Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:35 24-07-2022

Կարո՞ղ ենք այսպես ապրել

Մեր երկրի օտարադավան վարչակալը շարունակաբար իր հայատյաց գործն է անում ուրիշի ձեռքերով։ Այսօր ա՛յս դատավորի վրա մարդասպանության իր մեղքը բարդելով, վաղը ա՛յն ոստիկանին վերագրելով քաղաքացիներին խոշտանգելու ու նսեմացնելու իր նենգամիտ հրահանգի հանցավորությունը, հետո` նախարարներից կամ օլիգարխներից որևէ մեկի՛ն կամ մի քանիսի՛ն զոհաբերելով` բյուջեից անհագ ու անիմաստ ծախսածը արդարեցնելու միտումով։

Նապոլեոնի բարդույթով վախեցած մարդու էությունն է սա. նա միշտ է այդպես ապրել, սովոր է։ Հղի կնոջ կյանքը կոպիտ վրաերթով ընդհատած ու ոչ մի կերպ չպատժված թավշապետական թիկնազորի վարորդը, կամ ծերունուն երկու ձեռքով խեղդող ու յուրացրած ամենացավոտ հարվածներով գետին տապալող հատուկջոկատայինը կարողանալո՞ւ են ապրել այդ հիշողությամբ։ Ռեժիմի ծառաների ու սպասարկուների համար անմարդկայնությունը սովորակա՞ն է դառնալու, աշխատա՞նք է համարվելու։ Ի ՞նչ խղճով են այսպիսիները այդպես վաստակած հացը տուն տանում ու դրանով իրենց երեխաներին ու ընտանիքը կերակրում։ Ակնհայտ անմեղ մարդկանց կանխամտածված սպանելու նկրտումով կալանքի մի շարք պատվիրված որոշումներ ընդունած, այլոց օգնել զլացած ու իր անօգնական մնալուց զայրացած, կոլեգաներին մեղադրող ու նրանց արդարացի արգահատանքի ծանրությունը զգացած, անսքող ամոթից Դատավորների միության անդամությունը դադարեցրած տիկին դատավորը կարողանալո՞ւ է այսուհետ խիղճը հանգիստ ապրել։

Պարծենալո՞ւ է իր կարիերային թավշապատ առաջընթացով, իր ունեցած ո՞ր արժանիքներն է գնահատված համարելու, ծնողներին ու մտերիմներին ինչպե՞ս է բացատրելու, որ իր արածների հետևանքով քաղաքական հաշվեհարդարներ ու զոհեր են լինում։ Իմ երջանկահիշատակ ուսուցիչներից մեկը` ով նաև մեր երկրի հիմնադիր սահմանադրության հեղինակն է, մի քանի անանց ու հզորագույն մտքեր է մեխել իմ ուղեղում. «եթե մարդը չի ամչում` ամոթից չի մեռնի», «մեր երկիրը կործանելու են իմիտացիան ու դիլետանտությունը», «մաքուր խիղճը վատ հիշողության նշան է»։ (Ի դեպ` նա շատ ավելի շատ է ուսուցանել ներկայիս ԿԸՀ նախագահին. կյանքը ցույց տվեց, որ` ի զուր)։ Հիմա նշված այս բոլոր արատները իր մեջ մեկտեղած վարչակալ ունենք։ Այսօրվա մեր ունենածի կառավարման սարսափելի, ավերիչ, կործանարար հետևանքներից մեկն էլ մարդուն ապամարդացնելն է, բարոյազրկելը, ամոթը ու հիշողությունը ոչնչացնելը, հավատը ջնջելը։ Հետևաբար. մեր երկիրը չի կարող չկործանվել` քանի դեռ նրա ձեռքին է մեր պետության ղեկը։

Մեր ժողովուրդը, ազգը չի կարող չդեգրադացվել` քանի դեռ նա է քաղաքացի լինելու տիպարը ու նրա դեմքով ենք ներկայանում աշխարհին։ Թուրքն ահագնացնում է հիբրիդային պատերազմը Հայաստանի ու Արցախի դեմ, սպառնում է ռեալ պատերազմով, իսկ թավշյա ռեժիմը խորոցնում ու թեժացնում է անուղղակի ագրեսիան ժողովրդի նկատմամբ, դատապարտում է թրքացման։ Փաստացի նույնն է և՛ ներքին, և՛ արտաքին ագրեսորի նկրտումը. ոչնչացնել հայությունն ու ամենայն հայկականը։ Ռուսթավելին ճշգրիտ է բանաձևել այս իրավիճակը. «Ինչպես ինքներս ենք մեզ վնասում, թշնամին դժվար թե համարձակվի»։ Հին Հունաստանում կար «ὕβρις» - «հիբրիս» հասկացությունը, որը կարելի է թագմանել` հանդուգն, անպատկառ, լկտի։ Սա համարվում է «բարձր պաշտոնի հիվանդություն»։

Հիբրիսով «հիվանդանում» են անբարտավան, գոռոզ, սնապարծ, եսասեր անձինք ու անվերադարձ դառնում են հարափոփոխ, անկանխատեսելի, վրեժխնդիր, հիշաչար։ Այսպիսի արատավոր մարդկանց մոտ ի վերջո առաջանում է ինքնաստվածացման մարմաջ։ Իրավագիտությունը հիբրիսին տալիս է խոսքով կամ գործով վիրավորելու իմաստ։ Արդի քաղաքագիտությունը նշում է, որ կարող են լինել հիբրիս պետություններ ու անգամ քաղաքակրթություններ, որոնք դատապարտված են ինքնաոչնչացման։ Ժողովրդի, հասարակության կյանքում հիբրիսը սոցիալական, մշակութային, գոյաբանական ճգնաժամի, քաոսի, հոգեվարքի դրսևորումն է։ Որոշ պատմաբաններ Հիթլերի վարքը բնութագրել են հենց հիբրիս արտահայտությամբ։ Տպավորություն է, որ Հայաստանը ավելի քան չորս տարի հաղթանակած հիբրիսի երկիր է ու հայությունն ապրում է տոտալ հիբրիսի տիրույթում։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել