copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:04 23-07-2022

Խամրող անկախություն

Նախկին խորհրդային սոցիալիստական բոլոր հանրապետությունները ու նույնիսկ Ռուսաստանի ֆեդերացիան մի ինչ-որ պահի շարվեշարան սկսեցին հռչակել իրենց անկախությունը։ Մինչդեռ հիմա էլ մինչև վերջ պարզ չէ, թե ով ինչից էր անկախանում, երբ Խորհրդային միությունը արդեն իսկ փլուզված էր, և ԽՍՀՄ-ի բաղկացուցիչ «պետությունները» կամա թե ակամա պետք է հռչակեին իրենց անկախ պետականությունը պահպանելու կամքը։

Այսինքն՝ մինչև խորհրդային «պետություն» դառնալը պետականություն չունեցած հանրապետությունները նույնպես աշխարհին կա՛մ պետք է ասեին, որ իրենք կան ու այդուհետ որպես ինքնիշխան պետություններ` առանձին են ներկայանալու, կա՛մ էլ ասեին, որ մտնում են այս կամ այն պետության կազմ։ Առավել ևս ամբողջությամբ անհասկանալի մնաց այն իրողությունը, որ 1991-ի մարտի 17-ին անցկացված համապետական ռեֆերենդումին մասնակցածների 76%-ը դրական պատասխանեց «ԽՍՀՄ-ն անհրաժե՞շտ է պահպանել որպես ինքնիշխան իրավահավասար հանրապետությունների նորացված ֆեդերացիա» հարցին, բայց Ինքնիշխան պետությունների միություն (ԻՊՄ) ստեղծելու ծրագիրը խափանվեց, իսկ նույն տարվա դեկտեմբերի 8-ին Բելովեժյան թավուտում Բելառուսի, Ուկրաինայի ու ՌԴ-ի ղեկավարների ստորագրած համաձայնագրով ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեց և անկախացած նախկին 15 հանրապետություններից 11-ը (առանց Վրաստանի ու Մերձբալթյան հանրապետությունների) դեկտեմբերի 21-ին կազմավորեցին ԱՊՀ-ն։

Այսօրվա հայացքով այս եղելություններին նայելու ցանկության դեպքում նաև կարելի է տեսնել, որ իրենց անկախությունները հռչակելու օրից ու արդեն ավելի քան 3 տասնամյակ անխտիր բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները ուզում են անկախանալ, բայց ոչ մի կերպ չեն կարողանում սրանից կամ նրանից չկախվել։ Գուցե պատճառը հենց այն է, որ «անկախանալ երազող», «ինքնիշխան լինել ուզող» բոլոր հետխորհրդային երկրներում ոչ ոք լավ «չգիտի» ու սկզբունքորեն չի էլ ուզում իմանալ, թե ինչ է անկախությունը արդի աշխարհակարգի պայմաններում և ինչպես կարելի է անկախ լինել հատկապես վերջին երեք տասնամյակում առավել ինտենսիվ ու շատ ցավալի վերաբաժանվող աշխարհում։ Գուցե հենց այս իրավիճակն է կանխատեսել ծագմամբ հրեա լեհ երգիծաբան Եժե Լեցը, երբ հարցնում էր. «Դե լավ... ասենք գլխով քանդեցիր պատը, իսկ ի՞նչ ես անելու հարևան բանտախցում»։ Գուցե անկախ լինելու երազանքն է հենց ինքնին անիրագործելի։

Ինչևէ, բայց տեսանելի փաստ է, որ անգամ «սոցիալիստական» կոչված ճամբարի կախյալ անդամներից ոչ մեկը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գործնականում այդպես էլ չանկախացավ, այլ մեկ ուրիշի նոր մի բանից կախվեց։ Գուցե անգամ տեսականորեն անկախությունը հիմա հնարավոր է միայն շվարցյան հայտնի բանաձևով. վիշապից փրկվելու միակ հնարը սեփական վիշապ ունենալն է։ Այսինքն՝ դու եթե «վիշապ» չես, դատապարտված ես մի որևէ «վիշապից» կախված լինելու, բայց կարող ես ընտրել` որ «վիշապից»։ Հետևաբար ողջ «անկախանալու երազանքը» հենց դադարում է վերացական երազ լինել, իսկույն էլ վերածվում է «ո՞ւմից կախված լինել» դաժան ու միշտ ցավոտ ընտրության։ Հենց այս ընտրություն է, որ ոմանք արդեն արել են պատմականորեն ու ակամա, իսկ ոմանք ուզում են, բայց ոչ մի կերպ չեն կարողանում անել։ Նույնիսկ ի սկզբանե «ազատ» արևմուտքի ծոցում ու միշտ «անկախ» համարված երկրներում, ինչպես ժամանակը բացահայտեց, կա նույն «անկախանալու երազանքը»։ Պարզ է, չէ՞, որ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելը բոլոր այս «ազատ»-ների համար միևնույն «վիշապին ընտրելն» է։ Հիմա արդեն բացահայտ է, չէ՞, որ Եվրոպայի բոլոր «անկախ» երկրներում էլ կան ինքնուրույն որոշումներ կայացնելու, սեփական բանակ, տնտեսություն, ներքին ու արտաքին քաղաքականություն ունենալու, առանց Բրյուսելի պարտադրական ցուցումների, առանց ՆԱՏՕ-ի ռազմակայանների հսկողության ապրելու երազանք ու ձգտում։

Ուստի եթե շարունակենք դիտարկել ու քննել «անկախության երազանքի» բազում դրսևորումները, ապա կհամոզվենք, որ անկախանալ ձգտող, բայց կախյալ մնացող երկրում ևս վերջին երեք տասնամյակներին մեկը մյուսին փոխարինած ու իրար դեմ անզիջում հակամարտած բոլոր նախագահները, որքան էլ աբսուրդային հնչի, նույն բանն են ուզել ու նույն բանն են արել, բայց ոչ մեկին չի հաջողվել «փրկել» իր երկիրը։ Բանն այն է, որ ըստ էության՝ բոլորը՝ կամա թե ակամա, և ամեն մեկը յուրովի կատարել են հին կամ նախկին վիշապի կախվածության տակ մնալու կամ նրանից ազատվելու կամ էլ նոր կամ ներկա որևէ վիշապի կախվածության տակ մտնելու ընդհանրական ծրագիրը։ Եվ ոչ մի երկում ու ոչ մեկը չի արել այն, ինչն արդեն չորս տարի մեր երկրում անում է մեր տեղական աննախադեպ դրածոն, ոչ ոք իր երկիրը կախվածության մեջ չի դրել իր դարավոր արյունարբու թշնամուց ու չի հպատակվել իրեն ոչնչացնելու նկրտումը չթաքցնող վիշապին։