ի Իրաք ներխուժման և 1939 թ. Ստալինի ու Հիտլերի միջև Լեհաստանի բաժանման հետ:

«Медуза»-ին տված հարցազրույցում Հոմսկին պատերազմի պատճառն անվանել է սադրանքը, սակայն, ըստ նրա, դա չի արդարացնում պատերազմը. «Դա նույնն է, ինչ Դուք ինձ սադրեք, իսկ ես վերցնեմ զենքն ու Ձեզ սպանեմ. ես մեղավոր կլինեմ սպանության մեջ՝ անկախ նրանից, որ Դուք եք ինձ սադրել: Միջազգային օրենքները գործում են նույն կերպ. ՄԱԿ-ի կանոնադրությունը թվարկում է այն դեպքերը, երբ ուժի կիրառումն արդարացված է, և սադրանքը դրանց թվում չկա»։

Ըստ մտավորականի՝ պատերազմը կարող է ավարտվել կա՛մ դիվանագիտական ​​ճանապարհով, կա՛մ առանց դրա, այսինքն՝ մի կողմը կապիտուլյացիայի է ենթարկվում, մյուսը՝ ոչ. եթե ​​կողմերից մեկը կապիտուլյացիայի չենթարկվի, ապա դա ողբերգական հետևանքներ կունենա Ուկրաինայի և բոլորի համար. «Ռուսաստանն ակնհայտորեն չի պատրաստվում կապիտուլյացիայի ենթարկել, նա ունի զենքեր, որոնց մասին մենք բոլորս գիտենք։ Այս զենքն ի զորու է ոչնչացնել ոչ միայն բուն Ուկրաինան, այլև նրա սահմաններից դուրս շատ երկրներ։ Այսպիսով՝ իրական ընտրությունը դիվանագիտական ​​լուծման և այնպիսի լուծման միջև է, որը կհանգեցնի ոչ միայն բուն Ուկրաինայի, այլև մնացած աշխարհի կործանմանը»:

Հոմսկին ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումը, որն արտահայտվել է վերջին գագաթնաժողովում, այն է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի պարտվել։ Ավելին՝ Ռուսաստանի պարտությունը պետք է լինի ավելի ամբողջական, քան Գերմանիան կրել է Առաջին համաշխարհային պատերազմում, ուստի, ինչպես նշում են բազմաթիվ մեկնաբաններ, Արևմուտքի նպատակն է մինչև ուկրաինական արյան վերջին կաթիլը պայքարել Ռուսաստանի դեմ։

Մտավորականը պնդում է, որ եթե ​​Ուկրաինան զենք է խնդրում արևմտյան գործընկերներից, նրան պետք է տալ պաշտպանության համար անհրաժեշտ ցանկացած զենք. «Բայց նրանք, ովքեր զենք են տալիս Ուկրաինային, պետք է հասկանան, որ վտանգված է ոչ միայն ուկրաինացիների, այլև բոլորի կյանքը։ Արևմուտքը պետք է հիշի, որ զենքը, որը նա մատակարարում է Ուկրաինային, ի վիճակի է ամբողջ աշխարհը հասցնելու պատերազմի շեմին, որում կկործանվի ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ աշխարհը»։

Հոմսկին կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծման երկու տարբերակ կա՝ դիվանագիտությամբ և առանց դրա։ Ոչ դիվանագիտական ​​ուղին նշանակում է շարունակել պատերազմը դրան ուղեկցող բոլոր ավերածություններով և զոհերով՝ հուսալով, որ նախ՝ Ուկրաինան կդիմակայի, երկրորդ՝ եթե սկսի հաղթել, Ռուսաստանը չի դիմի այն ծայրահեղ միջոցներին, որ ունի իր զինանոցում։

Երկրորդ տարբերակն է վերջապես դադարեցնել դիվանագիտական ​​լուծման սաբոտաժը և սկսել աշխատել խաղաղ պայմանագրի վրա, որին կհամաձայնեն երկու կողմերը, թեև միանգամայն հնարավոր է, որ պայմանագիրը նրանցից ոչ մեկին լիովին չբավարարի:

Ամենից շատ դիտված